Հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ Ռուսաստանը, Գերմանիան եւ Իտալիան կհայտարարեն 2009թ. հունվարի 1-ից Միջազգային էներգետիկ հոլդինգի (ՄԷՀ) ստեղծման մասին: ՄԷՀ-ի մեջ կմտնեն գերմանական «E.ON», իտալական «ENI» եւ «Enel», ռուսական «Գազպրոմ» եւ «ՌԱՕ ԵԷՍ» էներգահսկաները: ՄԷՀ-ը կդառնա աշխարհի խոշորագույն կազմակերպությունը` ավելի քան 2 տրիլիոն դոլար կապիտալով: Իտալիայում եւ Գերմանիայում հոլդինգն արդեն անվանում են «Նոր Հռոմեական Կայսրություն», իսկ Կրեմլում` «Հինգերորդ Հռոմ»: Այս նախագիծը մտադիր չէ եւ չի էլ կարող սահմանափակվել 3 երկրների մասնակցությամբ: ՄԷՀ-ին համագործակցելու ցանկություն են հայտնել արդեն Ղազախստանը եւ Հունաստանը: Կամովին թե ստիպված` «Հինգերորդ Հռոմի» մեջ կմտնեն նաեւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ, իսկ 2015-2020 թթ. նախատեսվում է նաեւ Իսպանիայի, Պորտուգալիայի, Լատինական Ամերիկայի կաթոլիկ երկրների, Հնդկաստանի եւ Ֆիլիպինների հարավային նահանգների անդամակցությունը սուպեր-ընկերությանը: «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող Հայաստանն ու Վրաստանը նույնպես չեն խուսափի «Հինգերորդ Հռոմին» կուլ գնալուց»,- փոխանցում է «Էքսպերտը»: Հոդվածագիրը թերեւս ավելի նուրբ է արտահայտվել, քանզի, ըստ էության, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղն էլ ռուսներին տալով` Հայաստանը հաստատեց, որ որպես սեփական էներգետիկա ունեցող երկիր` այն քարտեզի վրա գոյություն չունի: Հարկ է նշել նաեւ, որ ՄԷՀ-ի ստեղծմամբ Եվրոպան ուղիներ է փնտրում գազի համաշխարհային շուկայում Ռուսաստանի մոնոպոլիային դիմակայելու եւ վերջինիս «խաղաքարտերով» խաղալու համար: