ՌԴ-ն ահաբեկված է

02/04/2006

Երեկ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՌԴ ծառայության ղեկավար Վիկտոր Չերկեսովին: Վերջիններս, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, բարձր են գնահատել այս կառույցի շրջանակում համագործակցության արդյունավետությունը` հավաստելով, որ այն տասնապատիկ մեծ արդյունք է ապահովում, քան առանձին գործելու դեպքում:

Իսկ ոչ պաշտոնական աղբյուրները հավաստում են, որ Վիկտոր Չերկեսովի այցը Հայաստան հիմնականում պայմանավորված է ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրանյութերի վերաբերյալ հայտնի զեկույցով, քանի որ ՌԴ-ն խիստ անհանգստացած է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ին նման ակնարկ անելով` առաջին հերթին ցանկացել է «ահաբեկել» ՌԴ-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուսներն անհանգստացած են, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող նման «գործունեություն» ծավալել առանց Ռուսաստանի: