Մարալ Պետյանն ու Արթուր Փափազյանը շատ գեղեցիկ ու ներդաշնակ զույգ են։ Երկուսն էլ արվեստի համար եւ արվեստով են ապրում։ Դաշնակահար Արթուր Փափազյանը լավ ծանոթ է հայ ունկնդրին. նա ծնվել է Երեւանում, սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հանդես եկել համերգներով։ Հետո մեկնել է Ամերիկա։ Երկու հայերի հանդիպումը բախտորոշ նշանակություն ունեցավ մեր մշակույթի համար, քանի որ Նյու Յորքում ապրող Մարալն ու Արթուրը` որոշ ժամանակ Ամերիկայում ապրելով, որոշեցին Հայաստան տեղափոխվել եւ մշտապես բնակվել Երեւանում։ Այժմ նրանք ընդարձակ, լուսավոր բնակարան ունեն, որը միաժամանակ համերգային դահլիճի ու ցուցասրահի է նման։ «Մենք ուզում էինք սրահի պես տեղ ունենայինք, որտեղ Արթուրը կնվագեր եւ կցուցադրվեին իմ նկարները։ Մեր տան բացումն արդեն արել ենք, մարտի սկզբին Արթուրը տանը համերգ նվագեց»,- ասում է Մարալ Պետյանը, ով իր ամուսնու ամենալավ ընկերն ու խորհրդատուն է։ Իսկ Արթուրը Մարալի ներշնչանքի աղբյուրն է:
Մարալը պատահական է սկսել նկարել։ Մի օր նա արթնացավ ու հասկացավ՝ ուզում է նկարել, թեեւ մինչ այդ երբեք ձեռքը վրձին չէր վերցրել։ Իսկ այժմ նա նկարների մեծ հավաքածու ունի։ Նրա նկարները շատ անձնական ու զգացմունքային են։ Եվ գրեթե բոլորի մեջ Արթուրն է պատկերված կամ էլ Արթուրի կատարումներից ծնված տպավորությունները։ Մարալ Պետյանը նրբաճաշակ կին է ու ծայրահեղ հայրենասեր։ Հայերի մասին խոսելով, նա միշտ «մենք» է ասում, քանի որ իրեն Հայաստանի մի մասնիկն է համարում: Նա հազվագյուտ ու դժվար մասնագիտություն ունի, Ամերիկայում աշխատել է խոր հիմքերի շինարարության ոլորտում. թունելների, կամուրջների, ամբարտակների նախագծեր է արել։ Հայաստան տեղափոխվելով՝ Արթուրն ու Մարալը կյանքի նոր էջ են սկսել: «Մենք, ութ ամիս է, ինչ Հայաստան ենք տեղափոխվել, եւ կարծես ուրիշ տեղ չէինք էլ պատկերացնում մեր կյանքը։ Մանավանդ ինձ համար էր դա կարեւոր։ Ես Հալեպում եմ ծնվել, մեծացել, քառորդ դար էլ Ամերիկայում եմ ապրել»,- ասում է Մարալ Պետյանը, ում ստեղծած կտավները շատ մեղմ ու միաժամանակ` վստահ մարդու ապրումներ են, հարուստ ոգու տեր կնոջ դիտարկումներ: Երբ Մարալի լավ ընկեր, հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանն առաջին անգամ տեսավ նրա նկարները, ասաց. «Շատ լավն են, բայց չեմ հասկանում, թե հեղինակը ո՞ր նկարչական դպրոցին է պատկանում»։
Մարալի պատկերներում մանրակրկիտ տարրեր չկան, նրանք շատ պարզ, գունեղ ու մաքուր են: Նրա պատկերած Մասիսն ու խաչքարերն աչքեր ունեն, որոնք, ըստ հեղինակի` նայել են իրեն ու ասել` ինչո՞ւ են մեզ թողնում: Մարալը համոզված է, որ լքված տունը կամ երկիրը կարող են վիրավորվել, նույնիսկ խռովել, եւ պետք է արժանի լինել սեփական հողում ապրելու պարգեւին:
– Դուք Հայաստան եկաք` տոգորված իդեալիստական գաղափարներով։ Չե՞ք հիասթափվել։
– Իդեալիզմը շատ անհատական բան է։ Մեզ համար առաջնակարգը միշտ Հայրենիքն էր։ Լավ գիտակցելով մեր պատմությունը եւ մեր ակունքները, հասկանում էինք, որ մի օր անպայման պիտի վերադառնանք։ Դա պարզապես ժամանակի հարց էր։ Եվ հոգեպես, եւ ֆիզիկապես պետք է Հայաստանում լինեինք։ Մենք շատ լավ գիտեինք՝ ո՞ւր ենք գալիս։ Եվ ինձ Երեւանում շատ լավ եմ զգում։
– Քաղաքային տրանսպորտից հասցրե՞լ եք օգտվել։ Այդ փաստը քաղաքը հասկանալու ամենաազդեցիկ չափանիշներից մեկն է։
– Դեռ չեմ օգտվել, քանի որ քաղաքի կենտրոնում եմ ապրում, բայց շատ եմ սիրում շուկա գնալ։ Երեւանում ես փողոցով քայլող գեղեցիկ ու լավ հագնված աղջիկներ եմ տեսնում ու հիանում եմ նրանց վերաբերմունքով, նրանք կարծես ասում են՝ այս քաղաքը մերն է։ Նման վերաբերմունքից մեծ հաճույք եմ ստանում, ուղղակի քեֆս բերում է։ Բայց Երեւանում շատ տհաճ մի երեւույթ կա ինձ համար՝ դա փողոցում ծխող մարդիկ են։ Ծխախոտը բերաններից կախված քայլող մարդ տեսնելով, միշտ հարցնում եմ՝ ինչո՞ւ ես ծխում։ Զարմացած ինձ են նայում, մտածում են՝ ո՞վ եմ ես, որ իրենց նկատողություն եմ անում, բայց շատերը մարում են սիգարետը։ Կարծում եմ, Ամերիկայից միայն մեկ բան պետք է բերել՝ չծխելը։ Ասեմ, որ ուրիշ լավ բան Ամերիկայում չկա։
– Չե՞ք փորձել ձեր մասնագիտությամբ աշխատել Հայաստանում։
– Ոչ տակավին։ Ճիշտ է, Հայաստանում շատ շինարարություն է արվում, բայց, դժբախտաբար, բոլոր շինությունները դեպի վեր կերթան, իսկ ես այլ մասնագիտություն ունեմ։ Սակայն այն գործը, որով զբաղվում եմ՝ գեոտեխնիկական ինժեներիան, նաեւ երկրաշարժական հաշվարկներ է անում։ Ես զբաղվում եմ ամեն տեսակի ստորգետնյա կառույցներով՝ ջրի, հողի, ժայռերը ամրացնելու կամ պայթեցնելու հաշվումներ եմ անում։ Հույս ունեմ, որ կաշխատեմ, լսել եմ, որ Մարմարիկ գետի վրա ամբարտակ կա, որը մասամբ փլվում է։ Ինձ հարցրին՝ կաշխատե՞մ այդ ամբարտակը վերականգնող կազմակերպության հետ, ասացի՝ սիրով։ Յուրաքանչյուր շինության հիմքը ամուր պիտի լինի։ Օրինակ, Պիզայի աշտարակի թեքումը հենց հողի չոքելու պատճառով է լինում։ Նման թեքումների լուծումն ու շտկումն է իմ մասնագիտությունը։ Պետք է այնպես անել, որ շտկման հետեւանքով այլ խախտումներ ի հայտ չգան։
– Գիտե՞ք, մեր քաղաքի հսկա շինարարությունը շատ երեւանցիների մոտ հենց շենքերի ապահովության խնդիր առաջ բերեց։
– Երեւանի մասին փաստերով խոսել չեմ կարող։ Երեւի նման իրավունք էլ չունեմ։ Բայց գիտեմ, որ մենք որքան հայրենասեր ենք, այնքան էլ անփույթ ենք։ Տեղը եկած պահին ամեն ինչ կանենք մեր տան համար, մտածում ենք՝ այս իմն է, պիտի լավը լինի, իսկ սա ուրիշինն է՝ ինչ էլ լինի, ոչինչ։ Լավ չեմ կարող բացատրել, բայց կարծում եմ, որ ամեն տեղ ապրող հայերի համար է այդպես։ Իտալիայում կամ Ֆրանսիայում եթե սիստեմատիկ շինարարություն է սկսվում, ամեն ինչը շատ լավ ուսումնասիրվում է։ Դա գալիս է երկրի կայունությունից, հարստությունից։ Շինարարությունը չպիտի լինի կործանումների հաշվին։ Քաղաքի պատկերը փոխվելու է, եւ պետք է իմանալ՝ արդյունքում ո՞վ է շահելու։
– Գուցե հաճախ մտածո՞ւմ ենք՝ այսօր թող լավ լինի, իսկ վաղվա օրը կարեւոր չէ։
– Դա շատ հայկական գիծ է, մենք մեր քթի ծայրից հեռու չենք տեսնում։ Երեւի այդ պատճարով էլ այսքան փոքրացել ենք։ Մենք պիտի ամեն բան անենք, որպեսզի պահպանենք մեր Հայրենիքը։ Եվ դա առավել Հայաստանի հայերի գործը պիտի լինի, որովհետեւ Սփյուռքը վերջացած հարց է։ Դա այնպիսի խառնարան է, որը ոչ նկարագիր, ոչ մշակույթ ունի։ Սփյուռքահայերն արդեն հայեր չեն, մանավանդ՝ հիմա։
– Սակայն սփյուռքահայերը միշտ ավելի մեծ քնքշանքով են մոտեցել հայերեն լեզվին եւ փորձել են պահպանել այն։
– Ջարդերից անմիջապես հետո մենք շատ լավ Սփյուռք ունեցանք, աշխարհին Շահնուր, Անդրանիկ Ծառուկյան տվեցինք։ Իսկ հիմա կարո՞ղ եք մի գրողի անուն տալ։ Սփյուռքահայերը եթե նույնիսկ հայերեն են գրում, կարդացող չեն ունենում։ Եթե նկատի ունեք այստեղից հիմնականում Լոս Անջելես հեռացած հայերին, ապա նրանք բոլորովին խեղաթյուրված վիճակում են գտնվում։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հայը պիտի Ամերիկայում ապրի։ Այնտեղ հայը որպես հայ ապրելու իրավունք չունի։
– Գուցե խառնարանի նման Ամերիկայում ապրելն ավելի լավ եւ հեշտ է։
– Ոչ։ Եթե տեսնես, թե ինչպես են այնտեղ հայերն ապրում, միմիայն ամոթ կզգաս։ Եկեք ինքներս մեզ չխաբենք։ Հայերը հիմնականում ուրիշների ծառան են դառնում, իսկ եթե հաջողում են գիտության կամ բիզնեսի մեջ, ապա դա անում են ոչ իրենց ազգության շնորհիվ, այլ՝ որպես անհատ։ Ամերիկան ընդհանրապես զարգանում է իր էմիգրանտների շնորհիվ։ Բայց պետք է գիտակցել, որ եթե 10 տարի առաջ Ամերիկայի որեւէ ռեստորաններից մեկում աման լվացող մարդը կարող էր հետագայում իր սեփական ռեստորանն ունենալ, ապա հիմա դա անհնարին է: Իսկ եթե այստեղ սկսես սիստեմատիկ աշխատել, հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Մենք շատ անհամբեր ենք: Ես հաջողության եմ հասել իմ աշխատանքի շնորհիվ: Բայց գիտեմ, որտեղ էլ նման կերպ աշխատեի՝ հաջողակ կլինեի:
– Դուք շատ արտահայտիչ նկարչական ոճ ունեք։ Հետաքրքիր է, երբ սկսեցիք նկարել նո՞ւյն ոճով էիք նկարում, ինչ այժմ, թե՞ երկար որունումներ են եղել։
– Սկսեցի նկարել շատ պատահական։ Շատ լավ հիշում եմ այդ օրը. 1993 թվականն էր, ես կեսօրին շատ բարկացած աշխատասենյակից դուրս եկա ու տուն գնացի։ Արթուրին ասացի՝ ուզում եմ մի գործով զբաղվել, որը կապ չունենա ոչ քո, ոչ էլ իմ ասպարեզի հետ, որովհետեւ այդ երկուսն էլ շատ դաժան են։ Ներկերի խանութ գնացի ու աշակերտական կտավներ ու վրձիններ գնեցի։ Ու սկսեցի նկարել։ Տանը չորս ծաղիկ կար, նկարեցի ու զգացի, որ նախեւառաջ ես շատ հանգստացա։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում խոսել, քննադատել։ Եվ հանկարծ հասկացա, որ կարող եմ առանց բառերի, առանց խոսքերի իմ ասելիքն ասել։ Յուրաքանչյուր իմ նկարն իրականում վերապրած վիճակ է: Զգացմունքները նկարներ են դառնում: Օրինակ, ես նկարեցի «Թակարդը» այն ժամանակ, երբ զգացի, որ կարծես թակարդում եմ, իսկ 1998թ. նկարեցի «Ալիքը»` զգալով օվկիանոսի ալիքի հզորությունը: Եվ հայտնի չէ, այդ ալիքը պետք է արհամարհե՞լ, թե՞ թողնել, որ նա քեզ կլանի: Ես այդպիսի ապրումներ եմ ունեցել: Ինձ շատ էր տառապեցնում այսօրվա արտագաղթը, եւ նկարեցի Չարենցին, ում «Արեւից են հեռանում ամբոխները խելագարված» ֆրազը, կարծես, հենց արտագաղթի մասին է: Իհարկե, ես շատ եմ նկարում Արթուրին: Նրա երաժշտությունը կարծես ամբողջովին բջիջներիս մեջ է։ Զգացի, որ կարող եմ նրա ամեն մի արտահայտությունը որսալ։ Առաջինն Արթուրի Շոպենն էր, հետո` Կոմիտասի «Մարալը», Դեբյուսիի «Վուշե մազերով աղջիկը»։
– Արթուրի դիմանկարները շատ արտահայտիչ են, Բեթհովեն նվագելիս նա խիստ ու կենտրոնացած է, իսկ Շոպեն կատարելիս՝ ավելի երազկոտ։
– Այո, երաժշտության ազդեցության տակ մարդու դեմքի արտահայտությունը փոխվում է։
– Արվեստի մարդու համար Ամերիկան մեծ հեռանկարներ բացո՞ւմ է:
– Ամերիկայում արվեստ չկա, միայն արվեստի բիզնես կա։ Եթե մեկն արվեստում նորարար է, ապա անպայման շատ կրկնօրինակողներ է ունենում։ Քոփի անողները սկսում են լավ վաճառվել, իսկ օրիգինալ գաղափար ծնած մարդը խեղաթյուրվում, կործանվում եւ աղբ է դառնում։ Հայաստանում հարուստ ոգի ունեցող շատ արվեստի մարդիկ կան։ Ընդհանրապես, մի քիչ էլ մեծամիտ ենք եւ սովոր չենք կարգապահությանը։ Այ, ուրիշների ոչ կարգապահությանը վզներս ծռած հետեւում ենք, բայց ինքներս մեզ կարգապահությանը չենք սովորեցնում։ Ութ հարյուր տարի ճորտի պես ենք ապրել, իսկ ճորտի հոգեբանությունը շատ դժվար է փոխել։ Մենք վախենում ենք անապահովությունից, այդ պատճառով էլ ուրիշների լավ արածը չենք հանդուրժում։ Այդ հոգեբանությամբ ու բնության կողմից շնորհված տաղանդով ապրելը բարդ է։ Տաղանդին կարգապահություն է պետք, որպեսզի արդյունք լինի։ Երբ, օրինակ, Արթուրն է փորձեր անում, ես տեսնում եմ՝ ինչպիսի մանրակրկիտությամբ է նա իր աշխատանքին մոտենում: Պատասխանատվության զգացումը միշտ պետք է լինի: Ամերիկայում ես, օրինակ, գիտեի, որ պարտավոր եմ աշխատանքի գնալ եւ նկարելու համար միայն շաբաթ եւ կիրակի օրերն ունեմ: Երբեք հատուկ նկարելու համար ստուդիա չեմ ունեցել: Երբ նկարում էի, բացում էի ներկերի տուփերը, փակցնում էի պաստառը եւ նկարում էի: Եվ անպայման կիրակի գիշերը նկարելու պարագաները փակում ու պահարանի մեջ էի դնում, քանի որ երկուշաբթի պետք է մեկուկես ժամ մեքենա վարեի` աշխատավայր հասնելու համար: Իսկ թափթփված ստուդիա ունենալը դեռ չի նշանակում, որ այդտեղ աշխատող նկարիչը կոկիկ աշխատող նկարչից ավելի խելացի է: Ես ոչ մի տեսակի թափթփվածություն չեմ ընդունում:
– Երբեւիցե չե՞ք փորձել նկարները վաճառել կամ թանգարաններում ցուցադրել:
– Ոչ, նույնիսկ մտքովս էլ չի անցել, դրանք շատ անձնական են, եւ չեմ կարծում, որ հետաքրքիր կլինեն ուրիշների համար: Բայց մեր տան դռները բաց են, ով ցանկություն ունի, կարող է գալ եւ նայել: Միայն մեկ անգամ յոթ երաժշտական նկար ցուցադրեցի Lincoln Centre-ում` Արթուրի համերգի ժամանակ: Նկարները հենց բեմի վրա էին կախված, դա արտասովոր բան էր, բայց, կարծում եմ, շատ գեղեցիկ:
– Վերջերս շատ են խոսում այն մասին, որ Հայաստանում կին քաղաքական գործիչները քիչ են, եւ պետք է պայքարել կանանց իրավունքների համար։
– Ես վստահ եմ, որ եթե հայ կանայք չլինեին, Հայաստանը դժվար թե կարողանար գոյատեւել։ Ով ինչ ուզում է թող ասի, ես դրանում համոզված եմ։ Թեեւ մեր կանայք մեծ ճանաչում ստանալու հնարավորությունից զրկված են, նրանք շատ ամուր են եւ ուժեղ կամք ունեն։ Իսկ առաջնորդ լինելու համար հատուկ վիճակ է պետք։ Եթե դուք տեսնեք՝ ի՞նչ կանայք են մտնում քաղաքականության մեջ, կհամոզվեք, որ նրանցից շատերը բացարձակ անարժան են։ Նայեք, Ամերիկայի Կոնդոլիզա Ռայսին։ Դժբախտաբար, լավագույններն ու արժանիները չեն, որ բարձր դիրքեր են զբաղեցնում։ Կամ պիտի լավ նմանակող ու կապկող լինես, կամ էլ՝ աննկարագիր ու խաբեբա։ Երբ Ամերիկայում ասում էի, որ մարդը սուտ է խոսում, ինձ պատասխանում էին՝ դա քաղաքականություն է։ Ստացվում է, որ քաղաքականությունը սուտ խոսելո՞ւն է հավասար։ Այդ դեպքում կապ չունի` կի՞ն ես, թե՞ տղամարդ։ Կարելի է նմուշի համար կին պատգամավոր ունենալ, բայց, վստահ եմ, որ մտավորական կինը չի մտնի քաղաքականության մեջ, չի գնա տիտղոսների ետեւից ու ալիքի հետ լողալ չի ցանկանա։ Բոլոր երկրների համար է դա ճիշտ։ Ուզես թե չուզես` մեր մոլորակի բնակչության 51 տոկոսը կին է, եւ եթե ուզում ենք այս մոլորակը փրկել, պետք է իրավունքները հավասար բաժանվեն։ Հուսով եմ, որ շուտով լավ մարդիկ կզբաղեցնեն դժվար պաշտոնները։ Երբ ծանր շինարարության ոլորտում էի աշխատում, այնտեղ ոչ մի կին շինարար չկար։ Եվ ընդհանրապես կին լինելը ծանր անեծքի պես բան էր համարվում։ Երբ որեւէ խնդրի լուծում էի գտնում, այր մարդիկ իմ լուծմանը կարեւորություն չէին տալիս մինչ այն պահը, երբ իրողության առաջ էին կանգնում։ Որպես կին միշտ խտրություն եմ զգացել, բայց կարեւորություն չեմ տվել, ուղղակի բարկանում էի, որովհետեւ տուժողը ես չէի, այլ գիտությունն ու բնությունը։ Ես միշտ աշխատել եմ ավելի մեծ գուրգուրանքով մոտենալ բնությանը, օրինակ, երբ թունելի շինարարության հաշվումներ էի անում, փորձում էի ժայռը պայթեցնելու փոխարեն ավելի մեղմ լուծում գտնել։ Նման գուրգուրանքը բոլոր կանանց է հատուկ։