«Թուրքական լուծը գենետիկորեն չենք հաղթահարել»

02/04/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Այն մտավորականները, ովքեր դեմ են «Եվրատեսիլում» Անդրեի երգի կատարմանը, այդ թվում եւ մշակույթի նախարարը, երգի հետագա ընթացքը կանխելու համար կարող են գնալ Գառնիի հեթանոսական տաճար եւ զոհաբերություններ անել հեթանոս աստվածներին, որ երգն արգելվի: Ավելի՛ն անել նրանք չեն կարող»,- վստահ է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Հետաքրքիր է, որ օրերս նրան է զանգահարել մշակույթի նախարարն ու ներողություն խնդրել մամուլում ներկայացված իր կարծիքի համար, թե «Եվրատեսիլին» ներկայացվելիք երգը չի հավանել: Բանն այն է, որ մշակույթի՝ ինչո՞ւ ոչ՝ հարգարժա՛ն նախարարն այդ կարծիքը հայտնելիս մոռացել էր, որ երգը չի լսել, այլ միայն դիտել է դրա գովազդային հոլովակը: Արժե նկատել, որ ոչ միայն մշակույթի նախարարը, այլեւ մեր հայտնի արվեստագետներն Արմեն Մարտիրոսյանի գրած եւ Արա Թորոսյանի գործիքավորած այս երգի մասին ունեն առնվազն երկու՝ ընդ որում, խիստ իրարամերժ կարծիք: Մեկը` միմյանց կամ լրագրողների հետ զրույցների համար, մյուսը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի նուրբ լսելիքի:

Ա՛յ-ա՛յ-ա՛յ

Մինչ այս հոդվածը գրելը՝ նախատեսել էինք նույն օրը, նույն ժամին խմբագրության սրահ հրավիրել երգի հեղինակին, գործիքավորողին, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին եւ արվեստաբանության դոկտոր Աննա Արեւշատյանին՝ վերջապես տալու երգի «ազգային լադի» հետ կապված եւ մասնագիտական կարծիք ենթադրող մի շարք հարցերի պատասխաններ: Ավելորդ է ասել, որ հանդիպումը չկայացավ. Արմեն Մարտիրոսյանն ու Արա Թորոսյանը չցանկացան մասնակցել, քանի որ չունեին Ալեքսան Հարությունյանի համաձայնությունը: Ա. Հարությունյանն, ի դեպ, նախապես գիտեր, որ հանդիպմանը չի գալու նաեւ Ռոբերտ Ամիրխանյանը: Ռոբերտ Ամիրխանյանն էլ, իր հերթին, նախապես գիտեր, որ հանդիպմանը չի ներկայանալու Արմեն Մարտիրոսյանը (նա դա ասաց մեր հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում կոմպոզիտորը երգի եւ երգչի ընտրության մասին խիստ բացասական կարծիք հայտնեց՝ նշելով, որ հանդիպմանն իր մասնակցությունը կնշանակի թնդանոթով ճնճղուկ սպանել): «Սակայն անգամ Ռոստրոպովիչը չի զլանում հանդիպել իրենից մի քանի աստիճան ցածր երաժիշտների հետ՝ հավասարի պես բանավիճելով եւ իր ճշմարտությունն ապացուցելով»,- փորձեցինք առարկել կոմպոզիտորին եւ նրան, այնուամենայնիվ, հակել՝ գալ բանավեճի: «Ձեր տոնն ինձ դուր չի գալիս, եւ զրույցը շարունակել չեմ ցանկանում: Տու-տու-տու… (կախեց լսափողը.-Լ.Ա.)»: Մարտին Վարդազարյանը, լսելով բանավեճին մասնակցելու մեր հրավերը եւ հավանաբար կարծելով, որ այն տեղի է ունենալու խորովածի սեղանի շուրջ եւ Արամ Ասատրյանի երգերի ներքո, կարճ կապեց. «Էդ երգի հետ կապված խրախճանքն արեք առանց ինձ: Ես որ գամ, ամեն բան կփչացնեմ»: Արվեստաբան Աննա Արեւշատյանը չեկավ, քանի որ հանդիպման նախօրյակին երգը լսելուց հետո «պարզապես զարհուրել էր» եւ նպատակահարմար չէր գտել իր մասնակցությունը: Տխուրն այն է, որ թե՛ Ռոբերտ Ամիրխանյանը, թե՛ Մարտին Վարդազարյանը Ալեքսան Հարությունյանի մոտ չեն կարողացել թաքցնել իրենց հիացմունքն ու գովասանքի խոսքեր են շռայլել նույն երգի մասին: Սա մեզ ասաց ինքը՝ պարոն Հարությունյանը: Սա իմանալուց հետո մենք նրանից չթաքցրեցինք, որ մեզ հետ զրույցի ժամանակ վերոնշյալ կոմպոզիտորները երգի մասին խիստ բացասական կարծիք են հնչեցրել: «Մարտին Վարդազարյանի կարծիքը հետաքրքիր է, սակայն այն մրցույթները, որոնց ինքն էր մասնակցում, վաղուց արդեն չկան. Խորհրդային Միությունը փլուզվել է: Սա «Սոպոտը» չէ, «Եվրատեսիլն» է: Ռոբերտ Ամիրխանյանը երգի մասին ինձ դրական կարծիք է հայտնել, եւ ես չգիտեմ՝ ինձ հե՞տ է ավելի անկեղծ եղել, թե՞ ձեզ հետ: Ցավում եմ, որ Ռոբերտ Ամիրխանյա՛նը չի գրել այն երգը, որն ուղարկվել է «Եվրատեսիլին»: Գուցե՛ քննարկվեր տարբերակը՝ մրցույթին ուղարկել «Երազ իմ երկիրը» կամ «Հայի աչերը», սակայն, ցավոք, դա չէր կարող քննարկվել, քանի որ մրցույթի կանոնները պահանջում են, որ մասնակից երգը գրված լինի անցած տարվա հոկտեմբերից ոչ շուտ եւ երբեւէ հնչած չլինի»: Եվ քանի որ, ինչպես հասկացանք, Ալեքսան Հարությունյանն այս նախագծի մասին ազատորեն խոսող ինֆորմացիայի միակ աղբյուրն է, դիմեցինք նրան:

Էտու պեսնյու նե զադուշիշ, նե ուբյոշ

«Ես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն եմ եւ իրավունք ունեի` առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու, «Եվրատեսիլին» ուղարկել, ասենք, «Արեւիկ» մանկապատանեկան խմբից մի 12 տարեկան աղջկա: Դա իմ իրավունքն է: Սխալ եմ, ճիշտ եմ, պատասխանատվությունն էլ է ինձ վրա, ֆինանսական մասն էլ,- մեզ հետ զրույցում ասաց նա: -Սակայն այդպես չեմ վարվել: Քանի որ «Եվրատեսիլը» Եվրոպական հեռարձակողների միության երաժշտական մրցույթն է, հետեւաբար մրցույթին մասնակցող երգի ընտրությունը բացառապես վերապահված է մեր հեռուստաընկերությանը»: Ըստ նրա՝ երգն ընտրելիս՝ լսել են հանրապետության երաժշտական ոլորտի բոլոր հեղինակությունների կարծիքները: Երգի շնորհանդեսին եւս բոլորը ներկա են եղել, «նաեւ ձեր նշած կոմպոզիտորները», եւ որեւէ բացասական կարծիք չեն հնչեցրել: Եվրոպական այն երկրներից, որոնք քվեարկելու են, եւս ոչ մի բացասական կարծիք չկա: «Այսօր արդեն այդ երգի ոչ օրինական երիզներն են վաճառքում, ինչը եւս վկայությունն է, որ երգը սիրված է: Այն սրճարաններում, ուր այցելուների տարիքը 20-ն է (իսկ «Եվրատեսիլում» նրանք են հիմնական քվեարկողները), շատերի բջջայինների վրա կարող եք լսել այդ երգը: Սրանք խոսուն օրինակներ են»,- համոզված է ՀՀՌԸ խորհրդի նախագահը:

Եվ պարոն Սարաջեւը

«Կոնսերվատորիայի շատ դասախոսներ, մասնավորապես՝ Անդրեի դասախոսները, երգի մասին շատ բարձր կարծիքի են: Հատկապես ռեկտորը՝ Սարաջեւը, մի քանի օր առաջ ինձ ասաց, որ երգի շա՛տ ճիշտ ընտրություն է կատարվել»,- շարունակում էր պատմել պարոն Հարությունյանը: Իսկ այն մասնագետները, ովքեր պնդում են, որ երգը հայկական հնչողություն չունի, թող ասեն՝ երգի ո՛ր նոտան կամ նոտաների ո՛ր շարքը հայկական չէ»: Պարոն Հարությունյանի կարծիքով՝ եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա մեր երաժշտական արվեստի մի մասը՝ Սայաթ-Նովայից սկսած մեր ողջ գուսանական արվեստը, հայկական չէ: «Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք մեր այդ հատվածը պատրաստ են տալ ադրբեջանցիներին կամ թուրքերին, ապա նրանք իրենց վրա շատ պատասխանատու բեռ են վերցնում: Հայկական է թե՛ Սայաթ-Նովան, թե՛ Կոմիտասը եւ թե՛ անգամ Մարտին Վարդազարյանը»,- մեր զրույցը եզրափակեց ՀՀՌԸ խորհրդի նախագահը: Ամենեւին կասկածի տակ չդնելով պարոն Հարությունյանի երաժշտագիտական գիտելիքները, այնուամենայնիվ, դիմեցինք Կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության դոկտոր Աննա Արեւշատյանին, որն, ի դեպ, խիստ կասկածանքով խոսեց Անդրեի՝ լավ ուսանող լինելու մասին: Իսկ ինչ վերաբերում է «Եվրատեսիլում» ներկայացվելիք երգին, տիկին Արեւշատյանը նկատեց, որ, այո՛, հայկական երաժշտական ձայնեղանակները կիրառելի են արեւելյան երաժշտական ողջ մշակույթի համար: Սակայն նույն ձայնեղանակով կարելի է այնպիսի մեղեդի ստեղծել, որ այն հնչի որպես թուրքական կամ արաբական: Անդրեի կատարման մեջ, ըստ մասնագետի, կան կլկլոցներ, որոնք ոչ մի կապ չունեն հայկական երաժշտության հետ: «Շատ եմ ցավում, որ Հայաստանն` առաջին անգամ մասնակցելով նման մրցույթի, հանդես չի գալիս ազգային ցայտուն նկարագիր ունեցող կոմպոզիտորի երգով, որպիսին, ասենք, Ռոբերտ Ամիրխանյանն է»: Իսկ արեւելյան կլկլոցների հանդեպ հայերի անթաքույց գենետիկ սերն Աննա Արեւշատյանը բացատրում է նրանով, որ մինչեւ այժմ հայ ժողովուրդը չի կարողացել գենետիկորեն հաղթահարել օսմանյան լուծը: