Ալիեւի ուղերձը

02/04/2006

«1988 թվականին հայ ազգայնականները՝ արտաքին ուժերի դրդմամբ, բացահայտ գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղը զավթելու եւ Հայաստանին կցելու ուղղությամբ»,- ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձում, որը նվիրված է մարտի 31-ին նշվող ադրբեջանցիների, այսպես կոչված, ցեղասպանության օրվան: «Հայ շովինիստների ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ մինչ օրս շարունակվում է: Հայաստանի եւ նրա հովանավորների քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանզի այն հակասում է միջազգային քաղաքականության առաջատար միտումներին»,- համոզված է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանի ժողովրդին հասցեագրված ուղերձում ասված է՝ «20-րդ դարի սկզբին Իրանից եւ Օսմանյան Կայսրությունից հայերի վերաբնակեցումն ադրբեջանական պապենական հողերում՝ Ղարաբաղում եւ Զանգեզուրում, ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխությունը, 1905-ին եւ 1918-ին ադրբեջանցիների զանգվածային սպանությունները, 1920-ին Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի կարգավիճակի տրամադրումը, 1948-53 թթ. հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանումը Հայաստանից՝ բուն ադրբեջանական տարածքներից ադրբեջանցիների վտարման արյունոտ էջերն են»: