Վանաձորի քաղաքապետն օրերս հրավիրած ասուլիսում, որ Վանաձորում տեղի ունեցող սոցիալական դժգոհությունների ու բողոքի ցույցերի առնչությամբ էր, «սառը ջուր լցրեց» քաղաքի Աբովյան փողոցի բացման կազմակերպիչների (այն է՝ համայնքի երկու ավագանիների) եռանդին, ասելով. «Էդ պղտոր ջրում ձուկ բռնողները թող իրենք ուտեն էդ ձուկը», եւ, ըստ էության, «սպառնաց», թե առաջիկայում Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներ կհրավիրվեն Երեւանից՝ որոշելու Աբովյան փողոցի երթեւեկության հետ կապված հարցը: Իսկ սա նշանակում է, որ փողոցը, որն ավագանու եւ բնակիչների ջանքերով «ազատագրվել» էր, կրկին կարող է փակվել: Հատկանշական է, որ այս հարցում առավել ժողովրդահաճ կեցվածք ընդունեց Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդը: Նա չնայած խոստովանեց, որ Աբովյան փողոցի փակվելը ոչ միայն նորակառույց եկեղեցու շինարարության հետ էր կապված, այլեւ նպատակ էր հետապնդում, որպեսզի զբոսայգուց դուրս եկողներն ուղիղ եկեղեցի մտնեն, սակայն զիջողաբար նաեւ հայտնեց. «Եթե ժողովուրդն այդպես չի ուզում՝ ուրեմն չի լինի»:
Ի դեպ, Վանաձորում սկսել են հեղափոխական ակտիվություն ցուցաբերել ոչ միայն ներկա, այլեւ՝ նախկին ավագանիները: Նրանցից մեկն, օրինակ, վանաձորյան հեռուստաեթերով խոստացավ «պաժառ տալ» իր գործին խանգարող, վերջերս տեղադրված տնակ-տաղավարը, եթե իշխանության համապատասխան մարմիններն այն չտեղափոխեն: