Կարդա՞լ Ուիլյամին մեր Շեքսպիր

02/04/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանից վատ պրոֆեսոր կստացվի: Եթե նա դուրս գա եւ փորձի դասավանդել իմ ուսանողների առաջ, կտապալի գործը: Սակայն եթե ե՛ս ինչ-որ հրաշքով հայտնվեմ նրա տեղում, շատ արագ կկորցնեմ այն ամենն, ինչ նա ունի, այդ թվում եւ՝ քաղաքական ազդեցությունը»,- քաղաքականության մեջ ինտելեկտ փնտրելու չարդարացված ջանքերի մասին զրուցելիս՝ մեզ ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինտելեկտուա՞լ է Բուշի դեմքը

Այն, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար բնավ էլ անհրաժեշտ պայման չէ բնագրից Շեքսպիր կարդալը, հասկանալի է: Հատկապես, եթե այն ամենի համար, ինչով իրենք են զբաղվում, դա ամենեւին պետք չի գալիս: Ինչպես նկատեց մեր զրուցակից Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքական դաշտը պատմականորեն կազմավորել են ամենեւին էլ ո՛չ ինտելեկտուալները, այլ ամենից հաճախ՝ հանցագործները: Պատմական նոր իրավիճակներ ստեղծելու համար պատմությունն ընտրում է խոշոր մտածողների: Ամերիկան ստեղծել են այնպիսի մեծություններ, որպիսիք են Ջեֆերսոնը, Ադամսը, Վաշինգթոնը: Ռոբեսպիերին, Դանտոնին կարելի է ոչ միանշանակ ընկալել, սակայն նրանք եւս խոշոր անհատականություններ էին: Իսկ ովքե՞ր են այսօր նրանց փոխարինում. «Սատանան տանի, նայեք Բուշի դեմքին: Ո՞ւր է այնտեղ ինտելեկտ: Ժակ Շիրակին էլ կարկառուն ինտելեկտուալ չես համարի»: Երբ պետությունը ստեղծվում է, առաջ են գալիս մարդիկ, ովքեր ապրում ու ղեկավարում են նոր իրականությունը: Ողջ աշխարհում է այդպես՝ հզոր ինտելեկտուալները համալսարաններում են լինում: Իսկ եթե քաղաքականություն էլ մտնում են, նրանցից վատ գործիչներ են ստացվում: Պարոն Իսկանդարյանի կարծիքը գործնականորեն հաստատեց նաեւ քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնից. «Քաղաքականությամբ զբաղվողներին ընտրում է ժողովուրդը: Շատ գրքեր կարդալը, մի քանի սարի, գետի անուն իմանալը չի նշանակում, որ կարող ես քաղաքականությամբ զբաղվել: «Մեր բակը» կասետում ո՞նց է ասված՝ «ինժեներ բալա»: Ինժեներ ա, բայց բալա ա»: Ճիշտն ասած, քանի որ ողջ խորությամբ չկարողացանք ընկալել ասված միտքը եւ դրա կապը քաղաքական գործիչների ինտելեկտի հետ, ներկայացնենք պարոն Հակոբյանի ասածի՝ մեզ հասկանալի փոքրիկ հատվածը. պատգամավորն այսօր ձեռքերը ծալած չի նստում. ուսումնասիրում է 1865-1915թթ. Թուրքիայի վարած քաղաքականությունը…

Սաունաներից` խորհրդարան

Հայաստանում այսօր գրանցված է 130-ից ավելի կուսակցություն, որոնցից գործում է 67-ը: Սակայն հայ քաղաքական միտքը դժվար է տեղավորվում այս երկնիշ թվի սահմաններում: Պետք են նոր կուսակցություններ, որոնց անդամակցելու համար անհրաժեշտ են մարդկային կուսական, այսինքն՝ որեւէ կուսակցության դեռեւս չանդամակցած ռեսուրսներ: Մայրաքաղաքում այդպիսիք կարծես չկան: Հետեւաբար սկսել են աշխատեցնել «զեմլյակային» կամ «ոսկե հորթի» բնազդները: Սակայն այսօր անգամ այծին է պարզ, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ՝ որպես այդպիսիք, չկան: Այսինքն՝ չկան մարդկանց այն խմբերը, որոնք համախմբվում են կոնկրետ գաղափարախոսության շուրջ՝ ի պաշտպանություն այն սոցիալական խմբի շահերի, որին պատկանում են: Չկա նաեւ նոր կուսակցություն ստեղծելու սոցիալական պատվեր: Այդ դեպքում ո՞րն է նոր կուսակցություններ ստեղծելու տրամաբանությունը: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ քանի որ մեր երկիրը համարվում է ժողովրդավարական, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ եւ, որ դրանց մասնակցեն մարդիկ եւ ընտրեն: Քաղաքական կուսակցությունը ժողովրդավարական համարվող երկրի պարտադիր պայմանն է: Դրա բաղկացուցիչն է նաեւ համակիր մարդկանց խումբը: «Մեր շատ կուսակցություններ, սակայն, իրենց հանրահավաքներին այսօր կարողանում են հավաքել ցուցակում եղած մարդկանցից քիչ մարդ: Սա նշանակում է, որ այդ ցուցակում եղած մարդիկ այդ կուսակցությանը համակրում են բացառապես ցուցակի շրջանակում: Նոր կուսակցություններ ստեղծելու գործընթացը, որն այժմ զարգանում է մեր երկրի ներքաղաքական կյանքում, Հայաստանի հետագա զարգացման համար ամենակարեւորն է»: Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո էլիտան ներկայացնող մարդկանց խումբը պիտի փորձեր ազդել իշխանության վրա կամ իրականացնել այդ իշխանությունը: Այն տեղերը, որտեղ սկզբում որոշվում էր Հայաստանի ներքին քաղաքականությունը, ռեստորաններն ու սաունաներն էին: Նման վայրերում էր նեղ էլիտան պայմանավորվում ազդեցությունների ոլորտների վերաբաշխման խնդիրների շուրջ: Հետո շարժում սկսվեց. համակարգը սկսեց զարգանալ: Նախ՝ այդ մարդիկ սկսեցին իշխանությունը բաժանել ոչ միայն նեղ շրջանակում, այլեւ սկսեցին այն հանել շրջանակից դուրս՝ գնելով հեռուստատեսությունը, մամուլը, աշխատելով հրապարակայնորեն: Քանի որ (կամ քանի դեռ) մենք Թուրքմենիա չենք, մեր երկրում յուրաքանչյուր ձայնի համար պետք է աշխատել, պայքարել: Զարգացումը հանգեցնում է նրան, որ այդ մարդիկ հայտնվում են խորհրդարանում, ուր եւ սկսում են կոնսենսուսի փնտրտուքը: Գալիս է ժամանակ, երբ նրանք հասկանում են, որ նախագահի հետ անմիջական կապ, շփում կամ նրա վրա ազդեցության որոշակի պաշար ունենալն ամենեւին էլ բավարար պայման չէ. կգա ժամանակ եւ Ռոբերտ Քոչարյանին կփոխարինի մեկ ուրիշը, եւ դու կունենաս որոշ անախորժություններ, բարդություններ: Ի՞նչ է մնում անել՝ երաշխիքներ

ունենալու, կայուն, ամուր դիրքը պահպանելու կամ այն ձեռք բերելու համար քեզ անհրաժեշտ է՝ ի թիվս ընտանիքի, սիրուհու, շքեղ ավտոմեքենայի, ունենալ նաեւ սեփական կուսակցություն:

«Ավանդական սեռական կողմնորոշում՝ այո՛, բայց ոչ կուսակցություն»

«Հայաստանում ոչ մի քաղաքական կուսակցություն չկա»,- այս կարծիքին է նաեւ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ Հանրապետական կուսակցությունը չինովնիկների պրոֆմիություն է՝ սերտաճած տնտեսական, ռազմական, քրեական տարրերով: Այսինքն՝ եթե ցանկանում ես որոշակի կարիերա անել, անդամակցում ես այս կուսակցությանը: Ընդ որում, կարող ես այս կուսակցության լիդերների մասին բացասական կարծիք ունենալ (քո ներսում): «Դաշնակցությունն ընդհանրապես քաղաքական կուսակցություն չէ: Մենթալիտետ է: Անցած դարի 50-60-ականներին Մերձավոր Արեւելքում գործունեությունը շարունակող Դաշնակցության նպատակն էր` հայկական ինքնության պահպանումն օտար միջավայրում: Ահա սրան է՛ր եւ է՛ կոչված Դաշնակցությունը: Չի լինում քաղաքական կուսակցություն, որն ունենում է ժառանգաբար անցնող անդամություն, դաշնակցական մանկապարտեզ, ապա դպրոց, բուհ, եկեղեցի, փողոց եւ այլն»: Երբ «բացվեցին» Հայաստանի դռները, այդ կառույցը տեղափոխվեց այստեղ, մի վայր, ուր հայ մնալու համար առանձնահատուկ ջանքեր պետք չեն: Այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել է ՀՅԴ-ի հայաստանյան թեւը, ամենեւին չեն համընկնում, ասենք, Լոս Անջելեսում այս կուսակցության առաջ դրված խնդիրներին: Էթնիկ ինքնություն պահպանելու խնդիր ներկայիս Հայաստանում չկա: Դրսում կա: Արդյունքում՝ ՀՅԴ-ն փորձում է քաղաքական կուսակցություն երեւալ (գուցե դա նրանց երբեւէ հաջողվի): Այսօր մարդիկ անդամակցում են Դաշնակցությանը՝ մտքում ունենալով հերոսական, ազգային, պատմական բաղկացուցիչներ: «Ավանդական կուսակցություն՝ հանճարե՜ղ բնորոշում է: Սակայն ավանդական լինում է կահույքը, սեռական կողմնորոշումը, բայց ո՛չ երբեք կուսակցությունը»: «Օրինաց երկրի» ստեղծումն ու ներկայիս գործունեությունը, ըստ մեր զրուցակցի, մի պատմություն է, թե ինչպես մարդիկ ազնվորեն կարդալով ճիշտ գրքեր, դրանք բերանացի անելով, կողմնորոշվելով, թե ինչպես են սարքվում արեւմտյան ճիշտ քաղաքական կուսակցություները, սկսեցին արեւմտյան քաղաքական կուսակցություն ստեղծել ոչ արեւմտյան երկրում: Հայաստանում չկան քաղաքական կուսակցություններ, քանի որ չկա քաղաքականություն: «Քաղաքականությունն այն է, երբ ես, ասենք, գիտնական եմ, եւ քանի որ գիտությունն ապրում է պետության տրամադրած սուբսիդիաներով (իսկ որպեսզի պետությունը շատ սուբսիդիա բաց թողնի, պետք է հնարավորինս շատ փող վերցնի բիզնեսմեններից եւ տրամադրի գիտությանը), հետեւաբար ես պետք է քվեարկեմ առավել սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցության օգտին եւ հետեւեմ, թե էլ ինչ են ինձ խոստանում: Եթե հարկերը բարձրացնեն, ես կհամարեմ, որ սոցիալական այն խմբի համար, որը ես եմ ներկայացնում, շահավետ է, եւ կքվեարկեմ այդ կուսակցության օգտին: Կինս, որն, ասենք, խանութի տեր է, կքվեարկի ավելի աջ կուսակցության օգտին, որը բիզնեսմենների վրա առավել քիչ հարկեր կդնի: Եվ այլն: Եվ ահա այդ ժամանակ հասարակությունը կբաժանվի խմբերի, որոնք կպաշտպանեն իրենց ներկայացրած սոցիալական խմբերի շահերը»: Իսկ մինչ այդ՝ ըստ քաղաքագետի՝ Հայաստանում իրական կուսակցություններ են Բենզինի, Արտահանման, Ղարաբաղ, Պրոարեւմտյան կուսակցությունները եւ այլն: Իսկ թե այս կուսակցություններից որն առաջիկա տարիներին ավելի ազդեցիկ ու բազմամարդ կլինի, այս մասին ավելի հանգամանորեն կարող է պատմել Վիկտոր Դալլաքյանը՝ իր անդամակցությամբ մատնացույց անելով այդ կուսակցությունը: