Հարված՝ նաեւ հայ արտադրողին

02/04/2006

Ըստ «Մեդիամաքսի», Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի արտահանումը ՌԴ, որն ապրիլի 1-ից կարգելի հին ակցիզային դրոշմանիշներով ալկոհոլի ներմուծումը, իսկ հուլիսի 1-ից՝ դրա վաճառքը: Նոր ակցիզային դրոշմանիշներն արդեն տպագրվել են, սակայն տեխնիկական պատճառներով դրանց վրա դեռեւս չեն անցկացվել շտրիխ գաղտնանիշները: ԵԿԳ-ի PR-մենեջեր Զառա Նազարյանի խոսքերով, ստեղծված իրավիճակը չի անդրադառնա այս տարվա համար նախատեսված ընկերության արտահանման ընդհանուր ծավալների վրա, եւ ԵԿԳ-ի ստանձնած բոլոր պարտավորությունները կկատարվեն: «Ավշարի գինու գործարանում» եւ «Վեդի-Ալկոյում» նույնպես նշել են, որ իրենց արտահանման ծավալները դեռ չեն նվազել: Իսկ «ՄԱՊ» գինու եւ կոնյակի գործարանի մարքետինգի գծով փոխտնօրեն Շուշանիկ Կարապետյանը հավաստում է, որ ՌԴ նոր օրենքները բացասաբար են անդրադարձել «ՄԱՊ»-ի արտահանման ծավալների վրա: Կանգնեցվել է կոնյակի 3 խմբաքանակների արտահանումը, որոնք մինչեւ ապրիլի 1-ը չեն հասցնի տեղ հասնել: Կարապետյանը կասկածում է, որ «ՄԱՊ»-ի` արդեն ռուսաստանյան շուկայում գտնվող արտադրանքի ողջ ծավալը կհաջողվի իրացնել մինչեւ հուլիսի 1-ը: Փոխտնօրենը վախենում է, որ ռուսաստանյան սպառողը կարող է նախապատվությունը տալ ալկոհոլային արտադրանքի այլ տեսակներին, ինչի հետեւանքով «ՄԱՊ»-ին դժվար կլինի վերականգնել իր դիրքերը ՌԴ շուկայում: