Կադրային փոփոխություն է տեղի ունեցել Լոռու մարզպետարանում: Տարածքային կառավարման վարչության պետը, պաշտոնից ազատվելով, նշանակվել է Լոռու մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մինչ այդ թափուր մնացած հաստիք, որի առկայությունը, կարծում ենք, միանգամայն ավելորդ բեռ է պետբյուջեի համար, եթե նկատի ունենանք, որ մի քանի տեղակալ-օգնական-խորհրդական էլ մարզպետն ունի): Ընդ որում, պաշտոնի այս իջեցումը տեղի է ունեցել ՀՀ Քաղծառայության խորհրդի մրցույթով, եւ զարմանք է հարուցում այն, որ Տարածքային վարչության պետը, իր «աղա գործը» թողած՝ ղեկավարի տեղակալի մրցույթի է մասնակցել: Կան ստույգ տեղեկություններ, որ մարզպետարանի Տարածքային կառավարման վարչության այժմ արդեն նախկին պետի աշխատանքից մարզպետը դժգոհելու առիթներ ուներ, քանի որ վերջինս մարզի համայնքների իրական վիճակը թաքցնում էր, իսկ համայնքների ղեկավարներից դժգոհող բնակիչների նամակները կամ մարզպետին չէին հասնում, կամ՝ նրա համապատասխան հանձնարարականից հետո անգամ ընթացք չէին տրվում դրանց: Այլ խոսքով՝ Տարածքային կառավարման վարչության պետը հովանավորում էր որոշ համայնքների ղեկավարների կամայականությունները, ինչն էլ, թերեւս, առիթ հանդիսացավ նրա պաշտոնափոխության համար: Փաստորեն, վերջինիս այդ հարցում չօգնեց անգամ տարածքային նախարարի կողմից ստացած շնորհակալագիրը: Այժմ Տարածքային կառավարման վարչության նոր պետ է նշանակվել նույն վարչության պաշտոնյաներից մեկը:
Գ. Հ.