Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձը: Երեկ «Փակագիծ» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, թե այս տարի լրանում է նաեւ Ազգային միացյալ կուսակցության-Ազգային ինքնորոշում միավորման (ԱՄԿ-ԱԻՄ-ի) ստեղծման 40-ամյակը:
Եվ Հայրիկյանն առաջարկում էր, որպեսզի ԱՄԿ-ԱԻՄ-ի 40-ամյակն էլ նշվի պետական մակարդակով: Հայրիկյանը տեղեկացրեց, թե մի կողմ դնելով կառավարության հետ տարբեր տեսակի տարաձայնությունները, այս հարցի վերաբերյալ բանակցում են կառավարության հետ: «Այդ շրջանակներում անհանգստանում են, որ մյուս կուսակցությունների տարելիցները կառավարական մակարդակով չեն նշել: Բայց Հայաստանում կա՞ որեւէ այլ կուսակցություն, որին բախտ է վիճակվել ազգի համար ռազմավարական կարեւորության անիրականանալի թվացող ծրագրեր մշակել, դրա համար հետապնդումների ենթարկվելով հանդերձ` այն հասանելի դարձնել հանրությանը եւ միասնաբար հասնել նպատակի իրականացմանը,- հարցնում է ԱԻՄ առաջնորդը` հավելելով,- օրինակ, ընդունենք, որ Կոմկուսը հայկական կուսակցություն է: Ո՞րն էր նրա նպատակը` հասնել սոցիալիզմի հաղթանակի: Ո՞ւր է հիմա դա: Դաշնակցության նպատակը` հասնել Արեւմտյան Հայաստանի ինքնավարությանը: Ո՞ւր է: Եվ այդպես` հնչակները, ռամկավարները կամ ուրիշներ»: Նրա խոսքերով` ԱՄԿ-ԱԻՄ-ից են սկիզբ առել Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Հանրապետական կուսակցությունը եւ այլ կուսակցություններ: «Այսպիսով, որոշ կուսակցությունների (եթե ոչ բոլորի) ու կուսակցական գործիչների համար ԱՄԿ-ԱԻՄ-ի 40-ամյակի նշումը պարզապես որդիական հարգանքի տուրք պետք է լինի ծնողի հանդեպ»,- պնդում է Հայրիկյանը: Նա այդ 40-ամյակը կառավարական մակարդակով նշելու նպատակով նույնիսկ մի կողմ է դնում իր տարաձայնությունները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ազատագրական անցյալի առնչությամբ: ԱԻՄ առաջնորդը չի ժխտում, որ գործող վարչապետը ներգրավված է եղել ԱՄԿ գործունեության մեջ, բայց հետո «ինքնակամ մեղայական է գրել Խորհրդային իշխանությանը»: «Ես այդպիսի մարդկանց չեմ մեղադրում, ովքեր զղջում են գրել, քանի որ ճնշումը բավական մեծ էր: Պարզապես ես նրանց ասել եմ, որ նման մարդիկ ԱՄԿ անունից խոսելու իրավունք չունեն»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը: Վերջինիս պնդմամբ` հենց ԱՄԿ-ԱԻՄ-ն էր խորհրդային այլախոհության առանցքը եւ հետագա ազատագրական բոլոր շարժումների մղիչ ուժը: Իրեն հայ անկախական պայքարի առաջնորդ հռչակած Հայրիկյանն այն կարծիքին է, որ անկախության պայքարն այսօր դեռ շարունակվում է, սակայն արդեն` «ռուսական շովինիզմից անկախանալու համար»: Ինչեւէ, բացի ԱՄԿ 40-ամյակը կառավարական մակարդակով նշելու առաջարկից, երեկ ԱԻՄ առաջնորդն անդրադարձավ նաեւ միասնական ուղղագրության խնդրին: Հիշեցնենք, որ Հայրիկյանը` բացի «հայ անկախական պայքարի առաջնորդը լինելուց», նաեւ միասնական ուղղագրության ջատագով է: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին վճռաբեկ դատարանում տեղի է ունենալու իր եւ Լեզվի պետական տեսչության միջեւ դատական գործընթացի վերջին փուլը: Պատճառն այն է, որ Հայրիկյանն առաջարկում է կիրառել միասնական ուղղագրություն, իսկ Լեզվի պետական տեսչությունն ու բազմաթիվ մտավորականներ ընդդիմանում են` պատճառաբանելով, թե այդկերպ մի հարվածով ՀՀ բոլոր քաղաքացիներն անգրագետ կդառնան: Սակայն Հայրիկյանի կարծիքով` այդ ընդդիմությունը բխում է լեզվագիտական անտեղյակությունից: «Նրանք փաստորեն ընդդիմանում են Պարույր Սեւակին: Մի՞թե Սեւակից ավելի լավ գիտեն լեզուն, մի՞թե Սեւակից ավելի լավ գիտնական են»,- հարցնում է Հայրիկյանը: Վերջինս երեկ նշեց, որ միասնական ուղղագրության անցումն այդքան էլ դժվար չէ եւ այն կարելի է շատ արագ սովորել, քանզի անհրաժեշտ է սովորել ընդամենը 21 կանոն, որոնցից չորսը երեկ Հայրիկյանը մեկ րոպեում սովորեցրեց ներկաներին: ԱԻՄ ղեկավարի խոսքերով` կա լեզվագիտություն, եւ կա լեզվական քաղաքականություն, որոնք չպետք է շփոթել, այլ ներդաշնակել: «Վռամշապուհը լեզվաբան չէր, բայց Մեսրոպ Մաշտոցին հանձնարարեց, ասաց` տղա ջան, գնա եւ հայերեն տառեր ստեղծիր»,- ասաց Հայրիկյանը, ում կարծիքով` այսօր էլ նախագահը կարող է երեք տարում դպրոցներում միասնական ուղղագրության անցման մասին հրամանագիր ստորագրել: Հայրիկյանի պնդմամբ` այս հարցում իր ընդդիմախոսները տգետ են: Ի դեպ, նա երեկ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանին նկատի ունենալով` շարունակ ասում էր` Բերիա Միրզոյանը: «Բանը հասել է այնտեղ, որ Բերիա Միրզոյանը հայտարարում է, թե հուսով է, որ դատարանը Լեզվի տեսչությանը չի պարտադրի կատարել օրենքի պահանջը, իսկ դատարանն էլ այդպես էլ վարվում է, որովհետեւ այնտեղ էլ են տգետներ»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը: