Գյումրիում դեռեւս շարունակվում են կիսակառույց ու կիսաքանդ շենքերի ինքնափլուզումները: Հերթականն այս անգամ Գորկու 30 շենքն է, որտեղ փլուզվել է պատի մի հատվածը: Չնայած շենքը մասնագետների կողմից գնահատվել է 4-րդ աստիճանի վթարային, բայց 1800-ականների կառույցում դեռ մի քանի ընտանիքներ շարունակում են ապրել: Երկհարկանի շենքի կիսախարխուլ պատշգամբները, հենասյուներին թեքված տանիքն ու անթիվ ճեղքվածքներ ունեցող պատերն ամեն վայրկյան կարող են փլվել: Շենքն անվտանգ չէ նաեւ անցորդների համար: