Օգնեք երիտասարդներին

02/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին ամիսը բանկային համակարգի եւ հիպոթեքային շուկայի զարգացումների առումով աննախադեպ ակտիվ էր։ Նախ, հանրությունը տեղեկացվեց, որ KfW բանկը պատրաստվում է 6 մլն եվրո տրամադրել ՀՀ բանկային համակարգին՝ հիպոթեքային շուկան զարգացնելու համար։

Դրանից հետո տեղի ունեցավ «Հայաստանի հիպոթեքային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր ժողովը։ Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց ՀՀ Բանկերի միության անդամներին, որտեղ խոսվեց տնտեսության բանկայնացման, տոկոսադրույքների իջեցման եւ այլ կարեւոր հիմնախնդիրների մասին։ Շաբաթվա ընթացքում մեր բանկիրների մեծ մասը տարբեր լրատվամիջոցներով կարծիք հայտնեցին, որ հիպոթեքային շուկայում սպասվում են դրական տեղաշարժեր։ Որոշ բանկեր այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարեցին։ Օրինակ, «Կոնվերս» բանկը հիպոթեքային վարկի ժամկետը հասցրեց 10 տարու։

Անվիճելի փաստ է, որ հայաստանյան բանկերի միջեւ ծավալվել է թեժ մրցակցություն։ Բանն այն է, որ գերմանական բանկի տրամադրած 6 մլն եվրոն տրամադրվելու է այն բանկերին, որոնք կհաղթեն մրցույթում եւ կապացուցեն, որ էական քայլեր են կատարել հիպոթեքային վարկավորման բնագավառում։

Իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել. երկու օր առաջ KfW-ն պայմանագիր ստորագրեց ՀՀ Կենտրոնական բանկի հետ։ Վարկի գումարը կազմում է 7,5 մլն եվրո, որից 1,5 մլն-ը հատկացվել է որպես դրամաշնորհ, մնացածը՝ որպես վարկ։ Մարման ժամկետը կազմում է 40 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը՝ 0,75%։ ԿԲ-ն գումարը տրամադրելու է 6 բանկերի, այն պայմանով, որ նրանք դրանցով հիպոթեքային վարկեր տրամադրեն՝ ոչ պակաս, քան 10 տարի ժամկետով, իսկ տոկոսադրույքը պետք է լինի 10%-ի սահմաններում։ Ապագայում պլանավորվում է եւս մեկ անգամ նույն չափի հատկացում կատարել։ Այսօր Հայաստանում կան բանկեր, որոնք հիպոթեքային վարկեր են տրամադրում 10 տարով, իսկ տոկոսադրույքը տատանվում է 11-17-ի սահմաններում։ Ընդհանուր հիպոթեքային պորտֆելը մեր հանրապետությունում կազմում է մոտ 26,5 մլն դոլար, մինչդեռ հիպոթեքային վարկերի պահանջարկը մոտ 150 մլն դոլար է։ Գերմանական եւ հայկական կողմերը համոզված են, որ մինչեւ 2008թ. հիպոթեքային պորտֆելի ծավալը կկրկնապատկվի։ KfW-ի ներկայացուցիչ Գերհարդ Շտրաուսը լավատեսորեն է տրամադրված։ «Տրամադրված վարկը կօգնի հիպոթեքային վարկը մատչելի դարձնել հասարակության բոլոր շերտերի համար»,- նշել է նա։ Այնուամենայնիվ, դա այնքան էլ իրականությանը մոտ չէ։ Դեռ կան շատ խնդիրներ, որոնց պատճառով այն անհասանելի է մեր բնակչության ճնշող մեծամասնությանը։

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւն այս հարցին նվիրված քննարկում էր կազմակերպել, որը հիմնականում նվիրված էր երիտասարդության հարցերին։ Իրավացիորեն նշվեց, որ այսօր հայ երիտասարդների մեծ մասը խուսափում է ամուսնանալուց` հիմնականում բնակարանային խնդրի պատճառով։ Հիպոթեքային համակարգը չի լուծում այս խնդիրը, քանի որ ուսանողները կամ նոր ավարտած շրջանավարտներն իրենց եկամուտներով չեն համապատասխանում բանկի պահանջներին։

Հիմնական խնդիրը, ելույթ ունեցողների կարծիքով, կանխավճարն է։ Գրեթե բոլոր բանկերը հիպոթեքային վարկ տրամադրելու համար պահանջում են անշարժ գույքի արժեքի նվազագույնը 30%-ի չափով կանխավճար։ Եթե ընդունենք, որ Երեւանում այսօր ամենաէժան բնակարանը 15 հազար դոլար է, ապա երիտասարդը պետք է ունենա 4500 դոլար՝ միանվագ կերպով կանխավճարը մուծելու համար։ Որտեղի՞ց նա պետք է հայթայթի այդ գումարը։ Եթե նրան ծնողները չեն օգնում կամ այլ աղբյուր չունի, ապա պետք է խնայի իր աշխատավարձից։ Իսկ դա իրատեսական չէ։ Անգամ եթե նա նորմալ աշխատանք ունի, ապա նման գումար կուտակելու համար կպահանջվի նվազագույնը մեկուկես տարի։ Մինչդեռ մեկուկես տարում բնակարանների գներն այնպես կաճեն, որ այդ գումարն էլ բավարար չի լինի, քանի որ մեզ մոտ աշխատավարձը շատ ավելի դանդաղ տեմպերով է բարձրանում, քան անշարժ գույքի գները։

Թեեւ բանկային ոլորտի մասնագետները նշում են, որ տների գնաճն արդեն կրում է չափավոր բնույթ, սակայն վիճակագրությունն այլ բան է ցույց տալիս։ Մասնավորապես, ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաղորդագրության, Երեւան քաղաքում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինն աճել է 3,6 տոկոսով, իսկ սեփական տներինը՝ 2,9 տոկոսով։ Սա` միայն հունվար ամսվա ընթացքում։ Եթե աճի այս տեմպերը պահպանվեն, ապա 1,5 տարվա ընթացքում բնակարանների գները կաճեն մոտ 65 տոկոսով։ Այսինքն, վերը նշված օրինակում երիտասարդը ստիպված է լինելու մուծել ոչ թե 4500, այլ 7400 դոլար։ Ի՞նչ անի, էլի աշխատի՞։ Այսպես կարելի է աշխատել ողջ կյանքի ընթացքում եւ ոչնչի չհասնել։

Հնչեցին նաեւ կարծիքներ՝ խնդրի լուծման ուղղությամբ։ Երիտասարդներն առաջարկում են օգտագործել միջազգային փորձը։ Օրինակ, Ուկրաինայում պետբյուջեի հաշվին ստեղծված է հատուկ ֆոնդ, որը երիտասարդ ընտանիքի փոխարեն մուծում է 10,6 տոկոսանոց տոկոսադրույքի 5,7 տոկոսը։ Կան նաեւ այլ եղանակներ։ Թեեւ առաջարկությունների որոշ մասը կրում էր զգացմունքային բնույթ եւ զուրկ էր լուրջ վերլուծական հիմքից, սակայն նախաձեռնությունն արդեն իսկ ողջունելի է։ Ինչպես նշեց մաթեմատիկոս Գ. Տոնոյանը, ինքը չի հավատում, որ պետությունը փող չունի, պարզապես չկա ցանկություն։ Իսկ խնդիրների լուծման համար «երիտասարդները պետք է մի կողմ դնեն կուսակցական պատկանելությունը, միավորվեն եւ պայքարեն իրենց իրավունքների համար»,- համոզված է պրն Տոնոյանը։