Գեղ կանգնի՝ ասֆալտ կփռի

02/04/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Իրականացավ երկար փայփայված երազանքը։ Ավելի ճիշտ` երազանքները։ Մարտի 27-ին ԱՄՆ իշխանությունները հրապարակավ լեգիտիմ ճանաչեցին ՀՀ իշխանություններին։ Ավելին, պարտավորվեցին մեր իշխանություններին փող նվիրել։ Վաշինգտոնում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանին 235 մլն դոլար տրամադրելու համաձայնագիր ստորագրեց։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մեր իշխանություններին որակեց «ընտրված»։ Ասել, թե սա մեր իշխանությունների երկու-երեք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է` սխալ կլինի։ Հայ-ամերիկյան ֆինանսական հարաբերությունների ջերմացումը բովանդակության առումով խորհրդանշական է։ Մեր իշխանությունները, որ վարկեր ու գրանտներ ստանալու համար երբեք ջանք չեն խնայել, ամերիկյան օգնությունը ստացան նույն ոլորտների համար, ինչերից սկսվել է Հայաստանի վարկեր վերցնելը։ 1990-ականներին մենք սկսեցինք վարկեր վերցնել երկրի ոռոգման համակարգը եւ ճանապարհները նորոգելու (կամ զարգացնելու) համար։ 1994թ. սկսած այդ նպատակներով առնվազն 8 վարկային պայմանագրեր են ստորագրվել` 100 մլն 900 հազար դոլար ընդհանուր արժեքով։ Մյուս վարկային ծրագրերից` «Հայաստան» հիմնադրամից, «Լինսի» հիմնադրամից, պետբյուջեից հատկացված միջոցները չհաշված` ոռոգման համակարգի համար երկիրը վերցրել է 54 մլն 600 հազար դոլար վարկ։ Ճանապարհների նորոգման համար` 46 մլն 300 հազար դոլար։ Ճանապարհների համար վերցված վարկային գումարներն ավելի փոքր են, որովհետեւ այս ոլորտում մեծ են «Հայաստան» եւ «Լինսի» հիմնադրամների ներդրումները։ Թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել այս գումարները` միշտ կասկածների կամ բանավեճերի թեմա է։ Ոռոգման համակարգերի շուրջ ծագած խնդիրները վաղուց մոռացվել են։ Իրավաբանական բառապաշարով ասած` ընկել են վաղեմության ժամկետի տակ։ Հակառակ պատկեր է ճանապարհաշինության ոլորտում։ «Լինսի» հիմնադրամի իրականացրած աշխատանքների հետեւանքները մայրաքաղաքի (ու ոչ միայն) բնակիչները թունդ խոսքերով գնահատում են միշտ։ Հատկապես ձմռան ավարտին, երբ փողոցների բետոնաասֆալտային ծածկույթը հալվում-մաշվում է ձյան շերտի հետ։ Այս տարի թունդ խոսքերի հետ համադրվեցին «Լինսի» հիմնադրամի պատասխանատու Արտաշես Թումանյանի անվան հետ կապված պատմությունները։ Մինչ այժմ նա էր երկրի գլխավոր «ճանապարհաշինարարը»։ Հիմա պարզվում է` այդ ոլորտում մութ գործեր ու գործարքներ կան։ Ընդունեք, գեղեցիկ զուգադիպություն է, որ հենց այդ պահին Հայաստանը նոր եւ կրկնակիից ավելի շատ փող է ստանում ոռոգման համակարգի ու ճանապարհաշինության համար։ Հայաստանի տնտեսության համար սա լուրջ գումար է։ 2002-03թթ., երբ «Լինսի» հիմնադրամը «փողոցաշինության» ու ճանապարհաշինության մեջ 100 մլն դոլարանոց ներդրում կատարեց, տնտեսական աշխուժությունը նկատեցին բոլորը։ Անկախ այն փաստից, թե որքան գումար յուրացվեց, որքանն ուղղորդվեց շինարարություն, վիճակագրությունն այս ոլորտում 40 տոկոսանոց աճ արձանագրեց։ Հիմա, երբ շինարարությունը մեր տնտեսության «ամենամոդայիկ» ոլորտն է` նման թռիչքաձեւ առաջընթացի սպասումն իրատեսական է դառնում։ Նորից ոգեկոչվում է մեր` շինարար ազգ լինելու տեսլականը։ Ճիշտ է, մեր կառուցած փողոց-մայթերը, ճանապարհները կուսական տեսքով 1-2 տարի են ծառայում։ Բայց դա ոչինչ. միայն գերմանացիները կարող են հպարտանալ, որ իրենց կառուցած ճանապարհները 60-70 տարի են շահագործվում, առանց լուրջ նորոգման ծախսերի։ Մյուս պետություններում ցուցանիշներն անհամեմատ ավելի համեստ են։ Ճիշտ է, այնքան համեստ չեն, որքան մեր երկրում, բայց դա չի խաթարի շինարար ազգի մեր ինքնագիտակցումը։ Ի վերջո, պաշտոնական տվյալներով` անցած տարի շինարարությանը բաժին ընկավ համախառն ներքին արդյունքի համարյա 20 տոկոսը։ Փորձագիտական այն տվյալները, որ շինարարությունը դեֆորմացնում է մեր տնտեսությունը, եւ շինարարական բումի ավարտից հետո տխուր տեսարան կարձանագրվի, չարդարացան։ Փորձագետները ենթադրում էին, որ շինարարական բումը ձգվելու է 2-4 տարի։ Մայրաքաղաքում ընթացող «էլիտար» շինարարությունը եւ նոր` ամերիկյան փողերով բացվող հեռանկարն ապացուցում են, որ տնտեսության դեֆորմացիան ավելի է մեծանալու։ Այսինքն` շինարարության տեսակարար կշիռն ընդհանուր տնտեսության մեջ ավելի ու ավելի է աճելու։ Հնարավոր բացասական հետեւանք համարվում է այն, որ արտագնա շինարարական աշխատուժը (խոպանչիները) մայրաքաղաքի ցածր աշխատավարձերի պատճառով շարունակում է աշխատանք փնտրել արտասահմանում։ Անընդհատ աճող շինարարությունում բացվող նոր աշխատատեղերը զբաղեցնում է մարզերից եկած պատշաճ որակավորում չունեցող աշխատուժը։ Այդ նույն աշխատուժը կտրելով գյուղատնտեսության ոլորտից։ Լայն իմաստով սա գյուղատնտեսությանը չի սպառնում, որովհետեւ գյուղերում աշխատուժի ավելցուկ կա։ Վատն այն է, որ մայրաքաղաքում շինարարի որակավորում ձեռք բերող բանվորները, մեկ-երկու սեզոն հետո, չհամակերպվելով ցածր աշխատավարձի հետ, լրացնում են խոպանչիների բանակը։ Իսկ ճանապարհաշինարարությունն, արդեն մի քանի տարի է, շարունակվում է մարզերի ոչ մասնագետ աշխատուժի միջոցով։

Ժամանակն է, որ ձեւափոխենք ավանդական ասացվածքը։ Վերջին տարիների ոգուն համահունչ արդեն կարելի է ասել. «Գեղ կանգնի` ասֆալտ կփռի»։ Եվ ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ ասֆալտը հալվում է ձյան հետ։ Ո՛չ ասֆալտ արտադրողներն են մասնագետներ, ո՛չ ճանապարհաշինարարները։ Իսկ դուք կարծում էիք, թե պատճառը միայն վարկային ու գրանտային միջոցները յուրացնելն է։