«Ազգային դավաճանությունը»՝ որպես պրոգրես

02/04/2006 Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ, Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Եթե պետությունների զարգացման համար առաջին կարեւոր շրջադարձը պետության եւ կրոնի, եկեղեցու տարանջատումն էր, ինչի հետեւանքով դադարեցին պետությունների միջեւ կրոնական պատերազմները, ապա երկրորդ շրջադարձը, որը կբերի էթնիկ կոնֆլիկտների դադարեցմանը, ըստ Բեկի, պետք է լինի պետության եւ ազգի տարանջատումը: Ընդ որում՝ Բեկն ընդամենը ներկայացուցիչն է հասարակագետների մեծ խմբի, որոնք կարծում են, թե ժամանակակից աշխարհը պետք է շարժվի ազգային ինքնության առաջնայնությունը վերանայելու եւ այլ, օրինակ` ապրանքային ինքնությունը միջպետական հարաբերությունների հիմք դարձնելու ուղղությամբ: Ըստ էության, միջազգային կազմակերպությունների մեծ մասը հենց այս սկզբունքով է առաջնորդվում տարբեր լոկալ հակամարտությունների կարգավորման ընթացքում` շեշտադրելով հակամարտությունների տնտեսական գինը եւ հնարավոր շահումներն ու կորուստներն էլ դիտարկելով ապրանքային ինքնության շրջանակներում: Ժամանակակից Եվրոպայում ընթացող գործընթացներն էլ, որոնք, չնայած իրենց հակասականությանը, ուղղված են ինտեգրացիային, այս առումով ոչ այլ ինչ են, քան այսօրվա աշխարհում գլոբալ մարտահրավերներին պատասխանելու միջոց: Դեմոգրաֆիական խնդիրները, այլ գործոններ անհնար են դարձնում առանձին-առանձին եվրոպական երկրների կողմից մշակված արդյունավետ ռազմավարությունը` պետական անվտանգության ապահովման նկատառումով, հետեւաբար՝ ելքը եվրոպական միասնականության եւ եվրոպացու` որպես հատուկ տիպի, ի հայտ գալու մեջ է: Նման ինտեգրացիոն միտումներ կարելի է դիտարկել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ինչը թույլ է տալիս ժամանակակից հեղինակներին` գլոբալիզացիայի հետ զուգընթաց խոսել գլոկալիզացիայի մասին, այսինքն` տարածաշրջանային աճող ինտեգրացիա` գլոբալիզացիոն գործընթացներում հնարավորինս շահելու համար: Որպես ավելի հեռավոր ապագա` կանխատեսվում է պետությունների հնարավոր խոշորացում, որը հնարավոր է հենց ազգային ինքնության երկրորդման եւ ապրանքային ինքնության առաջնային դառնալու հետեւանքում: Այս առումով հետաքրքիր է տեսնել հայկական պետության հնարավոր ձեւափոխումները` վերոնշյալ միտումների համատեքստում:

Ա՞զգ, թե՞ պետություն

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր սկզբնապես զարգացնել տարածաշրջանային տնտեսական հարաբերությունները եւ նոր անցնել տարբեր չլուծված խնդիրների կարգավորմանը, մասնավորապես` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ընդ որում՝ ենթատեքստն այն էր, որ միասնական տնտեսական դաշտի կայունացումից հետո այդ խնդիրների կարգավորումը գրեթե ինքնըստինքյան կլինի: Ուստի կարելի է ասել, որ ՀՀՇ իշխանության տարիներին մենք ականատես էինք մի իրավիճակի, երբ սկզբում դե ֆակտո եւ հետո արդեն միայն դե յուրե պատերազմի մեջ գտնվող երկրի իշխանությունը ձգտում էր հաստատել ապրանքային ինքնության գերիշխանություն ազգայինի նկատմամբ` իբրեւ զարգացման նախապայման: Սա որակվեց ազգային եւ, որ որակողների համար նույնն էր թե` պետական դավաճանություն, եւ իրականություն դարձավ 1998-ի իշխանափոխությունը:

Ազգային պետություն

1998-ից հետո Հայաստանի Հանրապետությունը` որպես արտաքին աշխարհում կողմնորոշվելու ուղենիշ, վերցրեց պանթուրքիզմի հեռանկարները եւ Հայաստանը` իբրեւ ոսկոր` դեմ առած պանթուրքական նկրտումների կոկորդին: Մոտավորապես այս ոճի մեջ են բազմազան մտավորականների ելույթները, պետական նվաճումների նկարագրությունները, իրավիճակային վերլուծությունները: Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում, ոչ այլ ինչ է, քան ազգի առաջնահերթություն պետության նկատմամբ: Համահայկական միջոցառումները ավելի արժեւորված են, քան համապետականները: Եվ դա բնական է այն տրամաբանության մեջ, որ այսօրվա ՀՀ-ն դիտվում է իբրեւ մեր իրական հայրենիքի մի մասը, այն էլ, ինչպես համապատասխան դասագրքերում է նշվում, ընդամենը մեկ տասներորդ մասը: Իսկ այդ մեկ տասներորդ մասի բնակչությունն էլ ընդամենը համայն հայության մի մասն է: Ուստի մենք` որպես հասարակություն, մեզ չենք իմաստավորում այս պետության շրջանակներում: Սա ակնհայտ է դառնում նաեւ այս մի փաստից. 2006-ին` այս տարի, հայոց անկախ պետությունը նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը մարտի 23-ին հավանություն է տվել հիմնական միջոցառումների ծրագրին, որոնք ներառում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» 2-րդ փառատոնը, համահայկական երիտասարդական եւ կրթական համաժողովները, Հայաստան-Սփյուռք համաժողովը, համահայկական տնտեսական համաժողովը, եւ այլն: Նման միջոցառումների ցանկը կարող էր տեղին լինել որեւէ ազգային տոնակատարության ժամանակ: Մեր հիմնական նպատակադրումներն էլ` Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ԼՂ հակամարտության կարգավորումը, ազգային են: Գլոկալիզացիան, տարածաշրջանային ինտեգրացիան ենթադրում են նորմալ եւ զարգացող հարաբերություններ հարեւանների հետ, ինչը մեր դեպքում բացառվում է` ազգային ինքնության գերիշխանության պարագայում: Բնականաբար, նման պայմաններում հնարավոր չէ խոսել գլոկալիզացիայի մասին` ՀՀ մասնակցությամբ: Այս առումով ավելի բարձր է հնչում ՀՀ արտգործնախարար Օսկանյանի այն միտքը, թե ՀՀ-ն կարող է դեռ մի 100 տարի էլ զարգանալ` շրջափակման պայմաններում: ՀՀ քաղաքական դաշտում սկսում են լրջորեն խոսել Սեւրի, Կարսի, Մոսկվայի` նախորդ դարասկզբի պայմանագրերի մասին ու փորձում են քաղաքական ռազմավարություններ մշակել` ելնելով այս գործոններից: Ստացվում է մի իրավիճակ, երբ մենք մնացյալ աշխարհի հետ ապրում ենք մի տարածության մեջ, բայց տարբեր ժամանակային հարթություններում: Ուշագրավ է, որ ամենաարմատական համարվող ընդդիմության ներկայացուցիչներն էլ ասում են, որ Ղարաբաղյան հարցի շուրջ պատրաստ են բանակցել ներկայիս իշխանությունների հետ: Իրադրության կոմիզմը կայանում է նրանում, որ խնդիր դնելով ստեղծել Քաղաքացիական Հայաստան` իբրեւ չորրորդ հանրապետություն, այսինքն` դնելով նոր, ոչ թե ազգայնական, այլ քաղաքացիական պետականաշինության նպատակ, ի սկզբանե այն ստորադասվում է ազգային հիմնախնդրին: Հետեւաբար կարելի է ասել, որ թե՛ մեր իշխանությունները եւ թե՛ մեր ընդդիմությունը պետության առումով նույն արժեքների կրող են` ազգի առաջնահերթություն պետության նկատմամբ:

Քելե, լաո, քելե էրթանք մեր էրգիր

Տվյալ դեպքում խոսքը վիրտուալ հայրենիքի մասին է: Իսկ վիրտուալ հայրենիքի գոյությունը նյութականացված աշխարհում բոլորովին էլ չի պարտադրվում: Նման մոտեցումների պարագայում հայ հասարակությունն իր հիմնական նպատակ է համարում ոչ թե առկա պետության առավելագույն զարգացումը, այլ այդ վիրտուալ հայրենիք-պետության նյութականացումը: Այս վերջին նպատակադրումն արտաքին աշխարհի կողմից կարող է բնորոշվել միայն իբրեւ զավթողական: Իսկ մենք կարող ենք շարունակել պնդել, որ ազատագրում ենք հողերը, ոչ թե գրավում: Միայն թե խնդիրն այն է, որ ազատագրում ենք վիրտուալ հայրենիքը, իսկ գրավում ենք այլ, կոնկրետ, նյութականացված պետության տարածքները:

Հաշվի առնելով այս ամենը` կարելի է անել մի քանի ենթադրություն.

– Պետության ստորադասումն ազգին հնարավոր է դարձնում պետության չգոյությունը` հանուն ազգի գոյատեւման տրամաբանության։

– Անկախ պետականության չկայացած ավանդույթների պարագայում առօրեական հիմնախնդիրների պատճառը դիտվում է հենց անկախ պետականությունը, արժեզրկվում են կոնկրետ պետական ինստիտուտներ, ինչպես` նախագահի ինստիտուտը, խորհրդարանի: Պատմական պետական անցյալի բացակայությամբ բացասական են գնահատվում ոչ թե այդ ինստիտուտների գործող դրսեւորումները, այլ ինստիտուտներն ընդհանրապես:

– Ընդ որում, ինստիտուտների նման արժեզրկումը ձեռնտու կարելի է համարել թե իշխանության եւ թե ընդդիմության համար, որովհետեւ նվազեցված սպասելիքների դեպքում միշտ էլ թեկուզ չնչին քայլը դրական առումով մեծ գնահատական է ստանում. նշաձողը չափազանց ցածր է:

– Ուստի, որքան էլ տարօրինակ հնչի, ազգային պետության այսպիսի դրսեւորումները հնարավոր են դարձնում պետությունների հետագա խոշորացումներին հայերի մասնակցությունը, քանի որ պետությունը` իբրեւ առանձին արժեք, մեզանում գիտակցված չէ: Հետեւաբար` դրա հնարավոր կորուստն էլ իմաստավորված չէ իբրեւ մեծ գին ունեցող: Այլ խնդիր է, որ նման մասնակցությունը կրելու է միայն անհատական-փոքր խմբերի կողմից նախաձեռնողական բնույթ, այլ ոչ թե առանձին պետության գիտակցված քաղաքականություն:

Հետգրության փոխարեն

Ռուս ժամանակակից սոցիոլոգներից մեկը պատմում է, որ միջազգային համաժողովներից մեկի ընթացքում երրորդ աշխարհի երկրների ներկայացուցիչները հուզված քննարկում են սեփական երկրների ճակատագրերը, բռնած մոդեռնիզացիայի ուղիները, եւ միայն Զամբիայի ներկայացուցիչն է հանգիստ ժպտում: Երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է այդքան անվրդով, նա պատասխանում է. «Իսկ մենք որոշել ենք չզարգանալ»:

Ու չնայած զամբիացու պատասխանը սրամիտ է, բայց որեւէ այլ արժանիք այդ պատասխանի դեպքում դժվար է գտնել: