Առուն թռեք՝ նոր «հոպ» ասեք

02/04/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ԿԲ նախագահը նշել է, որ այս տարի գնաճային սպասումներ կձեւավորվեն հենց գազի գնի սպասվելիք թանկացման պատճառով: Նրա հավաստմամբ, ԿԲ-ն գազի նոր սակագների հիման վրա հաշվարկներ է իրականացրել, եւ պարզել է, որ դրանք մինչեւ տարվա վերջ սպառողական զամբյուղի վրա կունենան մինչեւ 1% գնաճային ազդեցություն: Այս դիտարկումն անելիս ԿԲ-ն հաշվի է առել գազի գնի փոփոխությունների ազդեցությունը հացամթերքի, ձկնամթերքի, շաքարավազի եւ սպառողական զամբյուղի մեջ ներառված այլ պարենային ու ոչ պարենային ապրանքների գների վրա: Տ. Սարգսյանը հիրավի անուղղելի լավատես է:

Սակայն հիշեցնենք, որ գազը թանկանում է ապրիլի 10-ից, եւ դրանից հետո միայն կարելի է տրամաբանական համարել այլ ապրանքների ու ծառայությունների թանկացումը: Տեղական յուրաքանչյուր արտադրող գազ է սպառում, ուստի վերջինիս գնի բարձրացումը չի կարող շրջանցել արտադրանքի գինը: Կրկնում ենք` միայն ապրիլի 10-ից հետո: Սակայն, վերջին օրերին տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունները «ստվեր են գցում» ԿԲ նախագահի հաշվարկների վրա: Որոշ ապրանքատեսակներ արդեն սկսել են թանկանալ: Ամենացայտուն օրինակը շաքարավազն է: Վերջինիս 1 կգ-ն արժեր 240-250 դրամ, այժմ` 300 դրամ: Իսկ Հայաստանի շաքարավազի ներմուծման առյուծի բաժինը պատկանում է գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդ» հայ-հնդկական համատեղ ընկերությանը: Անտրամաբանական է, որ Հայաստան մտնող գազի սպասվելիք թանկացմանն առաջին հերթին արձագանքում են ներմուծողները, որոնք բնականաբար ավելի քիչ են գազ օգտագործում, քան տեղական արտադրողները: Շաքարավազի զգալի թանկացման առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Ֆլիտֆուդից», սակայն վերջինիս հաշվապահությունից մեզ պատասխանեցին, որ իրենք «ոչինչ չգիտեն»։ Ներմուծվող սննդամթերքից թանկացել է նաեւ մեծ պահանջարկ ունեցող «Calve» մայոնեզը. վերջինիս գինը 250 դրամից դարձել է 300-310 դրամ: Հայկական «Արմաշ» ալյուրի 50 կգ-ի գինը 6400 դրամից բարձրացել է 6900 դրամ: Տեղական արտադրության թռչնամիսը չի թանկանում, սակայն շուկաներում շրջանառվում է անորոշ ծագման հավի սառեցված կրծքամիս, որի 1կգ-ի գինը 1500 դրամից վերջին օրերին դարձել է 1750 դրամ: Ի դեպ, թանկացել է նաեւ տավարի միսը, սակայն վերջինս դժվար թե հնարավոր լինի բացատրել գազի մոտալուտ թանկացմամբ: Հայկական շուկայում հացը, գյուղատնտեսական ապրանքները, ոգելից եւ զովացուցիչ խմիչքները, տնտեսական որոշ ապրանքատեսակներ, շինանյութը եւ նույնիսկ Վրաստանից ներմուծվող ցիտրուսային մրգերը դեռ չեն թանկացել: Ինչ վերաբերում է շինանյութին, ապա այստեղ հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել: Դեռ մոտ 3 ամիս առաջ ցեմենտի գներն աճեցին, ու տարբեր օլիգարխներ տարբեր գնային քաղաքականություն կիրառեցին: Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտի» արտադրանքի 1 պարկի գինը 1600 դրամից դարձավ 2000 դրամ, իսկ Գագիկ Ծառուկյանի «Արարատի ցեմենտի գործարանի» արտադրանքինը` 1700-1800 դրամ: Բնականաբար, թանկացավ նաեւ գաջը` 1200 դրամից դառնալով 1300 դրամ: Պետք է նշել նաեւ, որ տնտեսական առանձին ապրանքատեսակներ (օրինակ, «Tage» ամանի լվացման հեղուկը) սկսել են 10-30 դրամով թանկանալ:

Ապրիլի 10-ից հետո դեռ շատ բան կփոխվի: Գազի թանկացումն առաջին հերթին կանդրադառնա տրանսպորտի թանկացման վրա, ինչը կհանգեցնի ոչ միայն լայնորեն սպառվող ապրանքների, այլեւ ծառայությունների գների բարձրացմանը: Սակայն, ինչպես տեսանք, որոշ տնտեսվարող սուբյեկտներ արդեն սկսել են «դիմավորել» ապրիլի 10-ը: Եթե այս տեմպերով շարունակվի «անտրամաբանական» գնաճն ու դրան գումարվի «տրամաբանականը», ապա Տիգրան Սարգսյանի լավատեսությունը կվերածվի անիրականանալի երազի: