«Մոդայիկ» մասնագիտությունների կրթական որակը ցածր է

02/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Եվս 7 ոչ պետական բուհեր էլ ունեն հավատարմագրված մասնագիտություններ, բայց ամբողջությամբ հավատարմագրվելու համար պետք է ունենան մասնագիտությունների առնվազն 75 տոկոս հավատարմագրում:

Այս տարի պետական հավատարմագրման հայտ ներկայացրած 20 ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանակում փետրվարի 7-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում Կրթության եւ գիտության նախարարությունն անց է կացրել 2005թ. շրջանավարտների ատեստավորման քննություններ: Քննություններին մասնակցել են ուսումնական գործունեության ինքնավերլուծություն եւ անկախ փորձաքննության գործընթացներն անցած դրական եզրակացությամբ բուհերը՝ ներկայանալով 24 բարձրագույն եւ 19 միջին մասնագիտություններով: Ամփոփիչ ատեստավորման ընթացքում կազմակերպված շուրջ 70 առարկայական քննությունների արդյունքում 6 բուհեր 11 մասնագիտությունների գծով չեն ապահովել սահմանված չափորոշիչները: Դրանք են Էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտը, «Երեւան», Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանները, «Երա» բիզնեսի եւ քաղաքականության ինստիտուտը, Ակունցի անվան բժշկական քոլեջը, Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Այս բուհերում հատկապես առավել ցածր ցուցանիշներ են գրանցել մեր օրերում «մոդայիկ» դարձած իրավագիտություն, ֆինանսներ եւ վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությունները: Բացասական ատեստավորված մասնագիտությունների մասով ուսումնական հաստատությունները զրկվել են հավատարմագրման գործընթացի շրջանակներում ամփոփիչ ատեստավորման հաջորդ փուլին մասնակցելու իրավունքից: Ատեստավորման հաջորդ փուլը նախատեսվում է կազմակերպել 2006թ. ամռանը: «Չի բացառվում, որ որոշ ուսումնական հաստատություններ աստիճանաբար հրաժարվեն այն մասնագիտությունների ուսուցումից, որոնց հավատարմագրմանն անհրաժեշտ չափորոշիչներ չեն կարողանում ապահովել»,- եզրակացնում է ԿԳՆ Լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության պետ Մհեր Մակիչյանը:

Առաջիկայում ԿԳՆ-ն պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել հավատարմագրման եւ լիցենզավորման կարգի նոր տարբերակ, որը նախատեսում է հստակեցնել փորձաքննություն իրականացնողների շրջանակն ու պատասխանատվությունը: Այս տարբերակով նախատեսվում է մինչ այժմ սահմանված անժամկետ հավատարմագրերի փոխարեն սահմանել պետական հավատարմագրի ժամկետ՝ 5-8 տարի տեւողությամբ: Եթե նոր նախագիծն ընդունվի, պետական անժամկետ հավատարմագիր ստացած բուհերի համար դրանք ուժի մեջ կլինեն միայն 3 տարի, որից հետո նրանք կրկին կպարտավորվեն հավատարմագրվել: Առաջին անգամ հավատարմագիրը կտրվի 5 տարով, եթե բուհը շարունակի անընդմեջ հաջորդականությամբ արդարացնել ԿԳՆ սպասելիքները, հավատարմագրման ժամկետը կերկարացվի մինչեւ 8 տարի: Ըստ Մ.Մակիչյանի, 2001թ. հավատարմագրման եւ լիցենզավորման կարգի գործողության մեջ դրվելու պահից ի վեր, շուրջ 20 բուհերում տարբեր մասնագիտությունների գծով հավատարմագրման գործընթացն իրականացվել է դատական միջամտությամբ: Դատական միջամտությունները տարաբնույթ են եղել՝ մի տեղ բողոքարկվել է քննությունների կազմակերպման որակը, մի այլ տեղ՝ փորձաքննության մեջ տեղ գտած որոշումները: «Ստացվում է այնպես, որ որոշ մասնագիտություններ ամբողջությամբ չեն անցել հավատարմագրման բովանդակային գործընթացը, այսինքն՝ ինքնավերլուծություն, փորձաքննություն եւ ամփոփիչ ատեստավորման փուլերը, այս ժամկետայնությունը հնարավորություն կտա լուծել այդ փուլերին առնչվող խնդիրները»,- հավատացած է Մ.Մակիչյանը: