Կաշվե ձեռնոցները մաքրելու համար ջրածնի գերօքսիդը խառնել անուշադրի սպիրտի, լվացքափոշու, ջրի հետ եւ ստացված խառնուրդով սրբել ձեռնոցները։ Հետո մաքրել լաթով կամ բամբակով։
Ձեռնոցները կարելի է մաքրել նաեւ բեւեկնի եւ բենզինի խառնուրդով (1։2 հարաբերությամբ)։ Մաքրելուց հետո չորացնել ստվերում։
Կաշվե ձեռնոցները պետք է լվանալ սառն օճառաջրով։ Տաք ջրից կաշին սեղմվում է, կոշտանում եւ գունաթափվում։
Ձեռնոցները լավ լվանալուց հետո շրջեք, ողողեք սկզբում սառը ջրով, այնուհետեւ օճառաջրով։ Փաթաթեք խավոտ սրբիչի մեջ, մի թեթեւ քամեք եւ փչեք ձեռնոցների մեջ, որպեսզի ընդունեն իրենց բնական ձեւը։ Չորացրեք ջերմության աղբյուրից հեռու։
Բաց գույնի կաշվե իրերն ու ձեռնոցները մաքրում են փափուկ խոզանակով եւ քացախաջրով (ջուրը եւ քացախը` հավասար քանակությամբ)։ Մաքրած տեղերը պետք է չորացնել մաքուր լաթով եւ վրան քսել մի քանի կաթիլ բեւեկնայուղով հարած ձվի սպիտակուց, որից հետո սրբել բրդյա չոր լաթով։
Թավշակաշվե ձեռնոցները մաքրելու համար 10 տոկոսանոց անուշադրի սպիրտը պետք է խառնել ջրի մեջ, բամբակը թրջել եւ սրբել։ Այնուհետեւ սրբել մաքուր ջրով կամ ոչ մեծ քանակությամբ քացախաջրով (1 լ ջրին` 1 թեյի գդալ քացախ)։
Կարելի է մաքրել կաթի եւ սոդայի խառնուրդով (1 բաժակ կաթին` 1 թեյի գդալ սոդա)։
Եթե նոր կաշվե ձեռնոցները նեղ են, դրանք փաթաթեք թաց լաթի մեջ, 2-3 ժամ հետո հագեք եւ թողեք, որ ձեռքերի վրա չորանան։
Ձեռնոցի ճիշտ չափսը որոշելու համար պետք է չափել աջ ձեռքի դաստակի ամենալայն մասը եւ ստացված թիվը կլորացնել։