Բաթումի օդանավակայանը դարձել է թուրքական

02/04/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մեղադրում է պետական դավաճանության մեջ: Նաթելաշվիլու զայրույթի առիթը Սահակաշվիլու եւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի միջեւ կնքված միջպետական համաձայնագրի այն կետն է, համաձայն որի` թուրքական կողմը հանձն է առնում ամբողջովին վերանորոգել Բաթումի օդանավակայանը եւ այն դարձնել միջազգային մակարդակի օդակայան: Դրա փոխարեն` Թուրքիան հնարավորություն է ստանում օգտագործել այն իր ներքին չվերթների համար:

Խոսելով կնքված պայմանագրի մասին` Սահակաշվիլին բավականին գոհ նշեց, որ երկրում կհայտնվի միջազգային չափանիշներին համապատասխանող եւս մի ժամանակակից օդանավակայան: «Թուրքերը հո իրենց հետ չե՞ն տանելու այն»,- նկատեց երկրի ղեկավարը` հավանաբար փորձելով պաշտպանվել ընդդիմության հավանական դժգոհությունից, որը վերջին ժամանակներս քննադատում է Սահակաշվիլու յուրաքանչյուր քայլը: Բացի այդ, Սահակաշվիլու խոսքերով, շնորհիվ այն բանի, որ Բաթումի օդանավակայանն ընդգրկվելու է թուրքական օդային կայանների ներքին ցանցի մեջ, շոշափելիորեն կնվազի Բաթում-Ստամբուլ, նաեւ այլ թուրքական քաղաքներ ինքնաթիռի տոմսերի արժեքը: Բայց հենց այն հանգամանքը, որ Բաթումի օդանավակայանը հավասարեցվում է թուրքական ներքին օդակայաններին, առաջացրել է լեյբորիստների վրդովմունքը:

«Մենք պահանջում ենք Վրաստանի խորհրդարանից, որի կազմի մեջ, ցավոք, չենք մտնում, ձեռնպահ մնալ այդ պայմանագիրը վավերացնելուց»,- «168 Ժամ»-ին հայտնեց Լեյբորիստական կուսակցության քարտուղար Գեորգի Գուգավան: Նրա խոսքերով` նման գործողությունը նպաստում է, որ ավելի ուժեղանան Անկարայի նկրտումները վրացական հողերի նկատմամբ, որ ժամանակին արտահայտվել են Կարսի պայմանագրում: «Մենք առարկություններ չէինք ունենա, եթե վարձակալության կամ անգամ սեփականության մասին պայմանագիր կնքվեր կոնկրետ որեւէ թուրքական ֆիրմայի հետ, բայց այստեղ խոսքը փաստորեն օդանավակայանը թուրքական պետությանը հանձնելու մասին է, ինչը մենք համարում ենք Վրաստանի տարածքը ուրիշին հանձնել»,- գտնում է Գուգավան: Նրա խոսքերով` հանրությանը հայտնի չեն կնքված համաձայնագրի մանրամասները, իսկ նախագահի կողմից բարձրաձայնված տնտեսական օգուտները վերաբերում են ընդամենը ինքնաթիռի տոմսերի որոշակի իջեցմանը, ինչը չի կարելի ձեռքբերում համարել` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Սակայն հաշվի առնելով Վրաստանի խորհրդարանում ուժերի դասավորությունը` կասկածելի է, որ լեյբորիստների կոչը` ձեռնպահ մնալ պայմանագիրը վավերացնելուց, լսելի կլինի: Նախագահին լուռումունջ ենթարկվող խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես հաճախ է եղել, կօրինականացնի նախագահի ստորագրած պայմանագիրը, իսկ արտախորհրդարանական ուժերի հետ կոալիցիա կազմող ընդդիմությունը հերթական անգամ չի կարողանա դիմակայել օրենսդրական ակտի ընդունմանը եւ, լավագույն դեպքում, մի անգամ եւս, ի նշան բողոքի, ձեռնպահ կմնա քվեարկությանը մասնակցելուց կամ էլ կլքի նիստերի դահլիճը:

«Ցավոք, չկան օրենսդրական լծակներ, որպեսզի նման սցենարը, եթե այն իրագործվի, կարողանանք վիճարկել դատական ատյաններում: Մենք այլ ելք չունենք, քան կազմակերպել բողոքի ակցիաներ, հանրահավաքներ եւն»,-«168 Ժամ»-ին հայտնեց Գեորգի Գուգավան: Նա նաեւ հույս հայտնեց, որ խորհրդարանում ի վերջո կհաղթի առողջ բանականությունը, եւ ժողովրդական ընտրյալները «չեն միանա նախագահի կողմից իրականացված հայրենիքի դավաճանության հրեշավոր ակտին»:

Իսկ տնտեսական հարցերով միջազգային փորձագետները հակված չեն իրավիճակը դրամատիզացնելու, բայց միաժամանակ ընդգծում են, որ նման պայմանագիրը կարիք ունի մանրամասն ուսումնասիրության: «Միայն այդ դեպքում կարելի կլինի ինչ-որ բան ասել, սակայն պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն»,- ասում են նրանք: