Եվ բացվում է դուռը …

02/04/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հաճախ այդ խորհրդավոր ու վերացական դուռը շատ կոնկրետ ուրվագիծ է ստանում: Այն եկեղեցու դուռ է դառնում: Թվում է, որ եթե վաղ առավոտյան եկեղեցի գնաս ու սեփական ձեռքով բացես եկեղեցու դուռը, հատուկ օրհնության կարժանանաս, եւ քո ցանկությունն արագ եւ առանց միջնորդների կհասնի Աստծուն: «Ամուսինս գործ չէր գտնում, եկեղեցու դուռը բացեց ու հիմա աշխատանք ունի»,- ասաց նման արարողություն կատարած մի կին: Դուռը բացելու սովորությունը բավականին վաղուց գոյություն ունի եւ հասցրել է լուրջ բիզնես դառնալ: Այդ բիզնեսով հիմնականում զբաղվում են կամ եկեղեցիների մոմավաճառները կամ էլ հավաքարարները, քանի որ նրանք են առաջինը եկեղեցի գալիս, եւ նրանց մոտ են գտնվում դռների բանալիները: Նախօրոք պայմանավորվածության համաձայն` մարդիկ ժամը 7-7.45-ին գալիս են եկեղեցի, որտեղ իրենց են հանձնվում բանալիները, եւ մնացածն արդեն միայն դուռ բացողի երեւակայությանն է թողնված: «Մարդկանց մտքով տարբեր բաներ են անցնում, ես չեմ խորանում,- ասում է Երեւանի եկեղեցիներից մեկի բանալիները հանձնող մոմավաճառներից մեկը։ -Բայց, որ գալիս են՝ չեմ մերժում: Կարող է դա նրանց օգնում է, չգիտեմ: Եթե գալիս են, ուրեմն դա նրանց պետք է: Այս երկու շաբաթներում ազատ օր չունեմ, ավելի ուշ արի: Գնի մասին առանձին ենք խոսում, ես կոնկրետ գումար չեմ ասում»: Որոշ եկեղեցիների դուռ բացելը ֆիքսված սակագին ունի, որոշ եկեղեցիներում էլ` տատանվում է 2-3 հազար դրամի սահմաններում: Մի մոմավաճառուհի էլ բարկացած ասաց. «Եկեղեցին շուկա չէ, որ գնի մասին խոսենք: Գինը մարդկանց սրտի կանչն է որոշում»: Ամեն դեպքում վճարել պետք է: Պետք է նաեւ հարմար պահի սպասել, քանի որ, ըստ մոմավաճառների ցուցակի` ցանկացողները շատ են, եւ մեկ օրվա ընթացքում կարելի է հասցնել մեկ կամ էլ, լավագույն դեպքում, երկու անգամ դուռը բացել:

Հույսը սրտում փայփայող մարդիկ` առավոտյան Աստծո տաճարի դուռը բացելով, լավ գիտակցում են, որ շատ խորհրդավոր եւ միաժամանակ` կոնկրետ արարք են գործում. մինչ իրենց հայտնվելը փակ դուռ են բացում: Այսինքն, սեփական ձեռքով են հույս ձեռք բերում: Ընդ որում, եթե զգում են, որ իրենց ցանկությունը երկրի վրա չի շտապում իրականություն դառնալ, նույն արարողությունը մի քանի անգամ են կրկնում: «Դա նորմալ է, կարող է ուշ կատարվել, բայց հուսահատվել պետք չէ, այլ պետք է կրկին փորձել»,- բացատրեց մի մոմավաճառուհի:

Դուռ բացելու արարողությունը կիրառվում է բոլոր եկեղեցիներում, եւ գրեթե բոլոր եկեղեցիների քահանաները գիտեն այդ մասին: Շատերը չեն միջամտում` հասկանալով, որ պետք չէ մարդկանց հուսախաբ անել: Եթե դուռ են բացում, եւ դա նրանց օգնում է, թող բացեն: Նույնիսկ դուռ բացելուց հետո, եթե ցանկություն են ունենում, կարող են գալ քահանայի մոտ եւ օրհնություն ստանալ: Շատ քահանաներ այդ սովորությունը «պառավական» են համարում:

«Դա օրհնության յուրահատուկ ակնկալիք է, ավելի նյութական ձեւով: Մարդիկ ցանկանում են ավելի շոշափելի կերպով զգալ այդ օրհնությունը: Զուտ դուռ են բացում եւ վերջ: Ես գիտեմ, որ դիմողներ շատ կան: Այդ արարողությունը եկեղեցու կանոններին դեմ է: Հաճախ մարդկանց թյուրիմացությունների մեջ են գցում հենց մոմավաճառները: Կարծում եմ, այդ սովորությունը պետք է վերանա: Մենք ավելի հզոր արարողություններ ունենք, բայց մարդիկ աղոթքի ուժին հաճախ չեն հավատում»,- ասաց Ս.Երրորդության եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը, ով համարում է, որ մարդը մշտապես պետք է ցանկանա աղոթական վիճակի մեջ լինել:

Եկեղեցու կանոններին անծանոթ լինելը եւ միանգամյա արարողություն անելու գայթակղությունն է դրդում մարդկանց գնալ եւ եկեղեցու դուռը բացել: Իրական դուռը բացելն ավելի գրավիչ, հեշտ ու նպատակաուղղված է, քան պարզապես աղոթքը: Դուռը հույս է, իսկ բացված դուռը` հասցեագրված ցանկության ապացույց: