Ամերիկան մեծ գավառ է

02/04/2006

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասն ԱՄՆ-ը համարել է գավառական երկիր, որը ցանկանում է Հոլիվուդի օգնությամբ տիրանալ ողջ աշխարհին։ Նա կոչ է արել բոլոր ամերիկյան կինոգործիչներին` ավելի զգույշ լինել այն գաղափարների հետ, որոնք պատրաստվում են իրենց ֆիլմերի հիմքում օգտագործել։ «Այդ գաղափարները չափազանց բարձրաձայն են հնչում։ Մեր ֆիլմերում մեր գաղափարներն են երեւում»,- ասել է նա Սան Ֆրանցիսկոյի «Global Vision Award» մրցանակաբաշխության ժամանակ։ Գրեթե բոլոր երկրները դժգոհում են, որ ամերիկյան կինոն եւ հեռուստատեսությունը «ճնշում» են ազգային մշակույթը։ «Աստղային պատերազմներ» եւ «Ինդիանա Ջոնս» բլոկբաստերների հեղինակն ամերիկյան դպրոցականներին եւ ուսանողներին խորհուրդ է տվել դուրս գալ ԱՄՆ սահմաններից եւ ուսման համար այլ երկրներ մեկնել։ «Ամերիկան գավառական երկիր է, նույնիսկ նախագահ Ջորջ Բուշն է հազվադեպ դուրս գալիս մեր երկրի սահմաններից»,- ասել է նա։