Եռյակը եւ «4 հրացանակիրները» կալանավորված են

02/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Երեխան, որպես բնության ամենաթանկ պարգեւ` նոր շունչ է հաղորդում յուրաքանչյուր ընտանիքի: Սակայն երբեմն ոմանց համար երեխայի ծնունդն այնքան անցանկալի է, որ ծնողը երեխային կարող է վաճառել, թողնել փողոցում կամ սառնասրտորեն «ազատվել» նոր աշխարհ եկած մանկիկից՝ կիրառելով զանազան մեթոդներ, մինչեւ անգամ սպանություն: Ոչ պակաս սարսափելի են այն ծնողները, որոնց ձեռքում երեխան ուղղակի դառնում է շահութաբեր գործիք: Հաճախ ծնողները երեխային ուղարկում են փողոց, մետրոյի կայարաններ, գետնանցումներ` փող մուրալու, իսկ թե ինչպիսին է դառը ճակատագրի արժանացած երեխայի ապագան՝ սարսափելի է պատկերացնել: Տարվա ցանկացած եղանակին հնամաշ հագուստով, անլվա դեմքերով, անկյունում ծվարած, թախծոտ հայացքով ձեռք է մեկնում անցորդներին եւ փող խնդրում. ոմանք` ցավ ապրելով, ոմանք` ամոթից մանրադրամ են մեկնում, սակայն հաճախ արհամարհվում ու մերժվում, հալածվում են, արժանանում վիրավորանքի: Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման երեխաներն անկախ իրենց կամքից, ատելությամբ են լցվում մարդկանց ու նրանց օրենքների հանդեպ: Ցավալի իրողություն են նաեւ այնպիսի դեպքերը, երբ ծնողը՝ ընտանիքի չափահասը, անչափահասին դրդում է հանցագործության` դարձնելով խաղալիք: Ըստ մեր տեղեկությունների՝ օրերս Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներն օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում Ոստիկանության Մարտունու բաժին կողոպուտի, ավազակային հարձակում, հրկիզում եւ գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ, համադասարանցիներ Ի. եւ Է. Բադալյաններին, Վ. Դավթյանին, ինչպես նաեւ` 7-րդ դասարանի աշակերտ Ա. Հայրապետյանին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անչափահասների հանցավոր այս խումբը 2003-ի դեկտեմբերին մուտք է գործել Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկի տուն, այնտեղից հափշտակել 13 հազար 900 ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, մեկ այլ տան հավաբնից` 25 հավ: 2005-ի հունվարին, նույն գյուղի բնակիչ Ս. Մ.-ի խանութ-կրպակից գողացել են 1 մլն 300 հազար դրամ արժողության կենցաղային եւ տնտեսական ապրանքներ, ապա խանութը հրկիզել են: 2006-ի հունվարին հարմարեցված բանալիների օգնությամբ մուտք են գործել գյուղի բնակիչ Վ. Հ.-ի տուն, այնտեղից հափշտակել 17 հազար ԱՄՆ դոլար, 1000 եվրո, 4000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա եւ արծաթյա զարդեր: Նույն ամսին Ի. եւ Է. Բադալյանները եւ Վ. Դավթյանը դիմակավորված մուտք են գործել Վարդենիկ գյուղի բնակչուհի Անահիտ Շահինյանի տուն, տանտիրուհուց պահանջել գումար, ոսկյա զարդեր, իսկ երբ տանտիրուհին համառել է, որ ինքը պահանջվածները չունի` նրանք պատասխանել են, թե իրենք տեղյակ են, որ տանտիրուհին ՌԴ-ից գումար է ստացել, ապա ծեծի են ենթարկել կնոջը, փայտով հարվածել նրա գլխին, խուզարկել տունը եւ հափշտակել 400 եվրո, 1200 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի: Վերջիններս փետրվար ամսին կատարել են կողոպուտի եւս մեկ փորձ, սակայն տանը ոչինչ չգտնելով` հեռացել են: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վարդենիկ գյուղի բնակիչ Ա. Հակոբյանը, որն ըստ մեր տեղեկությունների` Էրեբունի համայնքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով գտնվում էր ՀՀ Արդարադատության նախարարության թիվ 1 քննչական մեկուսարանում՝ նախնական համաձայնության գալով համագյուղացիներ, 1975-ին ծնված Ա. Աբրոյանի եւ 1973-ին ծնված Դ. Ղումաշյանի հետ, կազմակերպել եւ համապատասխան տեղեկատվություններ է տրամադրել նրանց, վերջիններս էլ իրենց հանցագործ խմբի մեջ են ներգրավել 4 անչափահաս դպրոցականներին` նրանց ոգեւորելով, որ իրենք կդառնան գյուղի «չորս հրացանակիրները», ինչից էլ ոգեւորված անչափահասները կատարել են կողոպուտ, ավազակային հարձակում, հրկիզում եւ գողության 7 դեպք:

Հարուցված քրեական գործի քննությունը վարում է Ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժանմունքը: