Էլիտան իրար դեմ է դուրս գալիս «էլիտարներով»

02/04/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս ընկերությունն էլիտար հսկա շենք է կառուցում նաեւ Երեւանի գինու կոմբինատի հարեւանությամբ 9700քմ տարածքի վրա: Սա նաեւ, ասում են, այն ընկերություններից է, որոնք իրենց իրական հայ տերերին թաքցնելու եւ հարկերից խուսափելու համար ընդունում են «արտասահմանյան ներդրող» անունը: Տվյալ դեպքում` ամերիկյան ներդրող:

Ի տարբերություն Հյուսիսային պողոտայի շենքերի, Երեւանի գինու կոմբինատի հարեւանությամբ կառուցվող շենքի բնակարանների 1 քմ-ն «Գլենդել հիլզը» վաճառում է 700 դոլարով: Այդ տարածքն էլ համարվում է Երեւանի կենտրոն եւ խոստանում է դառնալ էլիտար թաղամաս: Այսինքն՝ ընկերությունը լիիրավ «իրավունք» ունի այդ շենքի բնակարանների 1 քմ-ն վաճառել 1000-1200 դոլարով, ինչն արվում է մյուս էլիտար շենքերի դեպքում: Հաջորդ այլընտրանքն էլ այն է, որ այս երկրորդ շենքում առաջարկվում են 42, 47 կամ 52 եւ 75 քմ տարածքով բնակարաններ: Էլիտար շենքերում մինչեւ հիմա կառուցված բնակարանները 100 քմ-ից պակաս մակերես չեն ունեցել: Այսինքն՝ մինչեւ հիմա առաջարկված տարբերակների դեպքում էլիտար շենքում բնակվել ցանկացողը 100 քմ-ից պակաս բնակարան չէր կարողանում գնել, որովհետեւ այդպիսին չկար: Իսկ «Գլենդել հիլզի» տարբերակով, եթե այսօր, շինարարության պահին վճարենք, ապա ավարտից հետո 1 քմ-ն 700 դոլարով կունենանք մեր ցանկացած չափի բնակարանը: Առաջին հայացքից` վատ տարբերակ չէ, 40- 60.000 դոլարով կարելի է էլիտար բնակարանի տեր դառնալ, ինչը Հյուսիսային պողոտայի շենքերի դեպքում 100.000 դոլարից ավելի է արժենում:

«Գնորդներ են գալիս, որ ուզում են կենտրոնի նորակառույց շենքում մեկ սենյականոց բնակարան ձեռք բերել,- ասում է «Գլենդել հիլզ» ընկերության տնօրեն Էդիկ Մելիքյանը: -Այս էլիտար շենքերն այդ հնարավորությունը չեն տալիս: Փոքր մակերեսով բնակարան գնողները հիմնականում նորապսակ զույգերն են լինում: Մենք որոշեցինք գնորդներին այդ հնարավորությունը տալ»:

«Գլենդել հիլզի» նոր շինարարությունը նոր է սկսվել, եւ կարելի է եզրակացնել, որ կառուցապատողներն իրենց բնակմակերեսը համեմատաբար ցածր գնով են վաճառում այն պատճառով, որ շենքն ավարտին հասցնելու համար բավարար գումարներ չունեն: Է.Մելիքյանի ասելով, եթե շենքի կառուցման ավարտից հետո չվաճառված բնակարաններ մնացած լինեն, նորից նույն գնով են վաճառելու: Իսկ բնակարանները հանձնում են ներքին հարդարված վիճակով:

Ոլորտում տիրող իրավիճակից ելնելով` կարելի է միանշանակ պնդել, որ սա գտնված առաջարկ է եւ դժվար թե մինչեւ շինարարության ավարտն այդ շենքում չվաճառված բնակարան գտնվի: Ակամա ցանկություն է առաջանում նախօրոք գնալ եւ բնակարան գնել, քանի դեռ այդ հնարավորությունը կա: Բայց մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս շենքում հնարավոր է այդ գնով բնակարան գնել, իսկ Հյուսիսային պողոտայում՝ ոչ: Միգուցե երկրորդ դեպքում անո՞ւնն է հնչեղ: Բայց չէ՞ որ երկուսն էլ կենտրոնում են: Ավելին՝ Գինու կոմբինատի հարակից տարածքն ավելի լավ կամ ազատ դիրք է զբաղեցնում, եւ Արարատ լեռն այնտեղից ավելի պարզ է երեւում, ինչը սփյուռքահայ գնորդի համար խիստ կարեւոր նշանակություն ունի: Այստեղ արդեն հաստատ համոզվում ես, որ էլիտար շենքեր կառուցողները գեր-գերշահույթ են ստանում:

Շինարարության ոլորտում շրջանառվում է, որ շենք կառուցելու համար արդեն հաշվարկած, ստանդարտ գումար կա. 1 քմ-ն համար ծախսվում է մոտ 350 դոլար: Դրան գումարում են նաեւ որոշակի հարկեր: Փաստորեն 1քմ-ն 700 դրամ վաճառելով էլ կարելի է լավ շահույթ ստանալ: Ինչ է եղե՞լ, որ՝ կարելի է բավարարվել, ասենք, 250 դոլարով, իհարկե, 1 քմ-ի համար, եւ հաջողակ ու երկարատեւ շինարարական բիզնեսով զբաղվել: 1 քմ-ի 1000-1200 դոլարով վաճառելով` 600-700 դոլարն էլ կառուցապատողի շահույթն է: Այսինքն՝ էլիտար շենքի տերը ուզում է իր ներդրած գումարի կրկնակի չափով էլ շահույթ ստանալ:

Իսկ միգուցե «Գլենդել հիլզն» իր բնակարաններն «էժան» է վաճառում այն պատճառով, որ անշարժ գույքի գներն արդեն սկսում են իջնել: Իհարկե՝ ոչ. Կադաստրի պետական կոմիտեի ուսումնասիրությունները հակառակն են ասում:

Մեկ այլ հարց էլ է առաջանում, թե «Գլենդել հիլզն» արդյոք չի՞ վախենում մյուս «էլիտար գիգանտներից», մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանից, որ իր բնակարանները կրկնակի էժան է վաճառում: Չէ՞ որ Հայաստանում ազատ շուկայական հարաբերություններ չկան, եւ տնտեսության ցանկացած ոլորտ վերահսկվում է, եւ գները սահմանվում են իշխանությունների վերին օղակների կամքով, այս «ամերիկյան ինքնակամ» կառուցապատողին շինարարական գիգանտները կխեղդեն ու Հայաստանից դուրս կշպրտեն: Բայց ընկերության տնօրեն Է. Մելիքյանը դեռ ոչ մի ճնշում չի զգացել: Մնում է մտածել, որ «Գլենդել հիլզի» ամերիկյան տերը հայաստանյան չճնշվող օլիգարխ է կամ բարձր պաշտոնյա: Բուզանդ փողոցի բնակիչները, ովքեր շատ լավ գիտեն, թե «ով ով է», հավատացնում են, որ «Գլենդել հիլզի» իրական տերը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է: Նրա եղբոր՝ Վահան Հարությունյանի իրավաբանական ընկերությունն էլ հավանաբար իրականացնում է Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից մեծ մասի իրավաբանական աշխատանքները: Մեկ այլ տարբերակով էլ՝ «Գլենդել հիլզն» Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Հարությունյանին է: Թեեւ այս մեկի անվան հետ է կապված մեկ այլ կառուցապատող՝ «Գրիառ» ընկերությունը:

Բոլոր դեպքերում այստեղ գնային մրցակցություն կա: Եվ դժվար է հավատալ, որ Դավիթ կամ Գրիգորի Հարությունյանները որոշել են չափավոր բիզնես իրականացնել եւ ոչ մեկից էլ չեն զգուշանում: Իսկ Էդիկ Մելիքյանը հավատացնում էր, որ իրենք խնդիրներ չեն ունեցել նույնիսկ իրացման ժամանակ: Տարածքի բնակիչներին ունեցած բնակարանների մակերեսով նոր բնակարաններ են առաջարկել էլիտար շենքում: Է.Մելիքյանն ասում է, որ նույն անաղմուկ ձեւով իրացրել են նաեւ Բուզանդ փողոցի հատվածը: Բայց Բուզանդի բնակիչ Էմմա Թունյանն էլ պատմում է, որ իրենց սեփական 90 քմ նոր վերանորոգված տան, արվեստանոցի եւ մոտ 200քմ հողի դիմաց ընդամենը 32.000 դոլար են առաջարկել:

«Իմ տունը լավ վերանորոգած էր եվրոպատուհաններով եւ մետաղական թանկարժեք կոնստրուկցիաներով,- ասում է տիկին Թունյանը: -Չթողեցին գոնե այդ պատուհաններն ու դռները հանեի, ինքս վաճառեի: Էդիկ Մելիքյանի հայրը քար ու փայտ չթողեց մեր տներում, ամբողջը քանդեց, տարավ վաճառեց: Նրանք իրենց սանձարձակ էին պահում ու դրանից երեւում էր, որ թիկունքում բարձր պաշտոնյա ունեն: Իրենց տարածքում մոտ 25 ընտանիքի համար 400.000 դոլարից մի քիչ ավելի են տվել: Մեր բակի մի քանի ընտանիքների գումարը հետո Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահանը ավելացրեց, որովհետեւ հեռավոր բարեկամներ էին: Իսկ մեր գործերը Եվրոդատարանում են: Այստեղ երեք դատարաններում էլ պարտվել ենք: Դատավորները մեզ ասում էին՝ իզուր գլխացավանք մի ստեղծեք, որովհետեւ մեզ վերեւից է կարգադրված»:

Իսկ Է.Մելիքյանն էլ ասում է, որ այդ ընտանիքին առաջարկվել է 73.300 դոլար, մյուս խոսակցություններին էլ առաջարկում է ուշադրություն չդարձնել:

Տիկին Թունյանի ասելով` 73.300 դոլարն առաջարկվել է այն դեպքում, որ 5 օրվա ընթացքում տունն ազատեն:

«Բայց ես իմ նոր վերանորոգած սեփական տունը ո՞նց 5 օրվա ընթացքում լքեի,- ասում է տիկինը: -Իսկ այդ գումարի 10 տոկոսն էլ պետք է հարկ վճարվեր: 66.000 դոլարով հնարավո՞ր է կենտրոնում 90 քմ տարածքով տուն եւ 200 քմ-ից ավելի տուն գնել»:

Այս պատմությունը շատ խճճված է, բայց առաջարկն այսօրվա վիճակով գայթակղիչ է: Ի դեպ, մենք Է. Մելիքյանին փոխանցեցինք Բուզանդի բնակիչների վարկածը, թե «Գլենդել հիլզը» Դավիթ Հարությունյանինն է, ինչին ի պատասխան` նա ասաց. «Ես ուրախ կլինեի, որ այն Դավիթ Հարությունյանինը լիներ, բայց, ցավոք, դա այդպես չէ: Ես մեծ ուրախությամբ նրա հետ կաշխատեի»: Գ. Հարությունյանի վարկածը նա նույնպես հերքեց: