«Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանն են, այլ կոռուպցիան»,- ասում է վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Վերլուծաբանը փաստել է նաեւ, որ Հայաստանն Արցախյան պատերազմից հետո ռազմականացվեց եւ մեկուսացվեց: «Վրաստանը եւ Ուկրաինան ձգտում են դեպի Եվրոպա, Ադրբեջանը՝ դեպի Կենտրոնական Ասիա: Այս պայմաններում Հայաստանը տարածաշրջանում մնում է միայնակ»: Ռ. Կիրակոսյանի տպավորությամբ, «կա 2 Հայաստան՝ Երեւանը եւ Երեւանից դուրս»: Վերլուծաբանի կարծիքով, 2 Հայաստան կա նաեւ այն առումով, որ ՀՀ-ում կան հարստացած մարդիկ եւ աղքատների շերտ: «Այս ներքին տարբերությունը շատ վտանգավոր է»: Նրա վկայությամբ, Հայաստանում չհաստատվեց օրենքի գերիշխանությունը, այլ «զորավորն է թելադրում օրենքը»:
Ըստ ամերիկահայ վերլուծաբանի, «Վաշինգտոնի ոչ պաշտոնական կարծիքն այն է, որ ԱՊՀ որոշ երկրներում դրսի օգնությամբ իրականացված հեղափոխությունները վաղաժամ էին, ճիշտ չէին: Այժմ կարծիքն այն է, որ շարժումը պետք է ներսից լինի եւ ոչ թե օտարի ձեռքով»: Ռ. Կիրակոսյանը գտնում է, որ «Ամերիկայի համար վիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Եվ մինչեւ չգա նոր ընդդիմությունը՝ նոր դեմքով, վիճակն անհույս է»: