«Ադրբեջանական հեռուստաալիքներն արգելել են իմ ելույթները»,- ասում է Իրանի դեսպանը

02/04/2006

«Որոշ մարդկանց անպատասխանատու արտահայտությունները չեն կարող վնասել մեր հարաբերություններին: Մեր երկրների կապերը կխորանան եւ կամրապնդվեն, մենք կիրականացնենք մտադրված ծրագրերը»: Այս մասին ԱՊԱ-ի բացառիկ հարցազրույցում հայտարարեց Բաքվում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին:

Դեսպանը, նշելով երկու երկրների ժողովուրդներին ճշմարիտ տեղեկատվություն տալու կարեւորությունը, դժգոհություն հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ եթեր են հեռարձակում այդ հիմնախնդրին վերաբերող կանխամտածված, ավելորդ զգացմունքային հաղորդումներ:

Ա.Սուլեյմանին իր ելույթները զգացմունքային չի համարում. «Ադրբեջանական հեռուստաալիքներն արգելել են իմ ելույթները: Ես ընդամենն արտահայտել եմ Իրանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը: Եթե մենք ցանկանում ենք մեր երկրների միջեւ հարաբերությունների խորացում, ընդլայնում եւ ամրապնդում, ապա անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության սկզբունքները եւ պայմաններ ստեղծել մեր դիրքորոշումների արտահայտման համար»:

Ա.Սուլեյմանիի կարծիքով, աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարում մի քանի հայտնի քաղաքական գործիչներ միջամտել են Իրանի ներքին գործերին, ինչը հակասում է միջազգային իրավունքի չափանիշներին. «Մի քանի քաղաքական գործիչներ Իրանի ադրբեջանական բնակչության հարցը համարում են Ադրբեջանի ներքին գործը եւ հայտարարում են, որ ես միջամտում եմ ձեր երկրի ներքին գործերին: Իսկ որոշ երկրների դեսպաններ բացահայտորեն միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին, բայց ոչ ոք դրան չի արձագանքում: Ես պահանջեցի չմիջամտել Իրանի ներքին գործերին, սակայն իմ խոսքերը մեկնաբանվեցին այլ կերպ: Ընդհանուր առմամբ, սխալ արձագանքներ են հնչում այդ միջոցառմանն իմ մասնակցության վերաբերյալ: Ես մասնակցում եմ այն միջոցառումներին, ուր ինձ հրավիրում են, եւ երբեք չեմ լինում այնտեղ, ուր ինձ ոչ ոք չի հրավիրել: Քաղաքական գործիչները միշտ գնահատել են իմ մասնակցությունը միջոցառումներին: Ինձ համար թանկ են եւ Իրանը, եւ Ադրբեջանը: Այդ պատճառով ես միշտ մասնակցում եմ միջոցառմանը՝ անկախ նրա ծավալից: Ես եղել եմ Ադրբեջանի 3-4 քաղաքներում եւ հայտնել եմ այդ մասին Արտաքին գործերի նախարարությանը: Ես մեծ բավականությամբ եմ ներկայացնում Իրանի ժողովրդին, քանի որ իմ երկրի դեսպանն եմ, բայց, միեւնույն ժամանակ, ներկայացնում եմ նաեւ Իրանի ադրբեջանական բնակչությանը: Ես շատ բան եմ արել եւ անելու եմ ադրբեջանաիրանյան կապերի ընդլայնման համար: Ստահոդ վկայություններն օգուտ չեն բերի Ադրբեջանին եւ մեր երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Դա Ադրբեջանին օգուտ չի բերի: Ես կարծում եմ, որ հանդես եմ եկել ի պաշտպանություն Ադրբեջանի շահերի: Այո, ես Իրանի դեսպանն եմ, բայց համարում եմ, որ Ադրբեջանի շահերն ավելի շատ եմ պաշտպանում, քան մյուսները: Ադրբեջանի Հանրապետությունն անկախ երկիր է: Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի անկախության ապահովման եւ ամրապնդման օգտին, մեր ջանքերն ընթանում են հատկապես այդ հունով»:

Ա.Սուլեյմանին, նշելով, որ Ադրբեջանի դեմ ոչ մի գործողություն չի նախաձեռնում, ընդգծեց, որ չի պատրաստվում այդպիսի բան անել նաեւ հետագայում. «Սակայն անհրաժեշտ է, որպեսզի նաեւ Ադրբեջանում չտարվի հակաիրանյան քարոզչություն»: Նա նշեց, որ միայն Իրանն է ճանաչել 1918թ. ստեղծված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը:

Դեսպանն անդրադարձավ նաեւ Թուրքմենչայի պայմանագրին. «Մենք չենք ցանկանում խոսել Թուրքմենչայի պայմանագրի մասին, այն պատմության սեփականությունն է: Իսկ որոշ մարդիկ իրենց ելույթներում հղում են անում այդ փաստաթղթին, չնայած, որ նույնիսկ չեն էլ կարդացել: Թուրքմենչայի պայմանագրում ոչինչ ասված չէ Ադրբեջանի գոյության եւ նրա մասնատման մասին: Այդ պայմանագիրը կնքվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ պայմանագրի համաձայն, Իրանից վերցվել են որոշ տարածքներ եւ փոխանցվել Ռուսական Կայսրությանը: Բայց Իրանը երբեք այդ հարցը չի բարձրացրել: Մենք ընդունում ենք Ադրբեջանի անկախությունը եւ նրա հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցում: Մենք պետք է պահպանենք դրանք: Որոշ քաղաքական գործիչներ, հղում անելով պատմությանը, պնդում են, որ Իրանի շահերի մեծ մասը թուրքեր են եղել: Եթե մի մարդ տեղափոխվում է այլ երկիր եւ դառնում է դրա քաղաքացի, իսկ հետո ընտրվում է երկրի նախագահ, նշանակություն չունի, թե նա ինչ ազգության է պատկանում»:

Ա. Սուլեյմանին հստակություն մտցրեց նաեւ իր այն խոսքերում, որ Նիզամին եւ Շահրիարը պարսիկ պոետներ են. «Շահրիարն Իրանի քաղաքացի էր, նա բանաստեղծություններ էր գրում պարսկերենով եւ ադրբեջաներենով, նա իրանցի է։ Մեր երկրում մարդու մասին չեն ասում, թե նա պարսիկ է կամ այլ ազգության ներկայացուցիչ, մենք օգտագործում ենք «իրանցի» տերմինը: Իսկ Նիզամի Գյանջեւին ապրում էր Գյանջայում, այնտեղ է գտնվում նաեւ նրա շիրիմը, բայց «Համսեն» նա գրել է պարսկերենով: Իրանի նախկին նախագահ Մուհամեդ Խաթամին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Նիզամուն անվանեց պարսկերենով գրող պոետ»:

Day. az (Ադրբեջան)
Նյութերը՝ ըստ Մեդիադիալոգի