Եհովայի վկաների թացն ու չորը

02/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Լյովա Մարգարյանը հավաստիացնում է. «Եհովայի վկաներն ընդհանրապես մոլախաղերի հետ չեն առնչվում, որովհետեւ դրանք մարդկանց ագահության տանող ճանապարհ են, դրանց հետեւանքով ընտանիքներ են քայքայվում, մոլախաղերով կարող են տանուլ տալ իրենց աշխատանքը. մոլախաղերը դատապարտելի են, եւ Աստվածաշունչն ընդհանրապես դեմ է նման կարգի խաղերին»:

Վարդենիսի հոգեբուժարանում այլընտրանքային ծառայություն անցնող եւ հետագայում այդ ծառայությունից էլ հրաժարված Եհովայի երիտասարդ վկաների հիմնական զբաղմունքներից մեկն էլ, երբ նրանք, այսպես ասած՝ գործադուլ էին հայտարարել, թղթախաղն էր: «Մենք հո ղումար չե՞նք խաղում, ուղղակի զբաղվում ենք, մեր հավատքը չի արգելում»,- ասում էին տղաները: Դե, ուրիշ էլ ի՞նչ անեին, ամբողջ օրն Աստվածաշունչ ո՞վ կարող է կարդալ: Այս երիտասարդ եհովականներն Աստվածաշունչ կարդում էին, բայց ավելի հաճախ հանդիպում էինք թղթախաղով տարված պահերին: Թղթախաղով ժամանակն էին սպանում եւ սպասում, թե հայրենի իշխանություններն ինչպես կարձագանքեն իրենց գործադուլին: Այդ ձանձրույթի պահերը երբեմն կիսում էին իրենց այցելած լրագրողների հետ: Մեզ հետ հաճույքով զրուցում էին՝ ոչ միայն իրենց ոտնահարված իրավունքների ու հավատքի, ավելի հաճախ՝ իրենց տարիքին ավելի հարիր հետաքրքրությունների շրջանակում: Երբեմն հոգեբուժարանի տնօրինությունից թաքուն ձանձրալի երեկոները մեր ընկերակցությամբ տաքացնում էին մի քանի թաս օղիով եւ կարդում ծառայության ժամանակ հորինված բանաստեղծություններ՝ ուղղված սիրած աղջկան. միանգամայն մարդկային ու հասկանալի հոգեվիճակ:

Լ.Մարգարյանն ասում է. «Ալկոհոլի օգտագործումը մեզ արգելված չէ, Աստվածաշունչը թույլ է տալիս չափավոր օգտագործել, բայց՝ միայն տանը, հանգստի ժամանակ. ոչ աշխատանքի, ոչ ծառայության վայրում, ոչ անգամ հոգեւոր ժողովներին մասնակցելիս ալկոհոլի օգտագործումը չի թույլատրվում»: Եհովականների առաջնորդը չի հավատում, թե երիտասարդ եհովականները կարող էին ծառայության ժամանակ նման բան թույլ տալ իրենց, նույնիսկ՝ հատուկ առիթների դեպքում: Ծխախոտի վերաբերյալ Եհովայի վկաների առաջնորդն ասում է. «Ոչ ոք չի հավատա, եթե ասեք, որ Եհովայի վկաները ծխում են, որովհետեւ Աստվածաշունչը դատապարտում է դա, եթե որեւէ մեկը թույլ տա իրեն ծխել, դա կհամարվի մեղք, որովհետեւ նա իր օրգանիզմն է պղծում: Իսկ ընդհանրապես, ամեն անհատ ինքն է որոշում՝ օգտագործի՞, թե՞ չօգտագործի: Եթե օգտագործի` նշանակում է` ինքը Աստծո օրենքը խախտեց»,- այսպիսի ոչ միանշանակ բացատրություն է տալիս Լ.Մարգարյանը:

Պրն Մարգարյանն ուղղակի խելքին մոտիկ չի համարում այն վարկածը, թե իրենց կրոնական համոզմունքները կարող են օգտագործվել շահադիտական նպատակներով, ինչպես, օրինակ, զինծառայությունից խուսափելն է: «Եհովայի վկա դառնալն այդքան հեշտ չի, ինչպես ձեզ թվում է: Մինչեւ Եհովայի վկա դառնալը մարդը պետք է պատրաստ լինի՝ գործերով ապացուցի, որ ինքն արժանի է դրան, այդպիսի դեպք չի եղել դեռ, որ Եհովայի վկաներից մեկը բանակ չգնալու համար դառնա Եհովայի վկա»: Եհովայի վկա դառնալու արժանիքներից մեկն էլ, հավանաբար, պետք է լինի գթասրտությունը:

Վարդենիսի հոգեբուժարանում այլընտրանքային զինծառայություն անցնող երիտասարդներն առանձնապես աչքի չէին ընկնում գթասրտությամբ, եւ հաճախ օգնության ձեռք չէին մեկնում հիվանդներին՝ պատճառաբանելով, որ պատրաստ չեն նման հիվանդների հետ աշխատել: Հոգեբուժարանի տնօրեն Սամվել Խաչատրյանի խոսքերով՝ «Նրանք հաճախ հրաժարվում էին այդ հիվանդներին պարզ սանիտարական ծառայություններ մատուցել՝ դա իրենց արժանիքներից ցածր համարելով, այդպիսով՝ նաեւ նսեմացնում էին մեր աշխատողներին ու նրանց աշխատանքը»: Լ.Մարգարյանին տարօրինակ են թվում հոգեբուժարանի տնօրենի այս խոսքերը. «Դուք կարող եք ծանոթանալ դատական պրոցեսում այդ երիտասարդներին տրված բնութագրերին, որոնք հենց Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է տվել. նա բոլորին էլ գերազանց է բնութագրել՝ որ շատ բարեխիղճ են աշխատել»: Մինչդեռ ժամանակին տղաներն իրենք էլ չէին ժխտում, որ որոշ աշխատանքներից հրաժարվում են: Հոգեբուժարանի աշխատակիցները պնդում էին նաեւ, որ տղաները, գործադուլ հայտարարելուց հետո, հրաժարվել են անգամ իրենց պարզ, մարդկային խնդրանքները կատարել: Եհովայի 7 վկաների հետ միասին Վարդենիսի տուն-ինտերնատում այլընտրանքային ծառայություն էր անցնում նաեւ մի մոլոկան: «Մեր հայ տղաները բոլորն էլ հրաժարվում էին աշխատանքից, միայն մոլոկանն էր աշխատող տղա»,- ասում է Ս.Խաչատրյանը: Հիվանդներին ձեռք մեկնելուց հրաժարվում էին՝ ի նշան բողոքի, սակայն մեծ ախորժակով այդ նույն հիվանդների հետ հաց էին կիսում: «Նրանք դիմում են գրել, որ հրաժարվում են աշխատանքից, որովհետեւ պետությունը նրանց խաբել էր՝ փաստորեն նրանց ծառայությունը զինվորական բնույթ է կրել, նրանք անընդհատ Զինվորական ոստիկանության հսկողության տակ են եղել, աշխատանքից հրաժարվելով` նրանք փորձել են իրենց վրա ուշադրություն հրավիրել»,- իր հավատակիցներին արդարացնում է Լ.Մարգարյանը: Կարծես առանձնապես քրիստոնյային հարիր չի հնչում՝ ապրել ինչ-որ մեկի տանը, ուտել նրա հացը եւ օգնության ձեռք չմեկնել՝ արդարանալով, որ ուշադրություն են ուզում գրավել: Հացադուլով պակա՞ս ուշադրություն կգրավեին:

Եհովայի վկաների առաջնորդին նման մեկնաբանությունը զայրացնում է. «Դա ի՞նչ ֆաշիստական մոտեցում է, պետությունը նրանց խաբել է՝ քի՞չ է, ուզում եք, որ նաեւ սովի՞ մատնվեին»:

Ամենեւի՛ն: Ուզում ենք թացը չորից ջոկել: