Գումարն ամբողջությամբ ուղղվելու է գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Ամբողջից 145 մլն դոլարը հատկացվելու է ոռոգման համակարգերի վերանորոգմանը: Դրանից բացի, պետք է կառուցվեն նաեւ նոր ջրագծեր, ջրամբարներ եւ ոռոգման ցանցի այլ բաղադրիչներ: Ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղական համայնքների 945 կմ երկարությամբ ճանապարհների, կամ, ինչպես մեր կառավարությունն է անվանել, «կյանքի ճանապարհների» վերանորոգումն է, որին հատկացվելու է 67 մլն 100 հազար դոլար: Դա կազմում է մեր ճանապարհների 67 տոկոսը: 145 միլիոնից 2 մլն դոլարն ուղղվելու է «Գյուղի կայուն զարգացում» բաղադրիչին, այսինքն՝ գյուղացիական տնտեսություններին տրվելու է երկարաժամկետ վարկեր: Իսկ մնացած գումարը՝ մոտ 20 մլն դոլարը, տրամադրվելու է ջրամատակարար ընկերությունների կառավարման վարչական հզորությունների մեծացմանը, խորհրդատվությանը եւ մոնիտորինգին: Ծրագիրը տեւելու է 5 տարի:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ բնակչության 39 տոկոսը գտնվում է աղքատության մեջ: Իսկ ոչ պաշտոնական տեսակետը պնդում է, որ մեր բնակչության կեսից ավելին է ծայրահեղ աղքատ վիճակում: Հատկապես աղքատ է դիտարկվել գյուղական համայնքների բնակչությունը, որը ՀՀ-ում 1 միլիոն է: Իբրեւ պատճառը դա է, որ մեր կառավարությունը ամերիկյան «Հազարամյակների ծրագրեր» կորպորացիային է ներկայացրել, եւ այդ երկրի կառավարությունն էլ հաստատել է գյուղական համայնքների աղքատության կրճատմանը վերաբերող ծրագիրը: Տպավորություն է ստեղծվում, թե այդ գումարները եթե ներդրվեին տնտեսության մեկ այլ ոլորտի, ասենք, արդյունաբերության զարգացման մեջ, որից առաջացած հարկային գումարներն էլ օգտագործվեին գյուղացիական աղքատության կրճատմանը, ծրագիրը պակաս արդյունավետ կլիներ: Բայց ամերիկյան կառավարությանն ընդհանրապես չի հետաքրքրում Հայաստանի տնտեսության կամ արդյունաբերության զարգացումը: Նա ավելի հարմար է գտնում, որ իր հարկատուների գումարով ջրագծեր ու ճանապարհներ կառուցվեն, որ հետո շուտ էլ մաշվեն, քան արդյունաբերություն զարգացնեն ու ինքնուրույն տնտեսություն ստեղծեն: Բայց դա հարցի մի կողմն է, որովհետեւ մեր իշխանությունները ստացած գումարները փոշիացնելու մեծ փորձ ունեն, եւ դժվար թե արդյունաբերությանը տեղաշարժող բաժին հասներ: Իսկ հարցի մյուս կողմն էլ այն է, որ նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Այսինքն՝ այդ 235,5 մլն դոլարը եթե գյուղատնտեսության մեջ էլ նպատակային օգտագործվի, ոլորտում աճը զգալի կլինի: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հաշվարկել էր, որ 5 տարվա ընթացքում ՀՀ-ում աղքատությունը կկրճատվի 6 տոկոսով, իսկ գյուղացիների եկամուտները կավելանան 34 տոկոսով: Եթե, իհարկե, այդ գումարներն օգտագործվեն նպատակային եւ 5 տարի հետո արձանագրած աճը ոչ թե նկարչության, այլ իրականության արդյունք լինի:
Ավելորդ չէ հիշել, որ մեր գյուղացիական արտադրանքի 80 տոկոսն արտադրվում է ոռոգվող հողերում: Պարզ է, որ եթե ոռոգումն ավելացնենք, արտադրանքն էլ կավելանա: Հայաստանն իր հողային հաշվեկշռում ունի 270.000 հեկտար ոռոգվող հողատարածք, որից ոռոգելի է 170.000 հեկտարը: Պետք է ամեն ինչ անել, որ ոռոգվող հողերի քանակն ավելանա: Առավել եւս, որ Հայաստանն ունի ջրային պաշարներ: Մասնագետների կարծիքով, մեր երկիրն ունի 7 մլրդ խմ-ից ավելի ջրային արտաքին հոսք, որից ընդամենը 1,2 մլրդ խմ-ն է օգտագործվում: Մնացածը Հայաստանից դուրս է գալիս: Այս պայմաններում ուղղակի հանցագործություն կլինի ընձեռված հնարավորությունը ոչ նպատակային օգտագործելը: Մանավանդ, որ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է, որ վերջին տարիների տնտեսական աճի մեջ գյուղատնտեսությանը մեծ բաժին է հասնում: Եթե մնացած 100.000 հեկտարն էլ ոռոգելի դառնա, ապա աճը նկատելի կլինի: Դրան գումարենք նաեւ «կյանքի ճանապարհների» վերանորոգումը, կստացվի, որ մեր գյուղացիական տնտեսությունն իրոք զարգանալու է:
235,5 մլն դոլար դրամաշնորհը ծախսելու են Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման գրասենյակները, որոնց աշխատանքը վերահսկելու է նոր ստեղծվող կառավարման մարմինը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ոչ առեւտրային կազմակերպությունը: Հիմա այս նոր մարմնի ղեկավարի համար մրցույթ է հայտարարված: Ղեկավար դառնալու համար 48 հայտ կա ներկայացված: Հաղթողը կպարզվի մի քանի օրից: Մինչեւ ապրիլի վերջն էլ կձեւավորվի այդ վերահսկող կազմակերպության աշխատակազմը: Դրանից հետո պետք է հստակեցվեն աշխատանքային ու պայմանագրային պարտավորվածությունները: Վ. Խաչատրյանը հույս ունի, որ մինչեւ օգոստոս այդ բոլոր աշխատանքները կավարտվեն, եւ սեպտեմբերից կանցնեն բուն ծրագրի իրագործմանը: Մինչեւ տարեվերջ կարող է 4-6 մլն դոլարի աշխատանքներ կատարվեն:
«Արդար կառավարման ոլորտում Հայաստանը որոշ բացթողումներ է ունեցել, եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իմանա. այս ծրագրի շարունակականությունը կախված է այն բանից, թե որքանով Հայաստանը կհետեւի այդ չափանիշներին ոչ միայն այսօր, այլեւ ամբողջ ծրագրի ընթացքում: Եթե Հայաստանը հետագայում շեղվի արդար կառավարման չափանիշներից որեւէ մեկից, հնարավոր է, որ ծրագիրը դադարեցվի»,- վերջերս հայտարարել էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքս Ռասինը:
Սա արդյոք նշանակո՞ւմ է, թե ԱՄՆ-ը ուզում է, որ ՀՀ-ն մի քիչ ժողովրդավար դառնա: Մանավանդ, որ կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչը մտահոգություն էր հայտնել նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի մասին: Կորպորացիան ծրագրին մասնակից երկրներին 16 կետից բաղկացած պահանջ է ներկայացրել, որոնցից թեկուզ 2-ի «կարմրելու» դեպքում խնդիրներ կառաջանան: Վ.Խաչատրյանը հավատացնում է, որ մեզ մոտ ամեն ինչ OK է՝ վառ կանաչ: Ինչ-որ բան մի քիչ կարմրեց անցած տարվա ապրիլի 12-ի դեպքերի պատճառով: Բայց անկախ Ամերիկայի ցանկությունից՝ մեր իշխանություններն ուզում են, որ իրենց երկրում ժողովրդավարությունը եւ տնտեսությունը զարգանան եւ դրա համար ջանք ու եռանդ չեն խնայում: Իսկ 5 տարի հետո մենք ունենալու ենք ոչ միայն ժողովրդավարություն, այլեւ գոհ ու երջանիկ գյուղացիներ: