Թեյ

02/04/2006

Ցանկանալով թեյի եփուկից ստանալ բոլոր օգտակար միացությունները, պետք է հիշել, որ առաջին անգամ եռաջուր ավելացնելիս նրա մեջ է անցնում օգտակար նյութերի մինչեւ 70 տոկոսը, երկրորդ անգամ ավելացնելիս` եւս 22 տոկոսը, իսկ երրորդ անգամ` մնացած 10 տոկոսը։ Այդ նշանակում է, որ երբ թեյնիկի թեյը կիսվում է, կարելի է կրկին ավելացնել նոր եռացրած թարմ ջուր։ Իսկ եթե նորից մի քիչ մնում է, դարձյալ կարող եք քառորդի չափ լցնել։ Իհարկե, թեյի թնդությունն այդ դեպքում նվազում է, բայց համը միանգամայն ընդունելի կլինի։ Միայն չպետք է մոռանալ, որ երկրորդ անգամ եռացրած ջուրը լցնելուց առաջ չի կարելի թեյնիկը նույնիսկ մեկ րոպե լրիվ դատարկել, քանի որ թեյի տերեւներն առանց ջրի օդում մնալիս կորցնում են գույնը դուրս տալու հատկությունը, այդպիսի թեյը ստացվում է անգույն եւ անհամ։

Թեյը կկորցնի իր համն ու օգտակար հատկությունները, եթե եռացնեք կամ պահեք գոլորշու վրա։ Այն պետք է խմել թարմ, բայց ոչ շատ տաք վիճակում։

Թեյի մեջ մուրաբա կամ կաթ ավելացնելիս այն չի կորցնում իր հատկությունները։

Խորհուրդ է տրվում թեյն ապակյա կամ ճենապակյա ամանի մեջ պահել ամուր փակվող կափարիչով, չոր տեղում, համեմունքներից եւ օծանելիքից հեռու։

Թեյը լավ բույր կունենա, եթե տուփում, որտեղ այն պահվում է, դնեք կիտրոնի կամ նարնջի կեղեւ։

Ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում թունդ թեյ խմել, այն պետք է խմել քնելուց առնվազն 1,5-2 ժամ առաջ։

Մասուրը նույնպես օգտագործում են թեյ խմելու համար։ Մասուրի թեյն ունի դուրեկան թթվաշ համ։ 100 գ թարմ կամ 30-50 գ չոր մասուրի վրա լցնել 1 լ եռացրած ջուր, թողնել մի քանի ժամ եւ օգտագործել։ Խորհուրդ չի տրվում եռացնել, որովհետեւ վիտամինները քայքայվում են։