Յուրաքանչյուր ծանր հանցագործություն ծանր է յուրովի: Բայց երբ այդ ծանրությանը գումարվում են նաեւ անհեթեթությունը, չնչին առիթը, տղայական խմբային մոլուցքը, երբ հանցանքը գործվում է դաժան խաղի պես` ինչպես թղթախաղերում, եւ ավարտվում` որպես անիմաստ հաշվեհարդար, ստացվում է համանման հանցագործությունների մի համառ շարան, որի վերջը ցավոք չի երեւում:
Մեր տեղեկություններով` Սեւանում օրերս կատարվել էր դաժան ու քստմնելի սպանություն, ուր սպանվածն ու սպանություն կատարողը հասակակից, մանկության ու բանակային մտերիմ ընկերներ են եղել, սակայն ինչ-ինչ կենցաղային հարցեր մոռացության է մատնել նրանց երբեմնի ընկերությունը:
2006-ի մարտի 13-ին Ոստիկանության Սեւանի բաժին հայտարարություն է տվել Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակչուհի 1987-ին ծնված Մարինե Վ. Գեւորգյանը եւ հայտնել, որ նախորդ օրը եղբայրը` Գեւորգ Վ. Պետրոսյանը` ծնված 1985թ., տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Ոստիկանության աշխատակիցներին քույրը տեղեկացրել է նաեւ, որ նախորդ օրը եղբոր նշանածի ծննդյան տարեդարձն էր, որին եղբայրը չի մասնակցել, ինչն էլ հարազատների մոտ լուրջ կասկածների տեղիք է տվել: Նույն օրը Գ. Պետրոսյանի անհետանալու մասին ստացած հայտարարության հիման վրա Գեղարքունիքի մարզի Դատախազությունում սպանության հատկանիշներով հարուցվում է քր.գործ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստեղծվում է օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա գտնվող ջրահեռացման խողովակների մոտ հայտնաբերվում է Գ. Պետրոսյանի դին: Դատաբժշկական փորձաքննության ուսումնասիրությունից հետո պարզվում է, որ դիակի վրա առկա են սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական ծանր վնասվածքներ: Դատափորձագետի եզրակացությամբ` Գ. Պետրոսյանը մինչեւ մահը մարմնի տարբեր մասերում ստացել է դանակի 35 հարված: Մարտի 15-ին, օպերատիվ-քննչական խումբը տեղեկություններ է ստանում, որ Գ. Պետրոսյանի անհետանալու օրը վերջինս եղել է նույն մարզի Գագարին գյուղի Գայի փողոցի բնակիչ Գոռ Լ. Մանուկյանի` ծնված 1985թ., հետ, իսկ դիակը հայտնաբերվել է Գագարին գյուղին հարակից ջրահեռացման խողովակների մոտ: Նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Սեւանի բաժին բերման է ենթարկվում Գ. Մանուկյանը: Օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Մանուկյանը խոստովանում է, որ հաճախ էր հանդիպում իր բանակային ընկեր Գ. Պետրոսյանին, միասին զբաղվում էին թղթախաղով, սկզբում` որպես գրազ, ծխախոտ էին խաղում, հետո` խաղի արդյունքից ոգեւորված, նա Պետրոսյանին առաջարկում է թղթախաղը շարունակել, սակայն այս անգամ ծխախոտը փոխարինելով դրամով: Արդյունքում Գ. Պետրոսյանը տանուլ է տալիս 200 ԱՄՆ դոլար, իսկ ամեն անգամ, միմյանց հանդիպելով, գրազը ստանալու հարցը 2 ընկերների մեջ վերածվում էր կենցաղային վեճի: Մարտի 12-ի հանդիպումը ճակատագրական է լինում: Այդ օրը Գ. Մանուկյանի մոտ արթնացել էր արյան ծարավը՝ «սատանու» շղարշով: Նա Գ. Պետրոսյանի հետ մեկնում է Ճամբարակ, ապա վերադառնում Գագարին ավան, ընկերոջը զրուցելու կեղծ պատրվակով դուրս է հանում գյուղից, ապա Սեւան-Երեւան ավտոմայրուղու մոտ վեճը վերածվում է կռվի, հետո նախապես իր հետ վերցրած դանակով Մանուկյանը` անսպասելի ու դավադիր, բազմաթիվ անգամ հարվածում է Գ. Պետրոսյանին, հետո դեռեւս չմահացած ընկերոջը քարշ տալով գցում է ջրահեռացման խողովակի մեջ: Հեռանալուց առաջ վիրավոր ընկերոջ գրպանից վերցնում է բջջային հեռախոսը: Հասնելով գյուղ` նա նորից վերադառնում է սպանության վայրը: Հիշել էր, որ զոհի մատին ոսկյա մատանի կար եւ սառնասրտորեն մտել էր ջրահեռացման խողովակի մեջ եւ արդեն մահացած ընկերոջ մատից հանել էր նշանի ոսկե մատանին: Կատարված սպանության մասին պատմում է եղբորը, իսկ վերջինս, չհավատալով նրան, հետը մեկնում է սպանության վայր, որտեղ էլ եղբայրը, տեսնելով սպանվածի դին, սկսում է լաց լինել: Հաջորդ օրը Գ. Մանուկյանը մեկնում է Սեւան, հանդիպում իր եւ զոհի բանակային ընկերոջը` 1985-ին ծնված Արթուր Բաղդասարյանին, պատմում նախորդ օրը կատարվածի մասին, եւ միասին մեկնում են Երեւան, ոսկու շուկայում վաճառում նշանի մատանին, ստացված գումարով գնում են բջջային հեռախոսի նոր քարտ եւ մնացած 12 հազար դրամով վերադառնում Սեւան: Իսկ այնտեղ արդեն Գ. Պետրոսյանի անհետանալու փաստով զբաղվում էին Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները: Գ. Մանուկյանը, կեղծ ալիբի ստեղծելով, իբրեւ սրտացավ ընկեր, իր կողմից սպանված ընկերոջ հարազատների հետ լծվում է որոնման աշխատանքներին: Ա. Բաղդասարյանը` զգալով, որ մասնակից է դառնում դաժան ու քստմնելի ոճրագործության պարտակմանը, բջջային հեռախոսն ու 12 հազար դրամ գումարը վերադարձնում է սպանվածի հարազատներին, տեղեկացնելով, որ դրանք իրեն է տվել Գ. Մանուկյանը:
Հարուցվել է քր. գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունը վարում է Գեղարքունիքի մարզի Դատախազությունը:
Գ. Մանուկյանը կալանավորված է, նրա եղբայրն ու Ա. Բաղդասարյանը ստորագրությամբ բաց են թողնվել: