Վրաստանի արդարադատության նախարար Գեորգի Քավթարաձեն հայտնել է, որ նախօրեին գիշերը Թբիլիսիի թիվ 5 բանտում կալանավորների խռովություն եւ զանգվածային փախուստի փորձ է եղել: Նախարարի խոսքերով` դա կալանավորների` լավ ծրագրված գործողություն էր: «Հաջողության դեպքում կալանավորները նախատեսում էին զանգվածային փախուստ երկրի մյուս բանտերից եւս: Կարգուկանոնը վերականգնվել է 2 ժամում, որի ընթացքում մի քանի կալանավոր զոհվել է: Վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի 2 աշխատակից»,- ասել է Քավթարաձեն: Կալանավորների հարազատների վկայությամբ՝ իրավապահների կողմից զենքի կիրառման արդյունքում զոհվել է 6 եւ վիրավորվել 13 կալանավոր: Խռովությունը ծագել է այն բանից հետո, երբ բանտի աշխատակիցները որոշել են ստուգումներ անցկացնել բանտախցերում՝ արգելված իրերը կալանավորներից առգրավելու նպատակով: