Երեւանի պետական համալսարանում ռեկտորի ընտրությունները զանազան ենթադրությունների տեղիք են տվել: Ինչպես հայտնի է՝ առաջադրված 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չէր հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն, եւ ԵՊՀ-ում ռեկտորի հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսի 15-ին:
Արդեն զանազան լուրեր են շրջանառվում, որ ընտրությունների նման ընթացքը պայմանավորված էր որոշ ուժերի կողմից՝ իրենց նախընտրելի թեկնածուի անհրաժեշտ ձայներ չհավաքելու գործոնով, ուստի համալսարանական խորհրդում որոշ մարդիկ աշխատել են ընտրությունների նման ելքի համար, որպեսզի ժամանակ շահեն եւ հասնեն իրենց նպատակներին: Լուրեր են շրջանառվում, որ եզրափակիչ փուլ դուրս եկած ռեկտորի երկու թեկնածուների՝ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հանդեպ ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք հրաժարվեն հաջորդ ընտրություններին մասնակցելուց: Սակայն եւ Ա.Սիմոնյանը, եւ Գ.Ղազինյանը երեկ մեզ հետ ունեցած զրույցում միանշանակ հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել ԵՊՀ ռեկտորի թափուր տեղի համար. նրանք երկուսն էլ իրենց պարտավորված են զգում արդարացնել իրենց ընտրազանգվածի վստահությունը: Հիշեցնենք, որ համալսարանում տեղի ունեցած ռեկտորի եռափուլ ընտրության վերջնական արդյունքներն այսպիսին էին՝ Ա.Սիմոնյանի օգտին քվեարկել էին 20, իսկ Գ.Ղազինյանի օգտին` 36 հոգի: Գագիկ Ղազինյանին պակասել է ընդամենը 1 կողմ քվե՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար: Երեկ 2 թեկնածուներն էլ հերքեցին՝ թե իրենց վրա ուղղակի կամ անուղղակի որեւէ ճնշում է եղել։ «Կարող եմ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում, եթե ճնշումներ չեն եղել առաջին փուլում, ինչո՞ւ պետք է հիմա լինեն»,- ասաց Ա.Սիմոնյանը: Ավելին՝ նրա կարծիքով ընտրություններն անցել են միանգամայն արդար եւ թափանցիկ. «Ես չեմ կարծում, թե թեկնածուներից որեւէ մեկը դժգոհելու բան ունի»:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր էր արդյոք, որ խորհրդի անդամները ընտրությունների ընթացքում փորձեին ազդել ընթացքի վրա, պրն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե նկատել եք՝ ես հիմնականում ներսում չեմ մնացել, ես ինձ իրավունք չեմ վերապահել լինել դահլիճում, տեսնել, թե ով ինչ է անում, տարօրինակ կլիներ, եթե ես այնտեղ անընդհատ կանգնած կամ նստած լինեի, ուստի վախենում եմ միանշանակ որեւէ բան ասել, իսկ իմ այնտեղ եղած պահերին ես որեւէ նման բան չեմ նկատել, բացի այդ՝ հաշվիչ հանձնաժողովն ընդհանուր առմամբ ընտրված էր այնպիսի մարդկանցից, որոնք մեծամասամբ հայտնի մարդիկ են համալսարանում եւ նրա սահմաններից դուրս: Չեմ կարծում՝ որեւէ նման բան եղած լինի, եթե փորձեին ինչ-որ բան անել՝ որ օրենքի սահմաններում չէր, խորհրդի անդամները թույլ չէին տա»: Մինչդեռ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հ. Միրզոյանը կարծում է, որ «հանձնաժողովն իր իրավունքները գերազանցել է»: Ըստ պրն Միրզոյանի՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ Գ.Ղազինյանի օգտին քվեարկված մեկ քվեաթերթիկ, որը եւ բախտորոշ էր լինելու ընտրությունների արդյունքների հարցում, անվավեր է ճանաչվել: Հ.Միրզոյանի հավաստմամբ` իր եւ հաշվիչ հանձնաժողովի անդամ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Ժամկոչյանի պնդումները, թե վիճելի քվեաթերթիկի մասին պետք է տեղյակ պահվեն խորհուրդն ու նախագահը, ճնշվել է հանձնաժողովի մեծամասնության կողմից, եւ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել: «Ես վատ եմ զգում ոչ թե այն բանի համար, որ միանշանակ սխալ որոշում է եղել, այլ, որ որոշման մասին գրավոր անմիջապես տեղյակ չեմ պահել խորհրդին, ինչի իրավունքն ունեի, եւ խորհուրդն այդպես էլ չիմացավ, որ վիճելի հարցաթերթիկի հետ կապված նման քննարկում է ծավալվել: Բացի այդ՝ մթնոլորտն այնքան լարված էր, կրքերն այնքան բորբոքված էին, եւ բոլորս այնքան հոգնած էինք, որ ես հույս էլ չունեի, թե իմ առարկությունները կանցնեն: Ես ավելի շատ վատ եմ զգում այն բանի համար, որ հանձնաժողովի մյուս անդամներից եւ ոչ մեկի մտքով չանցավ՝ գուցե այդ պահին իրենք սխա՞լ որոշում են կայացնում, ախր խոսքն ընդամենը մեկ եւ վճռորոշ քվեաթերթիկի մասին էր, եւ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի այն պնդումները, թե հանձնաժողովը միաձայն է անվավեր ճանաչել այդ քվեաթերթիկը, ճիշտ չեն. Պետրոսյանը միակողմանի սուբյեկտիվ բացատրություն է տվել»: Հ. Միրզոյանի հավաստմամբ, Գ.Ղազինյանի օգտին քվեարկված եւս 4 վիճելի քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել ընտրության 2-րդ փուլում:
Գ.Ղազինյանը, սակայն, չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները. «Եթե բողոքարկեմ, պետք է բողոքարկեմ ընդդեմ խորհրդի, եւ վերջիվերջո՝ նաեւ ընդդեմ համալսարանի, որը ես չեմ անի երբեք, դա իմ պատվին արժանի չի լինի: Բացի այդ՝ մեկ վիճելի քվեաթերթիկով ես չէի ուզենա դառնալ ռեկտոր. նույնիսկ եթե այն ժամանակ հարց բարձրանար, եւ այդ քվեաթերթիկը որոշվեր իմ օգտին, ես կհրաժարվեի դրանից, որովհետեւ համալսարանի ռեկտորին ուղղակի վայել չէ սահմանային 37 քվեով ընտրվելը, համալսարանի ռեկտորը պետք է ընտրվի վստահություն ներշնչող մեծամասնության քվեներով»: Նա նաեւ անհիմն է համարում այն ենթադրությունները, թե այստեղ դեր են խաղացել նաեւ իր եւ հանձնաժողովի նախագահ, Իրավաբանական ֆակուլտետի երբեմնի դեկան Ռաֆիկ Պետրոսյանի անձնական վատ հարաբերությունները. «Արտաքինից մեր հարաբերությունները շատ նորմալ են, նա իմ գործընկերն է, հիմա էլ աշխատում է մեր ֆակուլտետում, եւ որպես գործընկերներ` խնդիրներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է անձնականին՝ յուրաքանչյուրը կարող է իր հոգում ինչ-որ բան ունենալ մյուսի դեմ եւ ցույց չտալ, մյուսը կարող է դա զգալ կամ չզգալ: Ես ուղղակի չէի ուզենա, որ դա դրվեր նման որոշումների կամ գործընթացների հիմքում: Չեմ ասի, թե անձնական համակրանքը կամ հակակրանքն ընդհանրապես դեր չեն ունեցել, բայց կարծում եմ, որ ուրիշ գործոններ էլ են դեր խաղացել»: Գ.Ղազինյանը վստահ չէ, թե բախտորոշ 1 քվեն հատկապես ում շահագրգռությամբ է անվավեր ճանաչվել՝ Ռ.Պետրոսյանի՞, թե՞ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, որն, ինչպես հայտնի է, սատարում էր մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանին. «Ինձ հասած տվյալներով, 2-ն էլ շատ ակտիվ են եղել,- ասում է Ղազինյանը,- բայց այդ՝ ընտրությունների 2-րդ փուլից հետո լուրջ գործունեություն էր ծավալվել դահլիճում, եւ դա այնքան ակնհայտ էր, ոչ մեկի համար գաղտնիք չէր՝ ովքեր են, ինչպես են պտտվում, ինչպես են համոզում մարդկանց, ընդ որում՝ իրենց կարգավիճակից շատ ցած իջնելով՝ եւ պատգամավորներ, եւ կրթության փոխնախարարը, զարմանալի էր ուղղակի եւ շատ տհաճ, ես չգիտեմ` ո՞ւմ շահերից էր բխում՝ անպայման այնպես անել, որ ընտրությունները չկայանան։ Ես կհասկանայի եւ ընդունելի կհամարեի, եթե նրանք աշխատեին ինչ-որ մեկի օգտին քվեարկելու համար: Համենայնդեպս, ընտրությունների չկայացման գործընթացում նշված անձինք մեծ դերակատարում ունեցան»: