Երեւանում են գտնվում ապագայի զինվորները, ովքեր պետք է մեր երիտասարդներին սովորեցնեն եւ ներկայացնեն երաժշտական պայքարի նոր եղանակներն ու ձեւերը: Նրանք պայքարում են հանուն ջազի, որը վաղուց արդեն դադարել է միայն աֆրո-ամերիկյան լինել եւ յուրաքանչյուր երկրում իր ավանդույթներն է ձեւավորում:
«Ապագայի զինվորները» ջազ-նախագիծ է, որն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ: Երկու ջազ երաժիշտներ` Աբրահամ Ուիլսոնը եւ Գարի Քրոսբին 7 հայ երիտասարդ երաժիշտների հետ դասընթացներ են անցկացնում, որոնք կավարտվեն մարտի 30-ին եւ 31-ին համատեղ երկու համերգներով: Հրավիրված երկու երաժիշտները «Ջազի զինվորներ» ջազ-բենդի անդամներ են, որոնք լավ գիտեն` ո՞ւմ դեմ են պայքարում: «Մենք ուզում ենք պայքարել համատարած լսվող փոփ երաժշտության դեմ եւ բարձրացնել ջազի հեղինակությունը»,- ասաց անգլիացի Գարի Քրոսբին: Իսկ ամերիկացի Աբրահամ Ուիլսոնը շարունակեց. «Մենք երկնքից աստղեր չենք իջեցնում, պարզապես ուզում ենք պահպանել ջազի ավանդույթները եւ լայնացնել ջազի համայնքը»: Արդեն հինգ օր է, ինչ նրանք առավոտից մինչ ուշ գիշեր պարապում են հայ երիտասարդների հետ` նույնիսկ ժամանակ չունենալով հայ ջազի վարպետներին լսել: Մեր երիտասարդները շատ ուրախ են պրոֆեսիոնալ ուսուցիչներից սովորել, թե ինչպես է պետք բեմում ներկայանալ եւ ինչպես օգտագործել դերասանական տվյալները: «Մենք բավականին նեղ շրջանակներում ենք գտնվում, եւ մեզ կողքից հայացք է պետք: Մենք սովորում ենք բեմում գտնվելու, հանդիսատեսի հետ շփվելու կուլտուրան, որին մենք այնքան էլ լավ չենք տիրապետում»,- ասաց նրանցից մեկը: Հյուրերը հաճելիորեն զարմացած են երիտասարդների աշխատունակությունից եւ նրանց «խոստումնալից» են համարում, սակայն չեն կարող նրանց մակարդակը համեմատել բրիտանացի ջազմենների հետ, քանի որ Մեծ Բրիտանիայում հինգ համալսարան կա, որտեղ կարելի է ջազ ուսուցանել: «Երիտասարդները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ջազի դերասանական մատուցմանը, քանի որ ջազը միայն ունկնդրության համար նախատեսված համերգ չէ, այլ լիարժեք ներկայացում»,- ասաց Գարի Քրոսբին: Ջազի համայնքին ինտեգրվելու այս փորձը կարող է մեծ հեռանկարներ ունենալ, քանի որ նման նախագծեր կազմակերպվում են Եվրոպայի տարբեր երկրներում` մեծացնելով զինվորների բանակը: Ավանդական ջազին հուսալի ապագա է պետք: Մարտունակ ջազմենները հետագայում կարող են համատեղ ելույթներով հանդես գալ եւ կոտրել ջազի ստերեոտիպերը` նոր ջազ-բենդեր ստեղծելով: