«Հայաստանն է մեղավոր»

02/04/2006

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը երեկ Ազգային անվտանգության նախարարությունում մասնակցել է հոր՝ Հեյդար Ալիեւի արձանի եւ թանգարանի բացման ու նախարարությանը մարտական դրոշի հանձնման արարողությանը, որի ընթացքում հայտարարել է, թե ԼՂՀ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել: «Ադրբեջանը մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից, սակայն, դժբախտաբար, ոչ մի արդյունք դեռ չկա, եւ մենք պետք է որոշակիորեն վերանայենք մեր քաղաքականությունը»,- ասել է Ալիեւը՝ միաժամանակ նշելով, որ խաղաղ բանակցությունների հնարավորությունները դեռ սպառված չեն: Նա ասել է նաեւ, թե Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած բանակցությունները Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով են ձախողվել: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում բանակցությունների ձգձգում եւ իմիտացիա: Հայաստանը պետք է իմանա, որ մենք ցանկացած պահի ի զորու ենք հարցը ռազմական եղանակով լուծել»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, թե պետությունն ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն, ինչն ապագայում էլ կշարունակվի: «Ռազմական ծախսերի ավելացումը երկրի ինքնիշխան իրավունքն է, դա բնական է մի երկրում, որի ինքնիշխանությունը խախտվել է, եւ որը գտնվում է զինված հակամարտության վիճակում»,- հայտարարել է նա: