Գյուղեր կան, որ մարում են

02/04/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պատմական Գառնաքար գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում: Պատմաբանների կարծիքով, այդ անունով երկու գյուղ կա` Հին Գառնաքար եւ Նոր Գառնաքար: Հին Գառնաքարը գտնվում է Նոր Գառնաքարի վերին մասում: Այստեղ 4-րդ դարից պահպանվել են բազմաթիվ խաչքարեր: Այդ վայրն անվանում են իշխանանիստ: Հին Գառնաքարի եւ Գանձասարի միջեւ գտնվում է պատմական Հավապտուկը: Մարդիկ ասում են, որ հենց այստեղ է գտնվում Գանձասարի հիմնադիր Հասան Ջալալյանի աղջկա` Ռուզանի եկեղեցին, սակայն պատմաբաններն այն կարծիքին են, որ այստեղ ոչ թե եկեղեցին է, այլ Ռուզանի գերեզմանաքարը:

Նոր Գառնաքարն ունի 300 տարուց ավելի պատմություն: Ներկայումս այստեղ կա 59 տուն, որոնցից 29-ը, ցավոք, դատարկ են: Գյուղապետ Գագիկ Հարությունյանի խոսքերով, գյուղում բնակվում է 161 մարդ:

Գյուղում գործում է տարրական դպրոցը (3 դասարան), որտեղ սովորում է 8 երեխա, որոնցից 5-ը մեկ ընտանիքից են, որը 6 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել Գառնաքար: Հիմա ընտանիքում 9 երեխա կա: Պետության միջոցներով նրանց համար տուն են կառուցել, բազմազավակ ընտանիքին պարբերաբար օգնություն է տրամադրվում: Երրորդ դասարանից հետո գյուղի երեխաները սովորելու են գնում մոտակա Վանք գյուղ, որտեղ հասնելու համար ամեն օր ոտքով պետք է անցնեն 4 կմ-ից ավելի ճանապարհ: Ասում են, այդ գյուղում երբեք միջնակարգ դպրոց չի եղել, եւ լավագույն ժամանակներում գյուղի դպրոցն 8-ամյա էր: Չնայած դրան, գյուղացի երիտասարդների 80 տոկոսից ավելին շարունակել են ուսումը եւ ստացել բարձրագույն կրթություն:

Բնակիչներն այստեղ ապահովված են ջրով եւ հեռախոսակապով: Գյուղը ոչ մի ժամանակ էլ գազիֆիկացված չի եղել: Այստեղ տարբեր խնդիրների շարքում միշտ էլ առկա է եղել զբաղվածությունը. աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղաբնակները ստիպված են լինում աշխատել մոտակա գյուղերում: Գառնաքարցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Ասում են` 30 ընտանիքից 10-ը զբաղվում է մեղվաբուծությամբ: 85-ամյա Գուրգեն Մանգասարյանը պատմում է, որ ինքը շուրջ 60 տարի աշխատել է Վանք գյուղի կահույքի կոմբինատում: Լավ էր վաստակում, որը հնարավորություն էր տալիս հոգալ ընտանիքի կարիքները: «Քանի որ առանց աշխատանքի չեմ կարող մնալ, որոշեցի զբաղվել մեղվաբուծությամբ, որն անում եմ մեծ հաճույքով: Նախ` այն պատճառով, որ այն շահութաբեր է: Առաջվա պես ես պահում եմ ընտանիքս, օգնում բարեկամներիս, իսկ ապրանքի որոշ մասն էլ` վաճառում»,- ասում է նա:

Հիանալի բնությամբ շրջապատված եւ երբեմնի առավել զարգացած այս գյուղը դարեր ի վեր տուժում է ավտոճանապարհի պատճառով. տրանսպորտը գյուղ չի հասնում, եւ մարդիկ մայրուղի հասնելու համար ստիպված են լինում ոտքով անցնել 3 կմ ճանապարհ: Սա, թերեւս, այն հիմնական պատճառներից է, որի համար երիտասարդությունը հեռանում է գյուղից եւ տեղափոխվում քաղաք: Ինչպես պատմեց արմատներով գառնաքարցի մի երիտասարդ, ժամանակին նրա ծնողներն էլ գյուղից հեռացել են աշխատատեղերի բացակայության պատճառով: «Դպրոցն ավարտելուց հետո ծնողներս բարձրագույն կրթություն ստանալու նպատակով տեղափոխվեցին Ստեփանակերտ, եւ ամուսնանալուց հետո մշտապես հաստատվեցին այնտեղ, քանի որ գյուղում աշխատատեղ չկար, եւ ճանապարհի հարցը շատ լուրջ խոչընդոտ էր: Հենց այս երկու պատճառով էլ այսօր գյուղի որոշ տներ դատարկ են, իսկ բնակիչների հիմնական մասը տարեցներ են: Գուցե արժե՞ մտածել այս ուղղությամբ եւ ստեղծել ապրելու համար մինիմալ պայմաններ»,- մեր զրույցի ժամանակ նկատեց երիտասարդը:

Ցավալի է, բայց փաստ, որ Ղարաբաղում այս գյուղը միակը չէ, որ կամաց-կամաց «մարում է»: Ճանապարհների ու աշխատատեղերի պատճառով Մարտունու շրջանի երբեմնի հայտնի Մավաս եւ Սխտորաշեն գյուղերում այսօր բնակիչ չկա ու գյուղերն ավելի վաղ քանդվել են: Սխտորաշեն գյուղում այսօր ապրում է ընդամենը մեկ ընտանիք: