Ինչու են հայերը «դարդոտած»

02/04/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հենց Թումանյանին գործից հանեցին,
Թումանյան փողոցն իսկույն բացեցին:

21-րդ դարի անդարդ ջահել օգնական

Գերտերություններն աշխարհի քարտեզն այսօր մեկ ուզում են տեսնել ազգերի ինքնորոշման սկզբունքով, մեկ ուրիշ պարագայում էլ` տարածքային ամբողջականության (նայած ում ոնց է ձեռք տալիս): Մեզ` հայերիս, այսօր ձեռք է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն համաձայնեք, եթե այս խնդիրն ազգի առջեւ կանգնած լիներ, դիցուք, Տիգրան Մեծի օրոք, հաստատ մենք առաջնայինը կդիտեինք տարածքային ամբողջականությունը: Բոլոր հին ազգերն էլ պատմության ընթացքում հզորացել են եւ թուլացել: Պետություններ եւ կայսրություններ են առաջացել եւ քանդվել, սակայն այդ պրոցեսներն անցնելով, ոչ մի պետություն եւ ազգ այնքան բան չի կորցրել, ինչքան հայերը: Երեւի դա է պատճառը, որ հայերն աշխարհի ամենա «դարդոտած» ազգն են: Եթե որեւէ մեկն ինձ հետ համաձայն չէ, թող մեկ օր դիտի հայկական ցանկացած երաժշտական ալիք: Երեկոյան նա կհամոզվի, որ բոլոր հայ «աստղերը», «աստղիկները» եւ «աստղերի աղջիկներն ու սիրուհիները» եթերը «վայնասունով են» լցնում, կարծես այս աշխարհի «դարդն ու ցավն» իրենց են տվել: Իսկ եթե փորձում են ուրախ բան երգել, միանգամից, չգիտես ինչու, հիմնականում կամ ռաբիս է ստացվում, կամ թուրքական ու արաբական մոտիվներ են մեջն ընդգրկում (Ես ամենեւին էլ դեմ չեմ թուրքական կամ արաբական երաժշտությանը: Ուղղակի սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ նրանք կարողանում են ուրախանալ, իսկ մենք` ոչ): Մենք մոռացել ենք, թե ինչպես պետք է ուրախանալ: Որովհետեւ յուրաքանչյուր ուրախ առիթ (հարսանիք, ծնունդ, կնունք) հայերի համար դառնում է «մի կտոր հաց ուտելու», բամբասելու եւ նախանձելու լավ առիթ: Իսկ երբ փողոցում տեսնում ես «սիրահարված» հայ երիտասարդներին, որոնք «ինվալիդի» պես ընկնում են խեղճ աղջիկների վրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Երեւանի կենտրոնն ու այգիները պատերազմի դաշտի հոսպիտալ լինեն: Երբ նայում ես հայկական հեռուստաալիքների լրատվական ծրագրերի «հոգնած» հաղորդավարներին` հասկանում ես, որ «սկսած Մենուայի որդի Արգիշտիից մինչեւ ՀՀՇ եւ ՀԺԿ», բոլորը «քըխ» են, բացի մեր իշխանավորներից, որոնց Աստված տվել է ողջ տիեզերքի «դարդը»: Ի դեպ, ես համաձայն եմ Վարդան Օսկանյանի հետ, որը թարգմանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, պնդում էր, որ մերոնք թմրանյութ չեն օգտագործում: Որովհետեւ, եթե օգտագործեին, մի քիչ «ուրախ կլինեին» (ասում են, որ թմրանյութ օգտագործելուց հետո մարդիկ սկսում են «ծիծաղել»):

ԵԽ ԽՎ-ում լսելով պարոն Գեղամյանի «դարդոտած» ելույթները, եվրոպացիները միանգամից հասկանում են, թե ինչքան քաղցր հուշեր ունի պարոն Գեղամյանը քաղսովետի նախագահի պաշտոնի հետ կապված, եւ ինչքան դժվար է Հայաստանում լինել «ընդդիմություն»: Երբ հիշում ես, թե ինչ «դարդ քաշեց» Արթուր Բաղդասարյանն ավանդների վերադարձի հարցում, հասկանում ես, թե ինչ դժվար է Հայաստանում լինել իշխանություն, բայց խաղալ «ընդդիմություն»: Երբ նայում ես թուրքական «կոժընկա» հագած դաշնակների «դարդոտած հայդատական» դեմքերին, հասկանում ես, թե ինչքան դժվար է ասել մի բան, բայց անել լրիվ հակառակը: Երբ նայում ես Ստեփան Դեմիրճյանի անդարդ աչքերին, հասկանում ես, որ հանճարեղ մարդկանց երեխաների վրա բնությունն, իրոք, հանգստանում է: Ճիշտն ասած, ես միայն հասկանում եմ այսօրվա կոմունիստների դարդը: Նրանցից յուրաքանչյուրը միայն մի բան է մտածում. «Ինչո՞ւ եմ ապրում հիմա, այլ ոչ թե 20-րդ դարի կեսերին»: Դե, իսկ Արտաշես Թումանյանի դարդի մասին խոսելը «սեւ հումորի» է նմանվում: Որովհետեւ նրան, իր հանճարեղ նախնիի նման, միայն մնացել է ասել. «Կուսակցություն բացեք, երեխեք, բայց իմ պես չբացեք»:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ժողովուրդն ամեն ինչից է դարդոտում` շոգերն ընկնում են` դարդոտում է, ցրտում է` դարդոտում է, գազը թանկացնում են` դարդոտում է, փողոցը քանդում են` դարդոտում է:

Ճիշտն ասած, ես լավատես եմ եւ հասկանում եմ, որ բոլորովին անդարդ միայն հիմարներն են լինում: Բայց եկեք այդքան ծանր չտանենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որովհետեւ, ինչպես ասել է հույն փիլիսոփան, «ամեն ինչ անցողիկ է», այդ թվում եւ` դարդը: