Անդրեի «Առանց քո սիրո» երգը, որը նա ներկայացնելու է «Եվրատեսիլ» եվրոպական երգի մրցույթ-փառատոնին, չեն հավանել նաեւ երաժշտական կրթություն ունեցող ԱԺ պատգամավորները: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի երաժշտական կրթությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Անդրեի երգը «թաթար-մոնղոլական մոտիվ է»։ Եվ գտնում է, որ հանուն անկեղծության պետք է հայտարարել, որ այն ոչ թե հայկական երգ է, այլ թաթար-մոնղոլական: Ի տարբերություն Գ. Սահակյանի, որը մանկության տարիներին երաժշտության հետ ինչ-ինչ աղերսներ է ունեցել, Արտաշես Գեղամյանն այնքան էլ չի տիրապետում թաթար-մոնղոլական երաժշտական արվեստին: ԱԺ ճեպազրույցում Ա. Գեղամյանը կարծիք հայտնեց, թե շատ ավելի լավ կլիներ, եթե Անդրեի փոխարեն այդ մրցույթին մասնակցեր Շուշան Պետրոսյանը, որը «մեր երաժշտական արվեստի ակունքների հետ շատ ավելի մեծ աղերսներ ունի»: «Ես ողջունում եմ Գալուստ Սահակյանի հրապարակային քննադատությունն առ այն, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էսթետիկական ճաշակները համընկնում են թաթար-մոնղոլական երգարվեստի հետ»,- նկատեց «ԱՄ» նախագահը: Անդրեի երգը դուր չի եկել նաեւ մի քիչ երաժշտական կրթություն ունեցող դաշնակցական Հրայր Կարապետյանին, որը մխիթարվում է այն «փաստարկներով», թե այսօր Եվրոպայում ավելի մոդա են արեւելյան երանգները: Վիկտոր Դալլաքյանի համար ամենեւին էլ զարմանալի չէ Անդրեի երգի ընտրությունը, քանի որ այն, ըստ Դալլաքյանի, ներկա իշխանությունների ճաշակին հարիր է: Ի դեպ, Անդրեի «Առանց քո սիրո» երգը ԱԺ քաղաքական ուժերից միայն ՕԵԿ-ին էր դուր եկել: Խմբակցության ղեկավար, գյումրեցի Սամվել Բալասանյանին դուր էր եկել թե երգի գործիքավորումը, թե բառերը: Լրագրողների անկեղծ զարմանքին ու թերահավատությանը, թե Ս. Բալասանյանը հասկանո՞ւմ է անգլերեն գոնե մեկ բառ, պատգամավորը պատասխանել է, որ ինքը հասկացել է այն: