Թբիլիսիի դատարանը երեկ ազատազրկման է դատապարտել դրամաշորթության մեջ մեղադրվող լրագրողներին: «202» հեռուստակայանի թղթակից Շալվա Ռամիշվիլին դատապարտվել է 4, իսկ նրա գործընկեր Դավիթ Քոխրեիձեն՝ 3 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Կոբա Բեքաուրիից 100 հազար դոլար շորթելու համար: Բեքաուրին պնդում է, թե Ռամիշվիլին 3 ամիս շարունակ շանտաժի է ենթարկել իրեն, սպառնալով վարկաբեկող տեղեկություններ հրապարակել: Բեքաուրիի կողմից լրագրողին գումար փոխանցելու պահն արձանագրել է ոստիկանության տեսախցիկը: Ռամիշվիլին պնդում է, թե Բեքաուրիից փող վերցնելը լրագրողական հետաքննության մասն է եղել: Նշենք, որ «202» հեռուստակայանը ստեղծվել է 2003-ին եւ միանգամից ժողովրդականություն է ձեռք բերել, մասնավորապես` «Բանավեճ» հաղորդման շնորհիվ, որում հաճախ քննադատության է ենթարկվում նախագահ Սահակաշվիլին եւ նրա վարչակազմը: