Սուրճ

02/04/2006

Սուրճը նախ եւ առաջ լավ բովում են, որպեսզի ավելի համեղ եւ բուրավետ դառնա։ Երբ յուղը դուրս է տալիս, եւ հատիկները սկսում են փայլել, սուրճն արդեն կարելի է վերցնել կրակից, իսկ աղալ կարելի է միայն հովանալուց հետո։

Սուրճ պատրաստելու մի քանի եղանակ

Սովորական սեւ սուրճ։ Սուրճը լցնել հաստ պատեր ունեցող եւ հերմետիկ փակվող հախճապակյա գավաթի մեջ, վրան ավելացնել մի պտղունց աղ, որն ուժեղացնում է սուրճի բուրմունքը։ Այնուհետեւ լցնել եռացրած ջուր եւ ամուր փակել (մեկ թեյի բաժակ ջրին` 1 ճաշի գդալ սուրճ)։ Կարելի է գավաթը ծածկել կտորով։ Կես ժամ հետո սուրճն արդեն պատրաստ է։

Արեւելյան սուրճ։ Սուրճը խառնել շաքարավազի հետ, վրան ջուր ավելացնել եւ դնել կրակին։ Եթե ուզում եք, որ այն ստացվի խիտ եւ շատ քաղցր, ապա միջին չափի սուրճի գավաթի համար լցրեք մեկ թեյի գդալ աղացած սուրճ եւ 2-3 թեյի գդալ շաքարավազ։ Կրակը պետք է թույլ լինի, երբ եռա, մի քանի րոպեով վերցրեք կրակից, հետո նորից եռացրեք եւ այսպես կրկնեք մի քանի անգամ։ Եթե սուրճը գավաթների մեջ լցնեք եռալուց անմիջապես հետո, ապա այն կստացվի սերուցքով։ Եթե նախընտրում եք առանց սերուցքի, ուրեմն եռացնելուց անմիջապես հետո վրան ավելացրեք 2-3 կաթիլ սառը ջուր։

Վարշավյան սուրճ։ Եփել սեւ սուրճ եւ լցնել շաքարավազ։ Ավելացնել մեկ ճաշի գդալ սերուցք կամ 4-5 ճաշի գդալ կաթ (մեկ գավաթ սուրճին), դնել կրակին մինչեւ եռա։

Սուրճ` կաթով կամ սերուցքով։ Սուրճ եփել, քամել եւ լցնել գավաթների մեջ դրանց 3/4-ի չափով։ Վրան ավելացնել եռացրած կաթ։ Կաթի վրա կարելի է լցնել նաեւ լավ հարած սերուցք, շաքարավազն` ըստ ճաշակի։

Սառեցրած սուրճ` սերուցքով կամ պաղպաղակով։ Պատրաստել սեւ սուրճ, շաքարավազը լցնել ըստ ճաշակի եւ դնել սառնարանը։ Այնուհետեւ լցնել գավաթների մեջ, ավելացնել 2-3 թեյի գդալ սերուցք կամ պաղպաղակ եւ մատուցել։

Պաղպաղակով սուրճը կարելի է պատրաստել նաեւ այլ եղանակով: Այս դեպքում շաքարավազն ավելի շատ են վերցնում, քան սուրճը` 1 թեյի գդալ սուրճ, 1 ճաշի գդալ շաքարավազ եւ 1 սուրճի գավաթ ջուր։ Եռացնել, սառեցնելուց հետո սուրճը լցնել գավաթների մեջ, այնպես, որ նստվածքը չլցվի, ավելացնել մի թեյի գդալ պաղպաղակ։ Կարելի է նաեւ ավելացնել 1 թեյի գդալ մրգահյութ։