Տարածաշրջանի ամենալավ ձիասպորտարանն ունենք

02/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Աշխարհում ձիասպորտը համարվում է ազնվական սպորտաձեւ: Եվրոպական երկրներում պետությունը եւ մասնավոր ընկերությունները հսկայական գումարներ են ներդնում ձիասպորտի զարգացման համար: Ձիաբուծարանի շնորհիվ շուկա է ստեղծվում, որի արդյունքում ձիասպորտին պատշաճ վերաբերմունք դրսեւորող տվյալ երկիրն ունենում է մեծ եկամուտներ:

Եվրոպական երկրներում պարբերաբար կազմակերպվում են ձիերի ցուցահանդես-վաճառքներ, որին մասնակցելու են գալիս զբոսաշրջիկները: Աշխարհում ձիերի վաճառքը համարվում է էլիտար եւ խոշոր բիզնես: Հայաստանն այսօր այդ շուկան ստեղծելու եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ մայր ձիարշավարանը կառուցվել եւ դարձել է հսկայական համալիր: Այն 2002թ. տրվել է «Վերածնունդ Հայրապետյան» ընկերությանը: Չարբախի Ձիասպորտի կենտրոնը ներկայումս կրում է Հովիկ Հայրապետյանի անունը: Այն այսօր ունի նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխան 64 կացարանով ձմեռային փակ դաշտ, կանաչ մրցասպարեզ, կառուցապատվում է արագավազության շրջանը, որի երկարությունը 1800 մետր է, ռեստորանային եւ հյուրանոցային համալիրներ, սրճարաններ, իսկ առաջիկայում նաեւ կկառուցվի լողավազան եւ թենիսի խաղադաշտ: Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստանի Ձիասպորտի կենտրոնը գնահատել են` տարածաշրջանի թիվ 1 կենտրոն: Կենտրոնի տնօրեն Նորայր Ստեփանյանի հավաստմամբ՝ ստեղծվում է տուրիզմի ծրագիր, ըստ որի՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարները կհանգրվանեն կենտրոնի հյուրանոցային համալիրում, կզբաղվեն ձիավարությամբ եւ կօգտվեն առաջարկվող մարշերից: «Շուկան արդեն ձեւավորվում է: Եթե չլինի բիզնես՝ չի լինի նաեւ սպորտաձեւ, իսկ այն համարվում է թանկ սպորտաձեւ»,- ասում է նա: Ի դեպ, Հայաստանում ձիու արժեքը սկսում է 2500-3000 դոլարից եւ հասնում մինչեւ տասնյակ հազարների, ինչը, ըստ մասնագետների, ցածր գին է: Ըստ Ն. Ստեփանյանի, կենտրոնն արդեն պատրաստ է կազմակերպել միջազգային մրցույթներ, եւ Միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր ամսին կկայանա միջազգային ռեյտինգային մրցույթ, որին կմասնակցեն 4 միջազգային պետություններ:

Թագավորական սպորտաձեւ

Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահներ ընտրվում են միայն թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, իսկ ներկայումս ֆեդերացիան նախագահում է իսպանացի թագուհի Բուրբան: Ապրիլ ամսին վերընտրություն կլինի, առաջադրված 3 թեկնածուները թագավորական ընտանիքներից են: Ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի ղեկավար կազմը: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիան ընդգրկված էր միութենական ֆեդերացիայի կազմի մեջ եւ միավորում էր բոլոր սիրողական մարզիկներին: Անցումային շրջանում ստեղծվեց Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիան (ՀՁՖ), որը Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի անդամ է: Այսօր ֆեդերացիան իր մեջ ընդգրկում է մայր ձիարշավարանի բազայի վրա հիմնված Ձիասպորտի կենտրոնը, որն ունի 750-ից ավելի անդամներ, 16 ակումբներ, որոնց միջեւ անցկացվում են առաջնություններ եւ մրցույթներ: Ֆեդերացիան գլխավորում է Հայրապետ Հայրապետյանը, ով նպաստում է նոր ակումբների եւ մարզադպրոցների ստեղծմանը եւ ձգտում է սպորտաձեւը մասսայականացնել: Ֆեդերացիան յուրաքանչյուր շաբաթ սպորտային, ժամանցային եւ մշակութային միջոցառումներ է կազմակերպում: Գլխավոր կազմակերպիչ Լիլիթ Աբրահամյանի խոսքերով՝ ստեղծվել է «Ազնվականների ակումբ», որտեղ կընդգրկվեն 100 հոգի:

Իշխանավորների ձիերը նույնպես այստեղ են

Կենտրոնի 60 ձիերից 4-ը ՀՀ նախագահ, Ձիասպորտի ֆեդերացիայի անդամ Ռոբերտ Քոչարյանինն էին: Ռ. Քոչարյանն այդ ձիերը նվեր էր ստացել Դուբայի շեյխ Բեն Մուհամմեդ ալ Կասիմից, եւ նվիրել «Վերածնունդ Հայրապետյան» ՓԲԸ-ի նախագահ Հայրապետ Հայրապետյանին: 4 արաբական ցեղախմբի ձիերից մեկը շուտով մտրուկ կունենա, որին, ի դեպ` մեծ խնամքով են վերաբերվում նախագահի ներկայացուցիչները: Խնամող ձիապանի հավաստմամբ՝ հղի ձիուն ամեն օր այցելում են նախագահի թիկնազորի ներկայացուցիչները: Կենտրոնի համար այս 4 ձիերի խնամքը շատ կարեւոր է, քանի որ այսուհետ կենտրոնն արաբական ցեղախմբի ձիերի բուծմամբ է զբաղվելու: Շարժայից ժամանած մասնագետն այդ 4 ձիերի տոհմածառի մասին մանրամասն տվյալներ է տրամադրել եւ մասնավորապես տեղեկացրել է արաբական ձիերի պատմությունից ուշագրավ փաստեր: Պրն Ստեփանյանն ասում է, որ ՀՀ նախագահը բավականին արհեստավարժ տիրապետում է ձիավարությանը, 1 տարուց ավելի սիստեմատիկորեն պարապել է ձիասպորտով եւ նույնիսկ տիրապետում է արգելքների հաղթահարմանը. «Չեմ կարծում, թե որեւէ երկրի նախագահ այդքան լավ տիրապետում է ձիասպորտին, որովհետեւ բավականին լուրջ ռեժիմով է պարապել եւ բարձր սպորտային որակ ունի»,- գնահատեց նա: Բացի Ռ. Քոչարյանից, լավ ձիավարում է նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որոնց Ձիասպորտի կենտրոնում են ուսուցանել ձիավարությունը: Ընդդիմությունից ընդամենը մի քանի դասերի է մասնակցել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ձիասպորտի կենտրոնում են խնամվում նաեւ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, «Միջազգային ավիաուղիներ» ընկերության տնօրեն Վերսանդ Հակոբյանի անձնական ձիերը:

Ձի խնամելիս խաղաղվում են

Հայաստանի 1-ին ձիաբուծարանը Բալահովիտում էր, որն ուներ 4 ախոռ մատրակների եւ մտրուկների համար եւ խաչասերման ասպարեզ: Այնտեղ նախկինում բուծվում էին անգլիական զտարյուն ձիերի ցեղեր, սակայն հետագայում ձիաբուծարանը վերածվեց Անասնաբուժական ինստիտուտի ուսումնական տնտեսության: Այնուհետեւ Դդմաշեն գյուղում կառուցվեց նոր ձիաբուծարան, որը սակայն նույնպես ոչնչացավ:

Ներկայումս Ձիասպորտի կենտրոնում գործում է Գյուղնախարարության կողմից լիցենզավորված ձիաբուծարան, բացի դա, ձիեր ներմուծվում են տարբեր երկրներից: Կենտրոնում խորհրդային տարիներից մնացած ձիեր էլ կան, որոնք խաչասերվում, բազմանում են: Ն. Ստեփանյանի հավաստմամբ, ձիաբուծարանն ունի տոհմային բուծարանի կարգավիճակ եւ արտոնագիր, որը պատրաստվում է բուծել ոչ միայն ցեղախումբ, այլ նաեւ վերականգնելու է ղարաբաղյան ցեղախումբը: Ձիերից շատերն ունեն անուններ՝ Սարինգյուլ, Բալիտոն, Կլեոպատրա, Բարոն, Կովբոյ եւ այլն: Ծեր ձիերը սովորաբար տրվում են սկսնակ ձիավարներին, քանի որ նրանք անհամեմատ հանգիստ են, իսկ երիտասարդ ձիերը վարում են ձիավարության արվեստը տիրապետող ձիավարները: Գոյություն ունի ձիերի ցեղախումբ, որով որոշվում են տվյալ ձիու առանձնահատկություններն ու սպորտային տվյալները: Ճանաչված ծնողների սերունդը` որպես կանոն, ժառանգում է հոր կամ մոր ընդունակությունները: Ձի գնելիս մասնագետներն առաջնորդվում են ձիու անձը հաստատող եւ նրա նախնիների փաստաթղթերով: Նժույգների փաստաթղթերը 4 տարին մեկ անգամ պետք է թարմացվեն, որպեսզի նրանց մասին ինֆորմացիան հստակ լինի եւ Միջազգային ֆեդերացիայում նրանց ճանաչեն: Ձիերի խնամքով զբաղվում են հատուկ մասնագետները: Խնամքը կատարվում է օրացուցային օրական պլանով, եւ յուրաքանչյուր ձի անհատական մոտեցում է պահանջում: Ավելին, սպորտային եւ սիրողական ձիերի թամբերն ու սանձերը տարբերվում են, իսկ բարձր, միջին կամ ցածր որակի ձիերին պետք է վարեն նույն որակի ձիավարները: Ն. Ստեփանյանն ասում է, որ ձիերը հիմնականում ժառանգում են ծնողների բնավորությունն ու նրանց խառնվածքին նույնիսկ կարելի է ծանոթանալ ծնողների փաստաթղթերով: Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է խաղաղ հոգեվիճակով շփումը ձիու հետ, այլապես ձին չի հանդուրժում մարդու զայրույթը. մարդու էմոցիոնալ դաշտն արագ փոխանցվում է կենդանուն: «Մարդ կա` լարված կյանքով է ապրում, բայց ձիուն խնամելիս խաղաղվում է, բայց մարդ էլ կա` թագավորում է աշխարհը ու ուզում է` ձին մաքրեն, տան, ինքը քշի, դրանով չի խաղաղվի: Կախված է մարդու մեծամտությունից: Կան մարդիկ, ովքեր ձիուն առարկայի պես են վերաբերվում»,- նշում է կենտրոնի տնօրենը:

Վրաստանի ձիերը կտեղափոխվեն Հայաստան

Ն. Ստեփանյանի համոզմամբ՝ Հայաստանն այսօր պոտենցիալ ձիավար-մարզիկներ ունի եւ կարող է դուրս գալ միջազգային մրցաշարերի: «Ունենք լավ երեխաներ, որոնք ուսանում են ոչ միայն ձիասպորտ, ձիու անատոմիա, այլ նաեւ համակարգիչ, տարբեր առարկաներ, այսինքն՝ մարզիկը պետք է նաեւ կիրթ լինի: Ձիասպորտն արդեն Հայաստանում դառնում է պոպուլյար մարզաձեւ եւ վարկանիշը բավականին բարձր է: Մեր ռազմավարությունը մյուս պետություններին Հայաստանում ներգրավելն է, որպեսզի մեզ մոտ զարգանա այս սպորտաձեւը: Պետք է տարածաշրջանում առաջինը լինենք, ինչն արդեն ստացվում է, որովհետեւ Միջազգային ֆեդերացիայի 3-րդ ենթախմբի 10 պետություններից առաջինը Հայաստանն է»,- ասում է Ն. Ստեփանյանը: Շուտով միջազգային ֆեդերացիայից մարզիչներ կժամանեն, որպեսզի միջազգային փորձը փոխանցեն մեր կադրերին, որից հետո մեր մարզիկները փորձ ձեռք բերելու նպատակով կգործուղվեն տարբեր երկրներ: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, ձիասպորտում բարձր վարկանիշ ունի: «Վրաստանում ձիասպորտը ծանր վիճակում է, ձիարշավարանը սեփականաշնորհվել է, եւ պարզ չէ, թե ինչ է լինելու: Նրանց ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք առաջարկել ենք իրենց լավագույն սպորտսմեններին անվճար գործուղել Հայաստան: Մենք նրանց նաեւ ձիերի կացարան եւ դաշտեր կտրամադրենք, մինչեւ իրենց հարցերը լուծեն»,- ասում է Ն. Ստեփանյանը: Ադրբեջանի ձիասպորտն անմխիթար վիճակում է, որովհետեւ ֆեդերացիան փլուզվել է, սպորտսմենները ցաքուցրիվ են եղել, եւ գործում է ընդամենը 1 ակումբ: Ի դեպ, Ձիասպորտի կենտրոնում շուտով բացվելու է խանութ, որտեղ ձիասպորտի համար անհրաժեշտ համազգեստներ եւ այլ պարագաներ կվաճառվեն: