ԵԱՀԿ դիտարկման խումբը երեկ անակնկալ կերպով դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում շփման գծում նախատեսված դիտարկումը: Պատճառն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող ղարաբաղյան Կարմիրավան բնակավայրի կողմից հնչած կրակոցներն են եղել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խումբը գրանցել է ավտոմատային զենքից 3 կրակոց: Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքների բացակայությունը` դեսպան Կասպրշիկը որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը: