Պիատրովսկուն մեղադրում են

02/04/2006

«Day.az»-ն անդրադարձել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու Հայաստան կատարած այցին եւ նշել է, որ հայտնի գիտնականն ու արեւելագետը խեղաթյուրել է պատմությունն ու վիրավորել թուրք ժողովրդին։ «Վերհիշելով իր հայկական գեների մասին, Պիատրովսկին ուրացել է իր գիտնականի կոչումը»,- գրել է ադրբեջանական թերթը։ Բողոքը կապված է Պիատրովսկու Եղեռնի հուշարձան այցելության փաստի եւ նրա խոսքերի հետ։ Պիատրովսկին ասել է. «Ողջ աշխարհը պետք է ընդունի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանության փաստը։ Ողջ աշխարհը պետք է հասկանա հայերի եւ հրեաների ցեղասպանության համակարգը։ 20-րդ դարը ցույց տվեց, որ մարդիկ իրականում մարդիկ չեն, այլ՝ գազաններ»։ Ադրբեջանական պարբերականը հիշեցնում է, որ առաջին գազանները հենց հայերն էին, եւ ոչ մի լուրջ գիտնական չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը։ «Դժվար է պատկերացնել, որ Պիատրովսկին երբեւիցե կարդացել է Ղուրանը»,- ասվում է թերթում։