Փուլայինի կողմնակից են

02/04/2006

«Ամենասկզբից մենք հասկացանք, որ ղարաբաղյան խնդիրը չի հաջողվի լուծել առանց Ստեփանակերտի մասնակցության»,- հայտարարել է Տարածաշրջանային հակամարտությունների հարցերով Դորտմունդյան կոնֆերանսի աշխատանքային խմբի ամերիկյան համանախագահ Հարոլդ Սոնդերսը։ «Մեդիամաքսի» փոխանցմամբ, Սոնդերսը նշել է, թե ԼՂՀ խաղաղ կարգավորմանը պետք է հասնել քայլ առ քայլ, ինչպես դա արվեց Մերձավորարեւելյան կարգավորման քեմփ-դեւիդյան համաձայնագրերի կնքման գործընթացում: Նրա խոսքերով, առաջին փուլում անհրաժեշտ է ձեռնարկել վստահության հաստատմանն ուղղված միջոցներ, լուծել փախստականների եւ տարածքների հետ կապված հարցերը, իսկ երկրորդ փուլում բանակցություններ վարել ԼՂՀ վերջնական կարգավիճակի եւ խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ: Հարոլդ Սոնդերսը նաեւ հայտարարել է, թե դիվանագիտական մակարդակում պայմանագրի կնքումը բավական չէ վերջնական խաղաղության հասնելու համար. «Կպահանջվեն նաեւ հակամարտությունում ներգրավված ժողովուրդների ջանքերը»:

Իսկ ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը կարեւոր է համարել այն հանգամանքը, որ Դորտմունդյան կոնֆերանսի ձեւաչափում ԼՂ-ն ներկայացված է որպես հակամարտության կողմ, ինչն, ըստ նրա, «համարձակություն պահանջեց բոլոր կողմերից»: Նաումկինի խոսքերով, ԼՂՀ քաղաքական կարգավիճակի հարցի անհապաղ լուծման պահանջը հակասում է ներկայիս քաղաքական իրողություններին: «ԼՂՀ կարգավիճակի գաղափարը միջազգային աջակցություն չի ստանում: Կա իրական քաղաքականություն, եւ կան իրական դերակատարներ միջազգային ասպարեզում` իրենց շահերով»,- նշել է նա: Ի դեպ, համանախագահները հատուկ ընդգծել են, թե Դորտմունդյան կոնֆերանսը չի փոխարինում ԵԱՀԿ Մինսկի խմբին: