Այսպես, ներկայացված են 2006թ. հունվար ամսվա ցուցանիշները՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Այստեղից երեւում է, որ 2006թ. առաջին ամսվա մեր ՀՆԱ-ն նախորդ տարվա առաջին ամսվա համեմատ կազմել է 107,7 տոկոս։ Այսինքն, 1 ամսվա կտրվածքով ունենք 7,7 տոկոսանոց տնտեսական աճ։ Տարվա վերջում երկնիշ թվով աճ ապահովելու համար հաջորդ ամիսներին հարկ կլինի ապահովել 10 տոկոս եւ ավելի ցուցանիշ։ Սա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, հո ամոթով չե՞նք մնալու։
Ավելի մտահոգիչ է արդյունաբերության ցուցանիշը՝ 98,7%։ Սա նշանակում է, որ մեր արդյունաբերությունը գոնե դանդաղ տեմպերով առաջ գնալու փոխարեն` հետ է գնում, ծավալները նվազել են 1,3 տոկոսով։ Դժվար է հավատալ, որ գալիք ամիսներին վիճակն էականորեն կփոխվի։ Եթե հիշում եք, դեռ տարեսկզբին Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Մերուժան Հակոբյանն անդրադարձավ արդյունաբերության խնդիրներին՝ նշելով մի քանի օբյեկտիվ պատճառներ։ Խորհրդականը նաեւ կանխատեսումներ էր արել, որոնք էականորեն տարբերվում էին մեր Կենտրոնական բանկի տեսակետից՝ հավաստելով, թե գազի թանկացումը բացասաբար է անդրադառնալու այս ճյուղի վրա։ Սրան դեռ կանդրադառնանք, այժմ շարունակենք վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը։
Եթե 1 ամսվա կտրվածքով տնտեսությունն աճել է 7,7 տոկոսով, իսկ արդյունաբերությունը կրճատվել է 1,3-ով, ապա, բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞ր ցուցանիշի շնորհիվ է արձանագրվել այս աճը։ Շինարարության ոլորտը, որին հիմնականում պարտական ենք նախորդ տարվա թվով երկնիշ աճի համար, աճել է 4,6 տոկոսով։ Որքան էլ զարմանալի է, 4,1 տոկոսանոց աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության բնագավառում։ Ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ 21,1 տոկոս։
Քանի որ սիրում ենք տարբեր ցուցանիշներով համեմատվել մեր հարեւան երկրների հետ, մանավանդ, երբ այդ համեմատությունը մեր օգտին է, ապա այս անգամ նույնպես ավելորդ չէր լինի նայել մեր շուրջը։ Մասնավորապես, Ադրբեջանի հունվար ամսվա ՀՆԱ-ի ցուցանիշը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 34,6 տոկոս՝ մեր 7,7-ի դիմաց։ Իսկ արդյունաբերությունն աճել է 40,2 տոկոսով՝ մեր «մինուս» 1,3-ի համեմատ։ Վրաստանի մասին ԱՊՀ Վիճակագրական ծառայությունը տվյալներ չի ներկայացրել։ Նշենք, որ վերը նշված կառույցն առանձին ուշադրություն դարձրել է հենց արդյունաբերությանը, քանի որ նորմալ երկրները շեշտը դնում են ոչ թե առեւտրի եւ ծառայությունների, այլ հենց արդյունաբերության վրա։ Այս ցուցանիշով մեզնից ավելի վատթար վիճակում գտնվում են Ուկրաինան (97,1%), Ղրղըզստանը (91,7%) եւ Մոլդովան (83,6%)։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, հունվարի կտրվածքով 15 տոկոսանոց աճ ենք արձանագրել տրանսպորտի եւ կապի ոլորտում։ Այստեղ առաջ է գալիս մի հակասություն։ Ըստ ԱՎԾ-ի, 2006թ. հունվարին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը 2005թ. հունվարի նկատմամբ աճել է 31,7%-ով։ Իսկ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2006թ. հունվարին մեր երկրի տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը կազմում է 2005թ. նույն ժամանակահատվածի 53,1 տոկոսը։ Այսինքն, ունենք ոչ թե 31,7 տոկոսանոց աճ, այլ 46,9 տոկոսանոց ծավալների կրճատում։ Հետաքրքիրն այն է, որ ԱՊՀ վիճակագրական կոմիտեին տվյալները տրամադրում են ԱՊՀ անդամ երկրների ազգային վիճակագրական ծառայությունները, այդ թվում` մեր ԱՎԾ-ն։ Եթե տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ապա նկատենք, որ այդ վրիպակի արդյունքում ռուսական մամուլում լույս է տեսնում բեռնափոխադրումների ծավալի կրճատման առումով առաջատարների ցուցակ, որի առաջին հորիզոնականում Հայաստանի Հանրապետությունն է։
Շարունակելով վիճակագրական տվյալների թեման, անդրադառնանք նաեւ գնաճի ցուցանիշին։ Այսպես, 2006թ. հունվարի սպառողական գների ինդեքսը 2005թ. հունվարի նկատմամբ կազմել է 98,1։ Եթե ավելի հասկանալի լեզվով արտահայտվենք, դա նշանակում է՝ սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների եւ ծառայությունների դիմաց հունվարին մենք վճարել ենք 1,9 տոկոսով քիչ գումար, քան նախորդ տարվա հունվարին։ Մի խոսքով, կյանքն էժանանում է, եկամուտներն` աճում, մենք էլ ապրում ենք երկրային դրախտում։
Իսկ թե գազի թանկացումն ի՞նչ ազդեցություն է ունենալու այս ամենի վրա, դեռ պարզ չէ։ Արդյունաբերության վրա թողած ազդեցության տեսակետից ավելի շատ հակված ենք հավատալ Մերուժան Հակոբյանին, քան ԿԲ-ին։ Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղի գնին, ապա ԿԲ նախագահը չի ժխտում, որ այն կաճի, սակայն համոզված է, որ այդ աճը չի լինի մտահոգիչ չափերի՝ 1 տոկոսի սահմաններում։ Սակայն ավելի հետաքրքիր է այն դիտարկումը, որ կբարձրանան հիմնականում հացամթերքի, մրգեղենի, ձկնամթերքի, շաքարի գները։ Եթե հացամթերքի արտադրության մեջ վառելիքի գործոնն էական դեր է խաղում, ապա ինչո՞ւ է գազի գնի թանկացումն ազդելու Սեւանում ձուկ բռնող նորադուսցու կամ սեփական հողամասում ծիրան աճեցնող գյուղացու որոշած գնի վրա։ Միակ բացատրությունը թերեւս այն է, որ մեծանալու են արտադրանքը շուկա հասցնելու տրանսպորտային ծախսերը, սակայն դա նույն եւ ավելի չափով ազդելու է նաեւ մյուս ապրանքների վրա։ Առավել անհասկանալի է շաքարավազը. ինչո՞ւ այն պետք է թանկանա գազի սակագնի բարձրացման պարագայում, եթե գրեթե ամբողջությամբ ներմուծվում է։
Ի դեպ, ուշագրավ է եւս մեկ հանգամանք. ԿԲ նախագահը մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը, թե ռուսական կողմը խոստացել է գազն ավելի հարմար գնով տրամադրել Հայաստանին։ Այն, որ մի երկրի, այն էլ` Հայաստանի նման, Կենտրոնական բանկի նախագահը հիմնվում է Պաշտպանության նախարարի խոսքերի վրա, վերջինս էլ` ռուսների խոստումների վրա, դրան կարելի է ինչ-որ տեղ նորմալ վերաբերվել: Սակայն եթե ռուսական կողմի խոստումներին այդքան մեծ նշանակություն են տալիս մեր պաշտոնյաները, ինչպե՞ս են բացատրում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը, թե ապրիլի 9-ից պետք է բնակչության սպառած գազի գույքագրում կատարեն՝ նոր սակագնի անցնելու կապակցությամբ։ Մի կողմից` ասում են՝ խուճապի մի մատնվեք, գազն ավելի էժան գնով է մտնելու Հայաստան, մյուս կողմից էլ՝ հենց իրենք են խուճապի մատնում բնակչությանը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ եւ աջակցել «ՀայՌուսգազարդի» աշխատողներին` գույքագրում կատարելու համար։ Իսկ ողջ ընթացքում «դամ պահելու» նման հնչում են բարենպաստ «կանխատեսումներ» եւ ազդեցությունը մեղմելու խոստումներ։ Այս ամենը այլ կերպ, քան «ձեռառնոցի», դժվար է անվանել։