Օրենքն ո՞ւմ համար է

02/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների հիմնական մասը կատարվում է վարորդի եւ հետիոտնի` միմյանց նկատմամբ փոխադարձ անհանդուրժողականության, միմյանց զիջելու պատրաստակամության անտեսման պատճառով։ ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են համարվում սահմանված արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցների վարումը, խաչմերուկի անցման, նշանների նշագծման, շարքերի վերադասավորման, ինչպես նաեւ` հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները։ 2004-ի համեմատությամբ 2005-ին 148-ով ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Ընդ որում՝ վիրավորների թիվն ավելացել է 281-ով, զոհերինը` 51-ով։

2005-ին ՀՀ-ում տեխնիկական զննում է անցել 230 հազար 884 տրանպորտային միջոց։ Հայտնաբերվել է երթեւեկության կանոնների 165 հազար 723 խախտում, որից 4745-ը` ոչ սթափ վիճակում։ Վարչական տույժերի են ենթարկվել` 161 հազար 644, վարորդական իրավունքից զրկվել են 3182 մարդ, ՊԱՏ գործունեությամբ ՀՀ պետական բյուջե է գանձվել 4 մլրդ 51 մլն 76 հազար դրամ։ 2005-ի ճանապարհային պատահարներից 569-ը տեղի են ունեցել Երեւանում, որոնց ժամանակ զոհվել է 81, վիրավորվել` 685 մարդ։ 431 պատահար տեղի է ունեցել միջպետական նշանակության ճանապարհներին, որոնցից 150-ը` մահվան ելքով։ 2005-ին աճել է հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքերի քանակը, ինչի հետեւանքով զոհվել է 141, վիրավորվել` 463 մարդ։ Աճել են նաեւ անչափահաս երեխաների մասնակցությամբ պատահարների դեպքերը։ 2005-ին չբացահայտված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 297 դեպք, որից 52-ը` մահացու ելքով։ Սահմանված արագության գերազանցման հետեւանքով տեղի է ունեցել 450 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 139, վիրավորվել` 634 քաղաքացի։

2005-ի դեկտեմբերի 16-ին ԱԺ-ն ընդունեց ՀՀ ՎԻՎ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական տույժերը խստացնելու մասին նոր օրենքը։ Ըստ օրենքի` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է համարվում վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը: Խախտման դեպքում սահմանվում է 50 հազար դրամ տուգանք։ Ռադիոկապից, հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը` 3000, հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը` 3000 դրամ։ Վարորդի կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը` 50 հազար, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաեւ կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը` 3-7000, պետական տեխնիկական զննում չանցած տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը, ինչպես նաեւ, եթե տրանսպորտային միջոցի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, սահմանվում է 1000 դրամ տուգանք։ Ըստ մեր տեղեկությունների, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Ոստիկանության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակ են տարվել նմանատիպ խախտումներ կատարած 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ, վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, եւ նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Բազմիցս ականատես ենք լինում, թե ինչպես է ՊԱՏ տեսուչը վախենում կանգնեցնել երթեւեկությունը կոպտորեն խախտող արտասահմանյան մակնիշի «ծիծակ» պետհամարանիշերով օրինազանց վարորդներին, որոնք հիմնականում օլիգարխներ են ու քաղաքական գործիչներ, դատախազության եւ արդարադատության համակարգի չինովնիկներ կամ նրանց «ոսկե» երիտասարդ բալիկները։