Այդպես արել են, որովհետեւ երեխաները սովից մեռնում էին, ու ծնողները երեխաներին պաշտպանելու ուղիներ փնտրելով՝ ընկել են ծայրահեղությունների մեջ: Մտածել են, որ գյուղում հող կա, կմշակեն, դրանով գոնե երեխաներին կկերակրեն, սակայն դա էլ փրկություն չի եղել: Ամեն օր «կանաչեղեն» ուտելով երեխաների մոտ խեղումներ են առաջանում: 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է սարսափելի ծանր պայմաններում: Երկաթե փոքրիկ տնակ է, որտեղ չարաճճի շարժում անելիս 7 երեխաները միմյանց են կպնում ու այդ նեղվածքից ընկնում, իրար գլխի են լցվում:
3-ամյա Անիի ոտքերը գնալով դեֆորմացվում են, կորացել են սննդի պակասից, եւ երեխայի տեղաշարժը գնալով անհնար է դառնում: Ոտքերը փաթաթվում են իրար ու աստիճանից իջնելիս գլորվում-ընկնում է: Մխչյանի տեղամասային բժիշկը` երեխային զննելով, ասել է, որ ծնողներն անհապաղ պետք է տանեն Երեւան ստուգման, սակայն Քնարիկը՝ երեխայի մայրը, ասում է, որ փող չունեն Երեւան հասնելու եւ բժշկի դիմելու համար:
Բժիշկն ասել է, որ Անիի ոսկորները թույլ են, կալցիումի պակասից են ծռվում, թեեւ մայրն ասում է, որ նա ծնվել է ուղիղ ոտքերով: Քնարիկը պատմում է, որ, երբ երեխան մի քանի ամսական էր, մշտապես մոր կաթի կարիքն էր զգում, բայց քանի որ մայրը չէր սնվում, հետեւաբար չէր կարող կրծքով կերակրել, դրանից հետո երեխայի ոտքերի շեղումներ ի հայտ եկան: Երեխաներից 6-ն աղջիկ են, 1-ը` տղա. բոլորն անչափահաս են: Փոքրիկները նման են մաուգլիին, նրանց շարժումները վայրենի են: Մեր այցելության ժամանակ նրանք ձեռքից ձեռք էին գցում 3 ամսական իրենց եղբորը, ով քնած էր: Մայրն ասում է. «Ամուսինս հացի փռում ա աշխատում, բախտներս բերել ա, որ 2 հատ հաց ա բերում, բայց էլի չի հերիքում, առնում ենք: Օրվա մեջ 2 անգամ ուտելը ճոխություն ա: Երեխեքս սոված են մնում: Որ տեսնում եմ` էլ ճար չկա, գնում եմ, բանջար եմ հավաքում, խաշում, տալիս եմ, որ առանց հաց ուտեն: Ամուսինս ստանում ա 18.000 դրամ աշխատավարձ, մեկ էլ նպաստ ենք ստանում, էն էլ մինչեւ տալիս են՝ էնքան են տանում-բերում, մինչեւ քթներիցս բերում են»,- ասում է Քնարիկը, ում տան օդը սարսափելի գարշահոտ է, որովհետեւ միեւնույն սենյակում քնում, ճաշ են պատրաստում, լվացք են անում, եթե ստացվի` լողանում են… Երեխաները հագուստ չունեն, նրանցից մի քանիսը` ոտաբոբիկ, ոմանք էլ` պատառոտված շորերով են, որոնք թափելու փոխարեն բարեկամներն ու հարեւանները տալիս են իրենց: Հարցնում եմ՝ «Էս պայմաններում ո՞նց եք 7 երեխա ունեցել: Ասում է՝ «Դե մտածում էինք` Աստծո պարգեւներ են, բայց հետո, որ շատ դժվարացավ կյանքը, հղիանալիս ուզում էի հեռացնել, բայց փող չկար: Ժամանակին չէի կարողանում դադարեցնել հղիությունը: Քանի անգամ գնացել եմ բժշկի, որ հեռացնեմ, բայց բժիշկն ասել ա` ուշ ա արդեն, ասել ա՝ պետք ա արհեստական անենք, բայց դրա համար էլ փող ա ուզել, չեմ կարողացել տամ»: Նրանցից 8-ամյա Մարինան տանն է ծնվել, որովհետեւ ծնողները փող չեն ունեցել հիվանդանոց գնալու համար: «Մենք ենք պորտը կտրել, փաթաթել: Դեռ 2 տարուց ավելի էլ ծննդյան վկայական չէին տալիս, մի կերպ վերցրեցինք»,- պատմում է Քնարիկը: Երեխաներին հարցնում եմ, թե ի՞նչ են երազում, պատասխանում են՝ «Երշիկ, խաղալիք շնիկ, միս, ուտելիք, մեծ տուն, իմ համար մեկ ա, ինչ որ մամաս ուզի՝ ես էլ կուզեմ…»:
9 հոգանոց այս ընտանիքը բնակվում է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ, ում շքեղ տան հարակից ճանապարհները կատարյալ ասֆալտապատված են: Իսկ հարեւան փոքրիկ տնակը հողամասի մեջ է, եւ դպրոց տանող նեղ ճանապարհը ցեխոտ է, որի պատճառով երեխաներին չեն թողնում դասի նստել: Բանն այն է, որ դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը երեխաներին թույլ չի տալիս ցեխոտ ոտքերով դպրոց մտնել: «Առավոտյան երեխաների ոտքերին ցելոֆանե տոպրակներ ենք կապում, բայց դե բնական ա՝ պատռվում ա: Դիմել ենք գյուղապետին, մեծահարուստներին, որ ասֆալտապատեն, բայց ոչ մի արձագանք: Ամեն օր լվանում ենք ցեխոտ հագուստը, կոշիկները, բայց չենք հասցնում: Ձմռանը պատահել ա, որ լվացած շորերը չեն չորացել, խոնավ հագցրել-ուղարկել ենք, կամ ստիպված բացակայել են: Ախր ցեխոտ էլ հասնում են՝ հետ են ուղարկում դպրոցից: Երեխեքին շալակելով մեկ-մեկ փողոցով տանում-անցկացնում ենք, որ ոտքները չցեխոտվի»: Քնարիկի հարեւաններն, ովքեր նույնպես այդ փողոցում են ապրում, վրդովված պատմում են, որ դպրոցում իրենց երեխաներին ցեխոտ ոտքերով տեսնելուն պես` ձեռքները փալաս են տալիս եւ ստիպում են հատակը մաքրել: Մինչդեռ հավաքարարի համար յուրաքանչյուր աշակերտից ամսական պահանջում են 100 դրամ: Դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը ծնողներին ստիպում է 14.000 դրամ վճարել համազգեստ կարելու համար, տիկին Քնարիկը չգիտի ինչ անել, որովհետեւ իր 4 դպրոցական երեխաները սոված փորով են դպրոց գնում… «Խնդրեցի, եթե հնարավոր է` մի երեխայիս համազգեստի հարցը դպրոցը լուծի, բայց չարեցին: Մյուսների համազգեստի գումարը 4 ամսվա մեջ փակել եմ»,- ասում է տիկին Քնարիկը: Այս ընտանիքի երկաթե տնակը նկուղ ունի, իսկ տիկին Քնարիկը երազում է գոնե մի քիչ գումար հայթայթել, նկուղը սենյակի վերածել, որպեսզի մի քիչ հիգիենիկ պայմաններ ստեղծվեն, այլապես նրանց տունը խոլերայի բուն է: Երեխաները կեղտոտությունից կհիվանդանան…