Ջոն Միլթոնը, ում իրավամբ համարում են մամուլի ազատության բուրժուական տեսության հիմնադիրը, գտնում էր, որ մարդը պետք է հնարավորություն ունենա լսելու այն, ինչ խոսում են ուրիշները, եւ ասելու այն, ինչ ինքն է ուզում ասել։ «Տվեք ինձ իմանալու, սեփական մտքերս արտահայտելու եւ ամենակարեւորը՝ սեփական խղճով դատելու ազատություն»,- 17-րդ դարում ասում էր Միլթոնը։ Ջոն Միլթոնից ավելի քան երեք հարյուր տարի անց մեր ուզածն ամբողջը լսելու եւ ամբողջն արտահայտելու ազատությունն էր, բայց, ինչպես ամեն մի բռնատիրություն, Խորհրդային Միությունն էլ «բարձր» էր գնահատում խոսքի արժեքն ու ամեն ինչ անում էր, որպեսզի այլ կարծիք չլսվի։ Վերակառուցումը, որ ԽՍՀՄ փլուզումը կասեցնելու կամ դրան կազմակերպված ընթացք տալու գործընթաց էր, ուղեկցվում էր «գլասնոստ», այսինքն՝ բացախոսություն կամ ազատախոսություն կարգախոսով, որն այդպես էլ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը չնշանակեց մամուլի ազատություն։ Դա գուցեեւ խոսքի ազատություն էր, քանի որ սրճարանում ասված խոսքի համար այլեւս չէին հետապնդում, բայց մամուլի ազատություն չէր, քանզի ազատ մամուլը խոսքի ազատության կազմակերպված ձեւն է։ Եթե ինձ այսօր հարցնեն՝ ազա՞տ է Հայաստանի մամուլը, ես չեմ կարող ասել՝ ոչ։ Ըստ էության` մեզանից յուրաքանչյուրն ունի զանգվածային լրատվության միջոց հիմնելու հնարավորություն, տպարաններն ու հրատարակչությունները մասնավոր են, դե յուրե դուրս պետական հսկողությունից, չկա գրաքննություն իրականացնող մարմին եւ, ի տարբերություն խորհրդային այլ հանրապետությունների, չկա անգամ ԶԼՄ-ով զբաղվող գերատեսչություն։ Այս ամենն ինձ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանում մամուլն ազատ է, սակայն սրանք միայն արտաքին ցուցիչներն են։ Իրականում մամուլն ազատ չէ, եւ դրա պատճառները շատ խորն են, երբեմն նույնիսկ անհասկանալի։ Ամերիկացի փորձագետ Ջեֆրի Սաքսը, խոսելով ռուսական մամուլի մասին, ասում է. «Մեզ կանչել էին հիվանդի մոտ, բայց երբ մենք նրան պառկեցրինք վիրահատական սեղանի վրա եւ կտրեցինք, հանկարծ տեսանք, որ հիվանդը բոլորովին այլ անատոմիա եւ մարմնի բոլորովին այլ մասեր ունի, որոնք մենք չէինք ուսումնասիրել մեր ինստիտուտում»։
Ջեֆրի Սաքսն ակամա խոստովանում է, որ արեւմտյան ժողովրդավարությունները մեզ պարտադրում են մշակութային եւ ինստիտուցիոնալ կաղապարներ` շատ հաճախ ուշադրություն չդարձնելով, թե դրանք որքանով են համընկնում տեղի պատկերացումների ու ավանդույթների հետ։ Օրինակ` դրսում գիտե՞ն, որ օրենքով արտոնագրված հեռուստաընկերությունները հիմնականում վերահսկվում են պետության կողմից։ Ոչ, պետությունը չի ստիպում սցենարներն ու արտասանվող տեքստերը հանձնել գրաքննության, բայց օլիգարխիկ ծագում ունեցող ֆինանսավորումը եւ՛ խմբագիր է, եւ՛ գրաքննիչ։ Դրսում չգիտեն նաեւ, որ լրագրողների ներքին գրաքննությունը եթե խորհրդային տարիներին ավելի շատ պատժիչ մեքենայի վախից էր, հիմա պատճառաբանվում է պարզապես աշխատանքը չկորցնելու մտահոգությամբ։
Պետական համակարգն այս ամենին հասնելու համար մեծ ջանք չի գործադրում։ Վերին մի կամքով «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկելուց հետո ազդեցիկ հեռուստաընկերություններն ինքնապահպանման բնազդով դարձել են իշխանամետ։ Ռադիոկայանները Հայաստանում ժամանցային են եւ զբաղեցնում են բնակչության 15-25 տարեկան հատվածին։ Իսկ թերթերը չունեն այնքան ընթերցող, որ նախ` կարողանան լինել ինքնաբավ, եւ ապա` լսարանի ուժով ներգործեն իշխանության մյուս երեք ճյուղերի վրա։ Հայաստանի թերթերի ընդհանուր տպաքանակը զգալիորեն զիջում է մեկ պատգամավորին կամ մեկ քաղաքական բլոկին «ձայն տված» մարդկանց քանակին, եւ այդ դեպքում պետական պաշտոնյան կարող է վստահ լինել, որ ինքն ավելի շատ ձայն է ներկայացնում, քան որեւէ թերթ ընթերցող ունի։
Մեր իրականության մեջ խոսքի ազատությունը դեռ ձեռք չի բերել հասարակական հարաբերություններ կարգավորողի դեր, այսինքն՝ չի դարձել ժամանակակից շուկայական ժողովրդավարական քաղաքական համակարգի անկյունաքարը։ Խոսքի ազատությունը բարձր չէ անկախությունից հետո հռչակված այլ՝ սեփականության, ձեռներեցության, մրցակցության ազատություններից։
Փափագելով ազատագրվել կոմունիստական գաղափարախոսության բռնությունից` մենք նայում էինք դեպի Արեւմուտք, եւ արեւմտյան արժեքները մեզ թվում էին էտալոնային։ Ավելի քան քառորդ դար առաջ ամերիկացի լրագրող Ուոլթեր Քրոնքայթն ասում էր. «Խոսքի ազատությունը ոչ թե կարեւոր է ժողովրդավարության համար, այլ հենց ինքը ժողովրդավարությունն է»։
Հասարակությունը լրագրողներին տալիս է իր անունից խոսելու եւ իշխանություններին քննադատելու իրավունք, քանի որ ժողովուրդն ինքն անմիջականորեն կարող է քննադատել իշխանություններին միայն ընտրությունների ժամանակ՝ մեկին ձայն տալով, մյուսին՝ չտալով։ Եվ այդ պատճառով հասարակությունը լրագրողներին տալիս է քննադատելու ամենօրյա իրավունք։
Սա ճիշտ է նորմալ, կայացած երկրներում։ Մեզ մոտ, սակայն, աղքատ լսարանը չի կարողանում նյութապես աջակցել լրագրողների ամենօրյա պայքարին։ Եթե խորհրդային տարիներին յուրաքանչյուր ընտանիք հինգ-վեց թերթ ու երկու-երեք ամսագիր էր բաժանորդագրվում, հիմա հազիվ մեկ-երկու թերթ է կարողանում գնել։ Եվ եթե ընթերցող լսարանը որպես պատվիրատու նահանջում է, նրա տեղն անպայման կզբաղեցնեն «այլ» պատվիրատուներ։
Այս պայմաններում խոսքի ազատությունն աղճատվում է, այն պարզապես լուծվում է հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքի մեջ, քանի որ տպարանից դուրս եկած թերթն ինքնին ապահովում է տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ քաղաքացու անվճարունակությունը՝ սահմանափակում մամուլի ազատությունը։
Վերը նշված արտաքին ցուցիչները՝ ԶԼՄ հիմնելու իրավունք, գրաքննության բացակայություն եւ այլն, մեր պետությունը պահում է Արեւմուտքի բերանը փակելու համար, իսկ երկրի ներսում մամուլի իրական դերի մասին պատկերացումները սկսվում են իշխանությունների անձեռնմխելիության կանխավարկածից ու հասնում մինչեւ սեփական թերությունները որպես առավելություն ներկայացնելու սովորույթ։
Մեզ մոտ, ցավոք, դեռ չեն գիտակցում, որ առանց ազատ մամուլի հնարավոր չէ ապահովել երկրի կենսունակությունը, եւ, որ ազատ արտահայտված միտքն ավելի հեշտ է վերահսկել, քան չարտահայտվածը։