Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալյոնիսը Ավստրիայում լույս տեսնող «Դեռ Ստանդարտ» թերթի հարցազրույցում ասել է, թե կարող է Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան պատկերացնել որպես Եվրամիության ապագա անդամներ: Նրա խոսքերով` ԵՄ-ն անկասկած հետաքրքրված է դրանում, սակայն դեռ չի եկել գործնական քայլերի ժամանակը: Անդրադառնալով Հարավային Կովկասի հանրապետություններին` Վալյոնիսն ասել է, որ ԵՄ-ն դրանց առջեւ պետք է բացի առնվազն խոր ինտեգրման հեռանկար: «Եթե Անդրկովկասի 3 երկրների հետ սահմաններ ունեցող Թուրքիան դառնա ԵՄ անդամ, ապա ԵՄ համար կենսական նշանակություն կստանա այդ երկրների անդամակցումը»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը, ում կարծիքով Լիտվան եւ ԵՄ-ի մնացած երկրներն իրենց անվտանգությունը երաշխավորված կհամարեն միայն այն դեպքում, եթե հարեւան արեւելյան պետություններում հաստատվեն շուկայական հարաբերություններ եւ ժողովրդավարություն: «Լիտվայից դեպի արեւելք գտնվող որոշ երկրներում, այդ թվում եւ Ռուսաստանում, դժբախտաբար, մտածում են, թե իրենց անվտանգությունը ենթադրում է հարեւանների վրա հզոր ազդեցություն ապահովելու, նրանցով մանիպուլյացիա անելու հնարավորություն: Ժողովրդավարությունը Ռուսաստանում վճռորոշ նշանակություն ունի, եւ ես այդ մասին պարզորոշ հայտարարում եմ Վլադիմիր Պուտինին»,- ասել է Վալյոնիսը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է Բելառուսին: