Հայաստանի եւ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջեւ համաձայնագիրն այնուամենայնիվ ստորագրվեց։ Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանն առաջիկայում 235 միլիոն դոլար կստանա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացիները բազմիցս ակնարկել էին, թե այդ գումարի տրամադրումն ուղղակիորեն կապված է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի հետ, իսկ նոյեմբերի 27-ի հանրաքվեից հետո մի պահ նույնիսկ թվաց, թե Հայաստանը կարող է վերջնականապես խաչ քաշել այդ գումարի վրա։
Ու թեեւ այս պատմությունը (համենայն դեպս` դրա առաջին փուլը) ավարտվեց ամերիկյան «happy end»-ով, հասարակությանն այնուամենայնիվ շարունակում է հետաքրքրել այն հարցը, թե ինչո՞ւ ԱՄՆ իշխանությունները համառորեն չեն ուզում նկատել Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման բազմաթիվ փաստերը եւ ինչո՞ւ են շարունակում աջակցել իշխանություններին ու նրանց անվանել «ընտրված»` այն դեպքում, երբ Հայաստանում որեւէ մեկը չի կասկածում, որ ընտրություններն անցել են կեղծիքներով։ Այս հարցում տեսակետները բաժանվում են։ Ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ը Հայաստանում կատարվածի մասին բավարար ինֆորմացիա չունի, որովհետեւ ինֆորմացիան ստանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, իսկ դեսպանը, մեղմ ասած, համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ, ուրիշները կարծում են, որ ամերիկացիները շատ լավ գիտեն ամեն ինչ, բայց ամեն կերպ աջակցում են նախագահ Քոչարյանին, որովհետեւ նա ամերիկացիներին խոստումներ է տվել (մասնավորապես` ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում), եւ այլն։
Սկսենք նրանից, թե հանուն ինչի՞ պիտի ամերիկացիները ձգտեն Հայաստանում ժողովրդավարական համակարգ կառուցել։ Մեր գեղեցիկ աչքերի համա՞ր։ Քաղաքականության մեջ նման բաներ չեն լինում։ Այլ հարց է, որ ժողովրդավարական հասարակարգն ամենահեշտ կառավարելին է, որովհետեւ ժողովրդավարական երկրների իշխանությունները չեն կարող անել` ինչ խելքներին փչի, նրանք ստիպված պիտի լինեն առաջնորդվել հասարակական կարծիքով, իսկ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում հասարակական կարծիքի վրա ազդելն առանձնապես դժվար չէ։ Ավելի կոնկրետ` եթե Հայաստանում գերակշռող հասարակական տրամադրությունները համահունչ լինեին ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին, ԱՄՆ-ը կաներ ամեն ինչ` Հայաստանը ժողովրդավարական դարձնելու համար։
Հայաստանում այս միտքը ձեւակերպվում է մոտավորապես այսպես. քանի որ ԱՄՆ-ը ձգտում է ժողովրդավարություն հաստատել հետխորհրդային ողջ տարածքում, իսկ Ռուսաստանը ձգտում է այդ նույն տարածքում պահպանել իր ազդեցությունը, ստացվում է այնպես, որ բոլոր ավտորիտար երկրները ռուսամետ են (Բելառուս, Հայաստան, Ղազախստան եւ այլք), իսկ բոլոր ժողովրդավարական երկրները (Ուկրաինա, Վրաստան եւ այլք)` արեւմտամետ։ Իրականում մենք այս դեպքում, ինչպես հաճախ է պատահում, շփոթում ենք պատճառն ու հետեւանքը։ Այսինքն` բանն այն չէ, որ Հայաստանի իշխանություններն ավտորիտար ռեժիմի կողմնակից են, եւ հետեւաբար` ստիպված են ռուսամետ լինել։ Ճիշտ հակառակը. մեր հասարակությունն իր գերակշիռ մասով ռուսամետ է, դրա համար էլ ամերիկացիները ոչ մի իրական ցանկություն չունեն Հայաստանը դարձնել ժողովրդավարական։
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ԱՄՆ հետեւողական ջանքերի շնորհիվ Հայաստանը դառնում է կատարյալ ժողովրդավարական երկիր, իշխանությունները ձեւավորվում են բացառապես ժողովրդի կամքով… եւ շարունակում են ակնհայտ ռուսամետ քաղաքականությունը, որովհետեւ ժողովրդի մեծամասնությունը ռուսամետ է։ ԱՄՆ-ին պե՞տք է այսպիսի ժողովրդավարությունը։
Իսկ Վրաստանում պետք էր, որովհետեւ Վրաստանում հասարակական կարծիքը գերակշիռ մասով հակառուսական է եւ վերջին տասնամյակներում միշտ էլ այդպիսին է եղել (իսկ մի քանի օր առաջ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ վրացիներն իրենց թիվ մեկ թշնամին համարում են Ռուսաստանը)։ Պետք էր նաեւ Ուկրաինայում, որովհետեւ այնտեղ նույնպես հակառուսական տրամադրությունները միշտ ուժեղ են եղել։ Իսկ Հայաստանում պետք չէ։ Որպես ի՞նչ պիտի ԱՄՆ-ը Ռուսաստանի «ֆորպոստը» դարձնի ժողովրդավարական, մանավանդ, եթե Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստ» են համարում ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլեւ հասարակության մեծ մասը (ձեւակերպումները կարող են տարբեր լինել` «ավագ եղբայր», «ռազմավարական գործընկեր» եւ այլն)։
Այս իրավիճակն, ի դեպ, առաջիկայում կարող է փոխվել։ Ամերիկացիները կարծես թե մտադիր են ավելի լրջորեն մոտենալ Հայաստանի 2007 եւ 2008 թվականների ընտրություններին եւ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի ժողովրդավարացման ուղղությամբ։ Եվ սա իր բացատրությունն ունի. գազի սակագների բարձրացումից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններն ակնհայտորեն ուժեղանալու են, եւ այդ դեպքում Հայաստանի ժողովրդավարացումը կարող է համահունչ լինել ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին։