Ֆուտբոլ. Չեմպիոնների լիգա

02/04/2006

Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Եվրոպական 8 թիմեր կանցկացնեն առաջին հանդիպումները։ Պորտուգալական «Բենֆիկան» երեկոյան կհյուրընկալի իսպանական «Բարսելոնային», իսկ Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կփորձի առավելության հասնել Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» նկատմամբ։ Մյուս երկու խաղերը՝ «Լիոն»-«Միլան» եւ «Ինտեր»-«Վիլյառեալ», տեղի կունենան վաղը։ Հատկանշական է, որ քառորդ եզրափակիչ դուրս եկած 8 թիմերից 3-ն իտալական են։ Բուքմեյքերների կարծիքով, «Յուվենթուսը», «Ինտերը» եւ «Միլանը» կիսաեզրափակիչ դուրս գալու մեծ հնարավորություններ ունեն։ Իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն, ըստ մասնագետների, ունի «Բարսելոնան»։ Իսպանական թիմի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելը գնահատվել է 2,3 գործակցով։ Մեծ են գնահատվում նաեւ «Յուվենթուսի» հնարավորությունները՝ 4,5։ «Միլանի» հաղթանակը գնահատված է 6,0, իսկ «Լիոնինը»՝ 8,5 գործակցով։ Ամենացածրը «Բենֆիկայի» հաղթելու շանսերն են՝ 30 գործակից։ Սակայն ֆուտբոլն անկանխատեսելի է եւ հենց դրանով էլ գեղեցիկ է։ Իհարկե, դժվար է ենթադրել, որ պորտուգալացիները երկու խաղերի արդյունքում կարող են պայքարից դուրս թողնել «Բարսելոնային», սակայն չմոռանանք, որ հենց նրանք երկու անգամ պարտության մատնեցին 2005թ. Չեմպիոնների լիգայի հաղթող «Լիվերպուլին»։ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը նախկինում մարզում էր հոլանդական «Այաքսը», նշել է, որ այս խաղում ամեն ինչ հնարավոր է։ «Մենք լիովին ի վիճակի ենք անակնկալ մատուցել։ Ոչ մի անիրական բան չկա։ Մենք կմարտնչենք, կլինենք շատ ագրեսիվ։ Ամեն գնով պետք է աշխատենք դուրս գալ այս մրցաշարի կիսաեզրափակիչ»,- հայտարարել է Կումանը։

«Բարսելոնան» այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում։ Թեեւ Իսպանիայի առաջնության վերջին արտագնա խաղում թիմը 2 միավոր կորցրեց՝ 0-0 ավարտելով «Մալագայի» հետ հանդիպումը, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Նշենք, որ այդ խաղին չէր մասնակցել կատալոնացիների առաջատար Ռոնալդինյոն, որին մարզիչն, ամենայն հավանականությամբ, այսօրվա խաղից առաջ հանգստանալու հնարավորություն է տվել։ Ի դեպ, «Բարսելոնային» մի քանի օր հետո եւս մեկ փորձություն է սպասվում։ Ապրիլի 1-ին Իսպանիայի չեմպիոնն ուժերը չափելու է Մադրիդի «Ռեալի» հետ։ Անկախ մարզավիճակից եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից՝ այս երկու թիմերի հանդիպումները միշտ էլ սկզբունքային են եւ մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Առաջին շրջանում կատալոնացիներն արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության էին հասել «Ռեալի» նկատմամբ, սակայն այս անգամ ոչինչ հնարավոր չէ կանխագուշակել։ Առավել եւս, «Ռեալը» վերջին խաղում բավական լավ տպավորություն թողեց՝ 4-0 հաշվով հաղթանակ տանելով «Դեպորտիվոյի» նկատմամբ։ Այս հաղթանակը կարեւոր հոգեբանական գործոն է՝ «Բարսայի» հետ խաղից առաջ։