Թեյ

02/04/2006

Թեյն օժտված է շատ օգտակար հատկություններով։ Մեկ բաժակ թեյը հագեցնում է ծարավը, անցկացնում հոգնածությունը, թարմացնում է, առույգացնում։ Թեյը պարունակում է կոֆեին, բեոբրոմին, վիտամիններ, կատեխին, որոնք խթանում են նյութափոխանակությունը, լայնացնում արյունատար անոթները։ Օրական կարելի է խմել 5-6 բաժակ թեյ։

Կանաչ թեյը բարերար ազդեցություն է թողնում սիրտ-անոթային համակարգի, լյարդի գործունեության վրա, ինչպես նաեւ` նպաստում է արյունաստեղծմանը։

Մտավոր եւ ֆիզիկական հոգնածությունը թեթեւացնում է մեկ բաժակ կիտրոնով թեյը։

Վաղուց ի վեր կաթով եւ մեղրով թեյը որպես քրտնաբեր միջոց օգտագործում են մրսածության եւ հարբուխի ժամանակ։

Թարմ, այսինքն` նոր պատրաստված թեյով լվանում են աչքերը, եթե վերջիններիս մեջ ծեղ կամ փոշի է ընկնել։

Սակայն իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ, թեյի չափից ավելի օգտագործումը (հատկապես մուգ թեյի) օրգանիզմի համար վնասակար է։

Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելն ամենից առաջ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների եւ երիկամների համար։ Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի պակաս օգտագործել մուգ թեյ եւ զանազան հանքային ջրեր։

Թեյի պատրաստման ժամանակ մեծ նշանակություն ունի թեյի քանակը։

Թեյի սեւ սորտերից թուրմի թեյնիկի համար պետք է վերցնել միջին հաշվով 1-1,5 թեյի գդալ թեյ։ Այդ դեպքում թեյը կստացվի բուրավետ, համեղ եւ թափանցիկ… Պարտադիր չէ, որ թունդ թեյի եփուկի գույնը մուգ լինի։ Բուրավետ, համեղ, թափանցիկ թեյը ստացվում է թուրմը բռնելուց 10-12 րոպե հետո։

Կանաչ թեյը պատրաստվում է նույն ձեւով, ինչպես սեւը։

Թեյը համեղ, բուրավետ եւ օգտակար կլինի միայն ճիշտ պատրաստելու դեպքում։ Ջուրը երկար եռացնել չի կարելի։ Թեյամանը, որ պետք է լինի հախճապակյա կամ ճենապակյա (ոչ մի դեպքում մետաղյա), ողողել տաք ջրով, մեջը լցնել թեյ եւ կիսով չափ եռացրած ջուր, ծածկել անձեռոցիկով եւ թողնել 5 րոպե։ Հետո նորից ջուր ավելացնել եւ պահել եւս 5-7 րոպե։

Թեյի գույնը թունդ կլինի, եթե չոր թեյի հետ միասին գույնի թեյնիկի մեջ գցեք մի կտոր շաքար։

Եթե թեյի երեսին փրփուր է առաջանում, ուրեմն թեյը ճիշտ է պատրաստված։ Փրփուրը հեռացնել պետք չէ, կարելի է ուղղակի խառնել։

Թեյի որակը կախված է նաեւ ջրից։ Օրինակ, հանքային աղերով հարուստ չոր, շատ քլոր պարունակող ջրով թեյը համեղ չի ստացվում։ Որքան ջուրը մաքուր է եւ փափուկ, այնքան թեյը համեղ է։

Թեյի համար ջուրը նախընտրելի է եփել թույլ կրակի վրա։

Եթե ուզում եք համեղ ու բուժիչ թեյ խմել, այն պատրաստեք այնքան, որքան անհրաժեշտ է միանգամից խմելու համար։ Ճիշտ է, թուրմի հետ մեկ օրում ոչինչ չի պատահի, սակայն այդ թեյը չի առույգացնի, ուժերը չի վերականգնի։

Նպատակահարմար է տանն ունենալ տարբեր չափերի մի քանի թեյնիկ` մեկ, երեք, հինգ գավաթի համար։