Յոթերորդ ամիսն է, գաղութում է գտնվում մի մոլոկան, որը հրաժարվել է այլընտրանքային ծառայությունից, քանի որ համարում է, որ այն զինվորական բնույթ է կրում: 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, եւ 24 պատանի մեկնեցին այլընտրանքային ծառայության, որոնցից 22-ը Եհովայի վկա էին, մեկը` մոլոկան: Այլընտրանքային ծառայությունը պետք է տեւեր 3 տարի 6 ամիս (զինվորական ծառայությունը 2 տարի է):
Սակայն հինգ ամիս ծառայելուց հետո նրանք հրաժարվեցին ծառայությունից, քանի որ այն զինվորական բնույթ էր կրում: Եհովայի վկաներից մեկը մահացավ ավտովթարից, 18-ը բանտում են, մեկն ազատվել է կալանքից, երկուսին չեն ձերբակալել: Մոլոկանը` 19-ամյա Պավել Կարավանովը, ձերբակալվել է անցյալ տարվա օգոստոսի 22-ին եւ դասալքության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 362 հոդվածի առաջին մաս) դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման: Մոլոկանները ռուսական կրոնական համայնք են (քվաքերների նման), որոնց 19-րդ դարի սկզբին ցարն աքսորել է Հարավային Կովկաս: Զինվորական ծառայությունը դեմ է նրանց կրոնական սկզբունքներին: Էրեբունու քրեակատարողական հիմնարկում Պավել Կարավանովն ասել է «ԱրմենիաՆաուի» թղթակցին. «Ծնողներս Աստվածաշնչով են շարժվել, իմ հոգին էլ փոքրուց Աստվածաշնչով է դաստիարակվել: Գնացի զինկոմիսարիատ ու ասացի, որ հրաժարվում եմ ծառայելուց: Առաջարկեցին այլընտրանքային ծառայություն, ես էլ համաձայնեցի»:
2004թ. դեկտեմբերին Պավելը յոթ Եհովայի վկաների հետ ծառայության է անցնում Վարդենիսի տուն ինտերնատում (հոգեբուժարան) որպես սանիտար: Ծառայության ընթացքում պարզվում է, որ նրանց ծառայությունը զինվորական վերահսկողության տակ է, նրանց պարբերաբար ստուգում էին զինվորական ոստիկանությունից: «Մի անգամ անհրաժեշտ էր, որ տուն գնայի: Տնօրենն ասաց, որ պետք է զինվորական ոստիկանությունից թույլտվություն վերցնել»: Պավելն ասում է, որ իր ձեռքից վերցրել են Աստվածաշունչը: Հինգ ամիս հետո այլընտրանքային ծառայության մեջ գտնվող բոլոր Եհովայի վկաները նամակ են գրում տնօրինությանը, որ եթե իրենց ծառայությունը շարունակվի զինվորական հսկողության ներքո, ապա իրենք կհրաժարվեն ծառայելուց:
Պավելը հետեւում է նրանց օրինակին եւ դիմում գրում տնօրենին, որ դադարեցնում է աշխատանքը եւ կհրաժարվի ծառայությունից, եթե այն չհամապատասխանի իր համոզմունքներին: Պատասխան չստանալով` 17 օր անց Եհովայի վկաների հետ նա մեկ այլ նամակ է գրում, որ հեռանում է ծառայության վայրից, եւ եթե իր պահանջները բավարարվեն, ինքը միշտ պատրաստ է շարունակել ծառայությունը: «Մեզ խաբեցին, ասեցին` զինվորականության հետ կապ չեք ունենա (օրենքում ասված է, որ քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը դուրս է զինվորական ծառայությունից), բայց սուտ էր: Ասեցին` փող կտանք, բայց ամբողջ հինգ ամսվա մեջ ընդամենը 1500 դրամ (3 դոլար) փող տվեցին»:
Երեք ամիս անց Պավելին կանչում են Գավառի դատախազություն: Երրորդ հարցաքննությունից հետո ձերբակալում են: Վարդենիսում նրան դատում է Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը: Փաստաբան չի ունենում եւ, հետեւաբար, չի բողոքարկում դատավճիռը: «Քննիչը փաստաբան առաջարկեց, բայց մենք փող չունեինք փաստաբան վարձելու, իսկ պետականին չէի վստահում»,- ասում է նա:
Մեկուսարանում գտնվող այլընտրանքային ծառայության մեկնած 19 Եհովայի վկաներ բողոքարկել են իրենց դատավճիռը (երկուսի դեմ գործ է հարուցված, սակայն նրանց չեն կալանավորել): Նրանք ունեն երկուական փաստաբան: Պավելի հետ ծառայող չորս Եհովայի վկաների գործերը վերաքննիչ դատարանը հետ է ուղարկել լրացուցիչ քննության: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նախաքննության մարմինը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները գործի հանգամանքների համակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար, թույլ է տվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ: Իսկ Պավելի հետ ծառայած եւ նույն մեղադրանքով 2 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վահե Գրիգորյանին մարտի 13-ին ազատել են կալանքից, եւ գործը վերաքննիչ դատարանը հետ է ուղարկել նախաքննության: Սպասվում է, որ մյուս Եհովայի վկաներին նույնպես կազատեն: Պավելը հույս ունի, որ կազատվի պատժի մեկ երրորդը կրելով, որը կլրանա երեք ամսից (դա նախատեսված է օրենքով կարգապահ կալանավորների համար): Նա չդժգոհեց կալանավայրի պայմաններից, որտեղ, ի տարբերություն ծառայության, Աստվածաշունչ ունի:
Պավելի մեծ եղբայրը` Սերգեյը, 2000-2002թթ. ծառայել է հայկական բանակում, սակայն առանց զենք կրելու եւ երդում տալու: Այժմ նա ԱՄՆ-ում է: Ընդհանրապես մոլոկանները դեռեւս խորհրդային տարիներից մեկնում են ծառայության, սակայն հրաժարվում են զենք կրել եւ երդում տալ: Պավելի հայրը` Նիկոլայը, ծառայել է խորհրդային բանակում առանց զենք կրելու եւ երդվելու: «Աստվածաշնչում ասված է սուր վերցնողը սրից կընկնի: Նաեւ ասված է` մի՛ երդվիր»,- ասում է Նիկոլայը: Նրա տեղեկություններով` այժմ հայկական բանակում մոտ 10 մոլոկան ծառայում է առանց զենք կրելու: Եթե այլընտրանքային ծառայությունը չլիներ, ապա Պավելը, հավանաբար, եղբոր պես կծառայեր բանակում: Սակայն այն օրենքը, որ պիտի պաշտպաներ խղճի իրավունքը, հավատացյալին բանտ նետեց:
Անցյալ տարի ոչ ոք չի մեկնել այլընտրանքային ծառայության: Բացի այլընտրանքային ծառայությունից հրաժարվածներից` եւս 39 Եհովայի վկա գտնվում է բանտում ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից հրաժարվելու համար:
www.armenianow.com